ՀՀ առողջապահության նախարարություն

Գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ Նախարարության ենթակայության տակ են գտնվում Առողջապահության ազգային ինստիտուտը, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Հանրապետական գիտաբժշկական գրադարանը, Ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, Առաջնային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, այլ կազմակերպություններ։

ՀՀ առողջապահության նախարարն է Անահիտ Ավանեսյան, տեղակալներն են՝ Լենա Նանուշյանը, Գեւորգ Սիմոնյանը, Արտյոմ Սմբատյանը։

Առողջապահության նախարարությունը շարունակում է COVID-19-ի դեմ պայքարի կարողությունների հզորացումը

Առողջապահության նախարարությունը շարունակում է COVID-19-ի դեմ պայքարի կարողությունների հզորացումը

Անկախ բոլոր հանգամանքներից, կարևորելով մեր բոլոր քաղաքացիների առողջությունը, առողջապահության նախարարությունը շարունակում է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի մեր երկրի կարողությունների հզորացումը՝ տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում: Վաղն արդեն Երևան կժամանի այս տարվա մեջ վերջին բեռնատար ինքնաթիռը, որը Չինաստանից կտեղափոխի 4 մեծ թթվածնի արտադրության կայան բժշկական կենտրոնների համար, 94 անհատական թթվածնային կոնցենտրատոր, 100000 կովիդի ախտորոշման թեստ, 200000 նմուշառման ձողիկեր, ինչպես նաև դիմակ և արտահագուստ։ Հիշեցնեմ, որ ի թիվս այլոց, միայն այս տարի երկրի բժշկական կենտրոններում արդեն իսկ տեղադրվել են թվով 12 թթվածնի արտադրության կայան, որից 4-ը բեռնատար ինքնաթիռով Հայաստան էր տեղափոխվել 1 շաբաթ առաջ՝ տեղեկացրել է նախարար Թորոսյանը:  
11:40 - 26 դեկտեմբերի, 2020
Առողջապահության նախարարությունն սկսում է շտապօգնության ծառայությունների կենտրոնացման գործընթաց

Առողջապահության նախարարությունն սկսում է շտապօգնության ծառայությունների կենտրոնացման գործընթաց

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Այրվածքաբանության ազգային կենտրոն, որտեղ տեղակայված են շտապօգնության վերջերս ձեռք բերված մեքենաները: Այցի ընթացքում նախարարը ծանոթացել է մեքենաների հագեցվածությանը, կարողություններին:2020 թվականի պետական բյուջեի միջոցներով առողջապահության նախարարությունը ձեռք է բերել թվով 30 Տոյոտա Լանդ Կրուիզեր և 10 Ֆորդ Տրանզիտ մակնիշի շտապօգնության մեքենա: Եվս 15 Նիսան շտապօգնության մեքենաներ նվիրաբերվել են Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից:Բացի այդ, նվիրատվությամբ ստացվել է 12 շտապօգնության մեքենա (Նիկոլայ Սարկիսովի կողմից` 5, «Մանթաշով» գործարարների միության կողմից` 5 և «Վեբբ ֆոնտեյն հոլդինգի կողմից` 2):Բարերար Նիկոլայ Սարկիսովի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` նվիրաբերված 5 մեքենաները հատկացվել են Արցախի Հանրապետությանը:Շտապօգնության ծառայությունների կենտրոնացման գործընթացը սկսվելու է կորոնավիրուսային հիվանդություն ունեցող պացիենտներին բժշկական կենտրոններ տեղափոխելով:
10:40 - 26 դեկտեմբերի, 2020
ՀՀ ԱՆ ներկայացուցիչները վրացի գործընկերների հետ քննարկել են COVID-19-ի կանխարգելման վերաբերյալ հարցեր

ՀՀ ԱՆ ներկայացուցիչները վրացի գործընկերների հետ քննարկել են COVID-19-ի կանխարգելման վերաբերյալ հարցեր

Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը և ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները տեսահանդիպում են ունեցել Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գործընկերների հետ: Երկու երկրների մասնագետները ներկայացրել են կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակը, վիճակագրական վերջին տվյալները, կիսվել լավագույն փորձով, ոլորտի նորություններով, խոսել COVID-19-ի կանխարգելիչ միջոցառումների, կատարված հետազոտությունների և բուժման գործընթացի վերաբերյալ: Լենա Նանուշյանը ողջունել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում նման առցանց հանդիպումներ կազմակերպելու անհրաժեշտությունը՝ ընդգծելով երկու երկրների միջև համագործակցության կարևորությունը: «Ուրախ եմ կրկին հանդիպելու. վերջին շրջանում բազմաթիվ իրադարձություններ են տեղի ունեցել թե՛ ամբողջ աշխարհում և թե՛ մեր երկրներում՝ կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված: Վստահ եմ, որ մեր մասնագետների ձեռք բերած փորձը, համատեղ աշխատանքը հնարավորություն կտան հաղթահարելու համավարակը»,- ասել է Լենա Նանուշյանը: Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու նման հանդիպումները:
20:06 - 25 դեկտեմբերի, 2020
Մասնագետը ներկայացրել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի գներն ու ՀՀ ներմուծման ժամկետը

 |armenpress.am|

Մասնագետը ներկայացրել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի գներն ու ՀՀ ներմուծման ժամկետը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ առողջապահության նախարարությունը բանակցություններ է վարում առնվազն հունվարի վերջին COVID-19-ի դեմ դեռևս քիչ քանակով ռուսական կամ ամերիկյան պատվաստանյութ ունենալու ուղղությամբ: Այս մասին «Պատվաստանյութ COVID-19-ի դեմ. երբ և որ երկրից կհասնի Հայաստան» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյան: «ՀՀ առողջապահության նախարարությունը բանակցությունները սկսել է դեռ հուլիս ամսվանից: Ինչպես առանձին արտադրողների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների հետ ենք բանակցություններ վարում: Այդ ժամանակահատվածում  նախաձեռնություն ստեղծվեց` «COVAX Facility»-ն, և երկրներն աստիճանաբար ներգրավվում են այդ նախաձեռնությունում: Միասնական ջանքերով պատվաստանյութերի ձեռքբերումը հնարավորություն կտար երկրներին ինչպես հասանելիությունն ապահովել, այնպես էլ մատչելիությունը: Խոսքը մեծ դեղաչափերի մասին է»,- նշեց Սահակյանը և հավելեց, որ ռուսական «Sputnik-V» պատվաստանյութի համար են տարվում բանակցությունները: Նրա խոսքով` ռուսական կողմը երկրներին ստանդարտ շուկայական գին է առաջարկում, չկա որևէ տարբերություն: Առաջարկվում է 2 դեղաչափ, այսինքն` 1 մարդու հաշվարկով մոտ 20 ԱՄՆ դոլար: «COVAX Facility»-ն մեկ դեղաչափի գինը նախնական սահմանել է 10.5 ԱՄՆ դոլար: Սակայն արդեն կարող ենք տեսնել, որ կարող ենք նույնիսկ ցածր գնով ձեռք բերել` մինչև 6 ԱՄՆ դոլարով: Շուկայում այսօր ամենաթանկ պատվաստանյութը համարվում է Moderna-ինը, սակայն դրա դեպքում դեռ չգիտենք, թե ինչ գին կառաջարկի « COVAX»-ը»,- ասաց Գայանե Սահակյանը:
19:06 - 24 դեկտեմբերի, 2020
ԱՆ-ն կոչ է անում ամանորյա տոները նշել ընտանեկան միջավայրում՝ պայմանավորված կորոնավիրուսի տարածման ռիսկով

ԱՆ-ն կոչ է անում ամանորյա տոները նշել ընտանեկան միջավայրում՝ պայմանավորված կորոնավիրուսի տարածման ռիսկով

Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որով քաղաքացիներին կոչ է արել ամանորյա տոները նշել ընտանեկան միջավայրում, հյուրեր չընդունել՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակի տարածման ռիսկով: ՀՀ առողջապահության նախարարության հայտարարությունը. «Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված, իսկ Մեծ Բրիտանիայի առողջապապահության նախարարությունը հայտարարել է կորոնավիրուսի նոր տիպի մասին, որը տարբերվում է իր բարձր վարակելիությամբ։ Հաշվի առնելով տոնական օրերի ընթացքում շփումները՝ մեծանում է կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը։ Հարկ է նշել նաև, որ, բացի կորոնավիրուսային հիվանդությունից, տարվա այս եղանակին բնորոշ է նաև գրիպի և այլ սուր շնչառական վիրուսների շրջանառությունը, որոնց կլինիկական դրսևորումները և կանխարգելման միջոցառումները գրեթե նույնն են։ Մի շարք երկրներ կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով Ամանորին ընդառաջ գնացել են նոր սահմանափակումներ կիրառելու ուղղությամբ։ Օրինակ, ի թիվս մի շարք միջոցառումների, Գերմանիայում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների ընթացքում կկիրառվեն խիստ սահմանափակումներ՝ կփակվեն առևտրի կենտրոնները, կսահմանափակվի տնային միջոցառումների ժամանակ մասնակիցների քանակը, իսկ ռեստորաններն ու ժամանցի այլ վայրերն արդեն փակ են։ Իսպանիան ևս սահմանափակել է մասնակիցների քանակը միջոցառումների ժամանակ՝ առավելագույնը 6 անձ։ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում 65 տարեկանից բարձր և ռիսկի մյուս խմբերի անձինք կմնան ինքնամեկուսացած մինչև հունվարի 15-ը։ Վրաստանը ևս անցել է խիստ սահմանափակումների. ռեստորաններն ու բարերը կաշխատեն՝ մատուցելով միայն առաքման ծառայություններ, մեծ քաղաքներում չի գործի հանրային տրանսպորտը, չեն աշխատի բաց ու փակ շուկաները և այլն։ Ամանորին ընդառաջ՝ կորոնավիրուսային հիվանդությունից (COVID-19), գրիպից և սուր շնչառական այլ վարակներից, ինչպես նաև դրանց բարդություններից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է. սահմանափակե՛ք շփումները, խուսափե՛ք մարդաշատ վայրեր և զանգվածային միջոցառումներ, այդ թվում՝ ամանորյա հանդեսներ և ներկայացումներ հաճախելուց, ամանորյա տոները նշե՛ք ընտանեկան միջավայրում՝ հյուրեր մի՛ ընդունեք, պարտադիր կրե՛ք դիմակ, պահպանե՛ք սոցիալական հեռավորություն և հետևե՛ք ձեռքերի հիգիենային, եթե տանն ունեք կորոնավիրուսային հիվանդությամբ կասկածելի կամ հաստատված դեպք, նշված անձի հետ շփվելիս պահպանե՛ք առնվազն 1.5 մ հեռավորություն և պարտադիր կրե՛ք դիմակ, մի՛ ընդունեք հյուրեր, հաճախակի լվացե՛ք ձեռքերը կամ անհնարինության դեպքում մշակե՛ք 70%-անոց ալկոհոլի հիմքով ախտահանիչով, սովորեցրե՛ք Ձեր երեխաներին հիգիենայի կանոնները և հետևե՛ք դրանց պահպանմանը, սուր շնչառական հիվանդության ախտանշաններ (ջերմություն, հազ, հարբուխ) ի հայտ գալու դեպքում անմիջապես կապ հաստատե՛ք Ձեր պոլիկլինիկայի բժշկի (թերապևտի, մանկաբույժի կամ ընտանեկան բժշկի) հետ: Մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ, մի՛ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և այլ վիրուսային վարակների բուժման համար, պատվաստվե՛ք սեզոնային գրիպի դեմ: Պահպանե՛ք անվտանգության կանոնները և եղե՛ք առողջ»:
14:00 - 24 դեկտեմբերի, 2020
Ծխախոտային արդյունաբերությունն ակտիվացել է մեր երկրի համար այս ծանր ժամանակաշրջանում․ Արսեն Թորոսյան

Ծխախոտային արդյունաբերությունն ակտիվացել է մեր երկրի համար այս ծանր ժամանակաշրջանում․ Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Չէի ուզենա մեր երկրի համար այս ծանր ժամանակաշրջանում անդրադառնալ այս հարցին, բայց չեմ կարող: Ծխախոտային արդյունաբերությունը, ի դեմս մի շատ հայտնի միջազգային արտադրողի, որ իր ճիրանները փորձում է գցել բոլոր երկրների վրա, կրկին ակտիվացել է Հայաստանում: Ակտիվացել է մեր երկրի համար այս ծանր ժամանակաշրջանում: Հանդգնել է շանտաժի ենթարկել թեկուզ թուլացած, բայց մի ամբողջ պետություն: Իսկ շանտաժի գործիքը նույնն է` արդեն հնացած ձայնապնակը, ըստ որի երկիրը կկործանվի, եթե իրենց կենսական շահերը ոտնահարվեն: Եվ էական էլ չէ, որ հենց իրենց կենսական շահերն են բերում բնակչության առողջության ու դրանով պայմանավորված նաև տնտեսության թուլացմանն ու քայքայմանը: Ամենուր սողոսկող արդյունաբերությունը բոլոր երկրներում գտնում է շանտաժը առաջ տանելու թույլ օղակները, սակայն, այս գործընթացի մեջ անակնկալները նույնպես անպակաս են: Անկախ նրանից, որ քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է, ինձ համար միևնույն է զարմանալի է, երբ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահը կարող է համահեղինակ լինել առողջության քայքայմանը նպաստող օրինագծի: Միևնույն է, գլխումս չի տեղավորվում: Մի՞թե դա հնարավոր չէր անել այլ պատգամավորների ձեռամբ: Թե դա հատուկ է արվում, որպեսզի ընդգծվի արդյունաբերության ամենակարող լինելը, հատկապես այս ծանր ժամանակաշրջանում: Կամ էլ, ես եմ դեռ շատ ռոմանտիկ, երբ կարծում եմ, որ գրված ու չգրված սահմաններ կան տարատեսակ վարքագծերի համար: Ինչևէ, եկել հասել ենք մի հանգրվանի, երբ Ազգային ժողովը պետք է քննարկի «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի մի քանի կարևոր դրույթներ հետաձգելու հարցը: Եվ իմ ունեցած տպավորությամբ այդ քննարկումը ֆորմալ բնույթ է կրելու, քանի որ շանտաժը կարծես աշխատել է: Հակառակ պարագայում հարցը ԱԺ օրակարգ չէր հասնի, քանի որ բազմիցս ապացուցվել է, որ այդ դրույթները շատ կարևոր են ավելի առողջ դեռահասներ ու պատանիներ, և ընդհանրապես ավելի առողջ բնակչություն ունենալու համար: Ապացուցվել է միջազգայնորեն և նաև հենց մեր երկրի համար, որը իր փորձառությամբ շատ չի տաբերվում ծխախոտային արդյունաբերության թակարդը ընկած այլ երկրներից: Մենք չենք զլանա, Ազգային ժողովի մեր գործընկերներին կրկին կներկայացնենք մեր փաստարկներն ու ապացույցները, բայց նաև երբեք չենք մոռանա, թե ով և ինչպես էր փորձում «կրակից շագանակներ հանել» մեր պետության համար այս ծանր ժամանակաշրջանում»:
11:32 - 24 դեկտեմբերի, 2020
Օրենքի նախագիծը զուրկ է որևէ առողջապահական և տնտեսական հիմնավորումից կոչ ենք անում ԱԺ պատգամավորներին լիագումար նիստին դեմ քվեարկել նախագծին․ ԱՆ

Օրենքի նախագիծը զուրկ է որևէ առողջապահական և տնտեսական հիմնավորումից կոչ ենք անում ԱԺ պատգամավորներին լիագումար նիստին դեմ քվեարկել նախագծին․ ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունն ԱԺ պատգանավորներին կոչ է անում դեմ քվեարկել «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի մի շարք կարևոր դրույթներ հետաձգելու մասին օրենքի նախագծին: Այս մասին նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է հետևյալը. «Այսօր Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովում քննարկվել է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի մի շարք կարևոր դրույթներ հետաձգելու մասին օրենքի նախագիծը: Հանձնաժողովի նիստի ժամանակ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը կրկին ներկայացրել է կառավարության տեսակետը, որ օրենքի նշված դրույթների հետաձգումն էլ ավելի կվատթարացնի առկա վատթար վիճակը` շարունակաբար վտանգելով մեր հազարավոր քաղաքացիների առողջությունը և կյանքը: Օրենքի բոլոր դրույթների կիրառումը շատ կարևոր է: Դրանց կիրառման ժամկետները արդեն իսկ հետաձգվել էին հենց հանձնաժողովի առաջարկով օրենքը ընդունելու պահին: Հանձնաժողովի անդամների, ինչպես նաև օրենսդրական նախաձեռնության հեղինակների կողմից այդպես էլ չեն բերվել հիմնավոր փաստարկներ կամ ապացույցներ, թե ինչու պետք է այդ հոդվածների ուժի մեջ մտնելու ժամկետները հետաձգվեն: Տնտեսության վրա թվացյալ դրական ազդեցության մասին կարծիքը, հիմնավորված չէ որևէ հաշվարկով, վիճակագրական տվյալներով կամ միջազգային փորձով: Հակառակը հիմնավորված է բազմաթիվ հետազոտություններով, այդ թվում կատարված հենց մեր երկրի համար: Հաշվի առնելով, որ վերոնշյալ օրենքի նախագիծը զուրկ է որևէ առողջապահական և տնտեսական հիմնավորումից կոչ ենք անում ԱԺ պատգամավորներին լիագումար նիստին դեմ քվեարկել նախագծին»:
19:36 - 23 դեկտեմբերի, 2020