ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Նախարարն է Վահրամ Դումանյանը։ 

Ռեկտորների հետ հանդիպումից հետո շուտով պարզ կլինի՝ կբացվեն համալսարաները, թե ոչ. Արայիկ Հարությունյան
 |tert.am|

Ռեկտորների հետ հանդիպումից հետո շուտով պարզ կլինի՝ կբացվեն համալսարաները, թե ոչ. Արայիկ Հարությունյան |tert.am|

tert.am: Ռեկտորների հետ հանդիպումից հետո շուտով պարզ կլինի՝ կբացվեն համալսարաները, թե ոչ: Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարը նշեց, որ այսօր ռեկտորների հետ հանդիպում է նախատեսված, որի արդյունքում համալսարանների բացվելու մասին փաստաթուղթ կկազմեն, որը պարետատանը կքննարկվի և կհայտարարվի: Հարցին, թե արդյոք նախարարը պատկերացնում է տարբերակ դասերը կազմակերպելու, որպեսզի արդյունքում առողջության հետ կապված խնդիրներ չլինեն, Հարությունյանն արձագանքեց, թե եթե չպատկերացներ, նման նախագծով հանդես չէր գա: «Մենք մեր աշխատանքային ուղեցույցներն ունենք, հիմա լավարկման, դիտողությունների, առաջարկների փուլն է, որպեսզի ըստ դրա փոփոխություններ իրականացնենք»,- ասաց նա և հավելեց, որ սեպտեմբերից դասերն սկսելը հստակ է, սակայն եթե համավարակի տարածման առումով լարվածությունը մեծանա, ապա փոփոխություններ կլինեն, եթե ոչ, ապա դասերը կսկսվեն սեպտեմբերի 15-ից:
18:40 - 13 օգոստոսի, 2020
Քննարկվում է հանրակրթական ուսումնական հաստատություններում երկարօրյա ուսուցման նախագիծը

Քննարկվում է հանրակրթական ուսումնական հաստատություններում երկարօրյա ուսուցման նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է․  «Հանրային քննարկման ենք ներկայացրել հանրակրթական ուսումնական հաստատություններում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգի նախագիծը, որի շրջանակներում նախատեսում ենք․ 1) տնային պայմաններում սովորողի կրթական աջակցության անհնարինության դեպքում` հաստատության ուսումնանյութական բազայի հիման վրա այդ գործընթացների կազմակերպում, այդ թվում՝ այլ հանրակրթական ուսումնական հաստատություններ հաճախող սովորողների համար, 2) արտադասարանական աշխատանքներին սովորողների ակտիվ մասնակցության ապահովման միջոցով սովորողի ստեղծագործական ընդունակությունների զարգացմանն անհրաժեշտ պայմանների ստեղծում, 3) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների, այդ թվում՝ ցածր առաջադիմությամբ, լրացուցիչ կրթական ծառայություններ մատուցում»:
15:31 - 13 օգոստոսի, 2020
Սեպտեմբերի 15-ից դասերը կվերսկսվեն հանրակրթական դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական հաստատություններում․ ԿԳՄՍ նախարար

Սեպտեմբերի 15-ից դասերը կվերսկսվեն հանրակրթական դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական հաստատություններում․ ԿԳՄՍ նախարար

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր պարետատան նիստի ժամանակ որոշում է կայացվել սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսել հանրակրթական դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական հաստատություններում, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում՝ առկա ուսուցմամբ և սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմամբ: Բուհերի և մի շարք այլ ուսումնական հաստատությունների մասով որոշումները կկայացվեն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում: Պարետատունը, մեր մյուս գործընկերները և նախարարությունը համատեղ մշակել են բոլոր հարցերի մանրամասն ընթացակարգերը և ուղեցույցները, որոնք կհրապարակվեն և կտարածվեն առաջիկա օրերին: Խնդրում ենք այս հարցում հետևել բացառապես պաշտոնական լրահոսին՝ կառավարության, պարետատան, նախարարության և նախարարի էջերին: Սիրելի ուսուցիչներ, ծնողներ և աշակերտներ, առաջիկա շաբաթներին մենք պետք է միասին ապահովենք ուսումնական տարվա հաջող մեկնարկը և բնականոն ընթացքը՝ հաշվի առնելով համավարակով պայմանավորված սահմանափակումները և բացառելով մեդիասադրանքները»:
17:39 - 10 օգոստոսի, 2020
«Շախմատ» ուսումնական առարկան կդասավանդվի 2-4-րդ դասարաններում՝ շաբաթական երկու ժամով․ ԿԳՄՍՆ

«Շախմատ» ուսումնական առարկան կդասավանդվի 2-4-րդ դասարաններում՝ շաբաթական երկու ժամով․ ԿԳՄՍՆ

«Շախմատ» ուսումնական առարկան կդասավանդվի 2-4-րդ դասարաններում՝ շաբաթական երկու ժամով։ Առարկայի չափորոշիչը կազմվել է գիտական ժամանակակից հետազոտությունների հիման վրա. սահմանվել են չափելի վերջնարդյունքներ: Երկրորդ դասարանում ծրագիրը բեռնաթափվել է. մարտավարական հնարքները և մատ թագուհիով և մատ նավակով թեմաները տեղափոխվել են երրորդ դասարան։ Երկրորդ դասարանի ծրագրում հիմնականում թողնվել են խաղային, մինի խաղային և շախմատային գործնական խաղերի թեմաները։ Ներառվել են մեկքայլանի խնդիրների լուծման մրցույթներ (5 ժամ), մատային դիրքերի ստեղծում (5 ժամ), որտեղ սովորողն ինքն է ստեղծում մատային դիրք` իրեն տրված խաղաքարերով։ Նախատեսվում է, որ կուսուցանվեն խաղը վարելու հիմունքները, որը թույլ կտա սովորողին ավելի հմուտ լինել գործնական խաղերի ժամանակ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ Երրորդ դասարանում պարզեցվել է «Շախմատ» առարկայի ամբողջ ծրագիրը. ներառվել են մարտավարական հնարքներ, ռազմավարական թեմաներ, պրակտիկ դասերի համադրումը իրականացվել է տեսականի հետ փոխներգործուն սերտ կապով։ Թեմաներում ներառվել են նախագծային առաջադրանքներ, որոնք նախկինում չեն եղել: Փոխվել են մեթոդները. առաջադրանքները ոչ թե ուսուցիչը բացատրում է, այլ ուղղորդում է աշակերտներին բացահայտել դրանք։ Շախմատային ռազմավարական դիրքերի ուսուցումն իրականացվում է քննարկումների, բանավեճերի միջոցով, որի նպատակն է զարգացնել սովորողների քննադատական մտածողությունը։ Չորրորդ դասարանի ծրագիրը նախատեսվում է անփոփոխ թողնել, քանի որ բեռնաթափվել էր 2019 թ.-ին։ Այն փոփոխվել է մեթոդապես, մարտավարական հնարքներն իրականացվում են իրավիճակի գնահատման և վերլուծության հիման վրա սովորողին ուսուցչի տված ուղղորդող հարցերի միջոցով։
12:42 - 09 օգոստոսի, 2020
Ուսումնական հաստատությունների վերաբացման վերջնական ծրագիրը կհաստատվի եկող շաբաթ

Ուսումնական հաստատությունների վերաբացման վերջնական ծրագիրը կհաստատվի եկող շաբաթ

Հաշվի առնելով արտակարգ իրավիճակի պայմաններում մոտալուտ ուսումնական տարին՝ Պարետատան օգոստոսի 5-ին անցկացված նիստում քննարկվել են հանրակրթական հաստատություններն ու բուհերը վերաբացելու տարբերակները: «Հաշվի առնելով, որ ուսումնական տարին մոտենում է՝ Պարետատունն առաջնային ուշադրություն է դարձրել հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտներին: Համաճարակային իրավիճակից կախված՝ արդեն իսկ ունենք հանրակրթական օջախներն ու բուհերը վերաբացելու մոդելներ»,- ասել է փոխվարչապետ Տ. Ավինյանը՝ հավելելով, որ վերջնական ծրագիրը հանրությանը կներկայացվի օգոստոսի 10-ից հետո: Տեղեկացնենք նաև, որ Պարետատան հետ քննարկվել է ուսումնական տարին վերսկսելու երեք հիմնական սցենար. ուսումնական տարին սկսել հեռավար ուսուցմամբ, խառը կամ հիբրիդային ուսուցմամբ դասերի վերսկսում հակահամաճարակային կանոնների պահպանմամբ, տարբերակված ուսուցում՝ հաշվի առնելով դպրոցների՝ տարբեր թվով աշակերտներ ունենալու հանգամանքը։ Ըստ այդ տարբերակի, այն դպրոցներում, որտեղ աշակերտների թիվը չի գերազանցում 100-ը, ուսումնական գործընթացը հնարավոր կլինի կազմակերպել հակահամաճարակային կանոնների պահպանմամբ, իսկ ավելի մեծ դպրոցներում կկիրառվի հերթափոխի և որոշ այլ սկզբունքներ։
17:26 - 06 օգոստոսի, 2020
Հանրակրթության չափորոշիչն ունի կարևոր և առանցքային նշանակություն. Փաշինյան |pastinfo.am|

Հանրակրթության չափորոշիչն ունի կարևոր և առանցքային նշանակություն. Փաշինյան |pastinfo.am|

pastinfo.am: Երեկ քննարկել ենք Հանրակրթության պետական չափորոշիչը, որն արդեն շրջանառության մեջ է, այսինքն վարչապետի աշխատակազմում է և առաջիկայում մենք պետք է կառավարության նիստով ընդունենք։ Այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այն նախագիծը, որը շրջանառության է դրված, արտահայտում է մեր ռազմավարական պատկերացումները հանրակրթությունում անհրաժեշտ բարեփոխումների վերաբերյալ և այս ընթացքում կլավարկվի, քանի որ կանցնի ընթացակարգերով, կարծիքների հավաքագրումով և այդ ռազմավարական պատկերացումը պետք է արձանագրենք։ Ինձ մոտ քննարկումներ կունենանք նաև առարկայական չափորոշիչների վերաբերյալ։ Արդեն իսկ պատրաստ ենք առաջին փուլով մեր ռազմավարական պատկերացումներն ամբողջությամբ լայնորեն կիսել հանրության հետ և ի ցույց դնել, որ այդ ռազմավարական պատկերացումները բխում են ՀՀ պետական, ազգային շահերից, ՀՀ քաղաքացիների և յուրաքանչյուր անհատի շահերից։ Սա ուժեղ պետություն ունենալու համար անհրաժեշտ ռազմավարություն է և որևէ բան մեզ չի շեղելու ուժեղ պետություն և Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությամբ սահմանված հայոց պետականության հավիտենության հայեցակարգը հենց այսօրվանից կյանքի կոչելու և հանրակրթության չափորոշիչն այս իմաստով ունի կարևոր և առանցքային նշանակություն»,-ասաց վարչապետը։
12:48 - 06 օգոստոսի, 2020
Սպորտի նախարարության նախկին շենքը հատկացվեց Պետգույքի կառավարման կոմիտեին |armenpress.am|

Սպորտի նախարարության նախկին շենքը հատկացվեց Պետգույքի կառավարման կոմիտեին |armenpress.am|

armenpress.am: Երևան, Աբովյան, 9 հասցեում գտնվող նախկին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանն ամրացված տարածքը սահմանված կարգով հատկացվեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին:  Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված էր կառավարության օգոստոսի 6-ի նիստի օրակարգում՝ չզեկուցվող հարցերի շարքում: Ըստ հիմնավորման, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ ՀՀ կրթության և գիտության, ՀՀ մշակույթի և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների միաձուլման և նոր՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ստեղծման արդյունքում ներկայումս նախարարությունն  իր գործունեությունն իրականացնում է ք. Երևան, Վազգեն Սարգսյան, 3, Կառավարական տուն, 2 հասցեի շենքում և նախկին ՀՀ սպորտի և երտասարդության հարցերի նախարարությանն անրացված ք. Երևան, Կենտրոն, Աբովյան, 9 հասցեի տարածքը նպատակային չի օգտագործվում: «2020թ.  հունվարին ավարտվել է նախկին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության անձնակազմի և նրանց անհրաժեշտ գրասենյակային գույքի տեղափոխման աշխատանքները՝ ք. Երևան, Կենտրոն, Աբովյան, 9 հասցեի վարչական շենքից ք. Երևան, Վազգեն Սարգսյան, 3, Կառավարական տուն, 2 շենք»,- նշված է հիմնավորման մեջ:
12:08 - 06 օգոստոսի, 2020
Ներկայացվող չափորոշիչները մեթոդական և թեմատիկ առումով թերի և անընդունելի են. ԳԱԱ գրականության ինստիտուտ

Ներկայացվող չափորոշիչները մեթոդական և թեմատիկ առումով թերի և անընդունելի են. ԳԱԱ գրականության ինստիտուտ

ՀՀ ԳԱԱ Մ․Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտի կարծիքը հանրակրթության Հայոց լեզվի և գրականության չափորոշչի և ծրագրերի մասին․ «ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտական անձնակազմի ընդհանուր ժողովը, քննարկելով ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացրած Հայոց լեզվի և գրականության չափորոշիչները, խոր մտահոգություն է հայտնում առանցքային թերություններ ունեցող այս ծրագրի վերաբերյալ, մերժում և անընդունելի է համարում այն թե՛ բովանդակային և թե՛ կառուցվածքային ու մեթոդական առումներով: Գրականության ինստիտուտը, հավաստելով իր պատրաստակամությունը անվարձահատույց աջակցելու «Հայ գրականության» չափորոշչի և ծրագրերի ձևավորմանը, նոր դասագրքերի կազմմանը, հայտնում է հետևյալ նկատառումները. Նախագիծը սահմանում է առարկայի անվանումից հանել «հայ» բառը և Հայ գրականությանը հատկացված ժամաքանակի և ծավալի կրճատմամբ դասաժամեր հատկացնել համաշխարհային գրականության առանձին երկերի ուսումնասիրությանը։ Հայկական ինքնությունը նշանակիր է իր լեզվով, պատմությամբ, գրականությամբ, արվեստով, ուղիղ իմաստով՝ իր հոգևոր ստեղծումների պատմությամբ։ «Գրականություն» առարկան միջին դասարանների համար է, բարձր դասարաններում պետք է դասավանդվի «Հայ գրականություն» առարկան ՝ ըստ ժամանակագրության ներառելով հայ հին և միջնադարյան, դասական և ժամանակակից գրականության կարևոր հեղինակներին ու նրանց ստեղծագործությունները։ Նախագծի կարգա-հասկացութային բառապաշարում և չափորոշիչներում չկան Հայրենիք, ազգային ինքնություն, հոգեկերտվածք, ազգային գաղափարախոսություն, արժեհամակարգ և ազգակազմիչ այլ հասկացություններ, որոնց բացակայությունը պարզապես կազմաքանդում է հայ դպրոցն ու սովորողի ազգային նկարագիրը՝ վերածվելով ազգային անվտանգության հիմնախնդրի։ Արտասահմանյան գրականությունը ներկայացնող հեղինակներն ընտրված են անհասկանալի կամայականությամբ, հաճախ՝ սիրողական աղբյուրներից կամ կայքերից կատարված պատճենումով։ Ընտրության այդօրինակ սկզբունքների վերաբերյալ չկա մասնագիտական պատշաճ մեկնաբանություն։ 10-12-րդ դասարանների հայ գրականության դասագրքերից պետք է հանել Արտասահմանյան գրականությանը վերաբերող նյութերը: Ողջունելի կլինի, եթե «Արտասահմանյան գրականություն» առարկային հատկացվի առանձին դասընթաց: Վերականգնել Հայ գրականության դասավանդման ժամանակագրական սկզբունքը՝ մերժելով սեռաժանրային բաժանման մոտեցումը: Գրականության սեռաժանրային բաժանման ընտրված մեթոդը տրոհում է ժամանակագրական շղթան՝ դրվագային ընթերցումների մեջ տարրալուծելով գրականության պատմության ընդհանրական պատկերը, ապա ազգային հիշողությունը, որ անպայմանորեն կապակցված է ժամանակ, տեղ, ինքնության շրջանակ հասկացություններին։ Գրական ամեն երկ քննելի է իր ժամանակի մեջ, պատմական ու սոցիալ-քաղաքական մի միջավայրում, որ ոչ միայն ազգային կենսագրությունն է բնորոշում, այլև նրա տեղն ու դերակատարությունը համաշխարհային պատմության շարժընթացում։ Անկախ նրանից, թե 7-9-րդ դասարանների գրականության դասագրքերում ինչ տեղ կտրվի հայ պատմագրությանը և միջնադարյան տարբեր հեղինակներին, 10-րդ դասարանի դասագիրքը պետք է սկսել նախագրային շրջանով, ապա անցում կատարել 5-րդ դարի հայ պատմագրությանը և շարունակել ըստ ժամանակային ընթացքի: Չկան անհասկանալի կամ դժվարընկալելի հեղինակներ, այդ թվում և Նարեկացին: Կարող են լինել նյութի մատուցման անհաջող եղանակներ: Տրոհումը, ուսուցչի կամքով կամ նախասիրությամբ այս կամ այն երկի ընտրությունը կազմաքանդում են գիտելիքի հիմքը կամ առարկայի միջուկը, որի տիրույթում է ձևավորվում տվյալ առարկայի իմացաբանությունը՝ նախատեսված ազգային դպրոցն ավարտած քաղաքացու համար։ Կամընտրությունը կարող է ստվերում թողնել որոշ հեղինակների և նրանց ստեղծագործությունները: Պարտադիր վերականգնել հայ դասական և սփյուռքահայ գրականության՝ ծրագրից դուրս մնացած հեղինակներին: Կամայականության կամ անհետևողականության արդյունքում զարմանալիորեն կրճատվել է Հայ նոր գրականության ծրագիրը։ Այս շրջանի գրականության դասընթացից դուրս են մնացել մի շարք կարևոր հեղինակներ և ստեղծագործություններ: Լրացուցիչ գրականության ցանկ են տեղափոխվել Գաբրիել Սունդուկյանը, Ռափայել Պատկանյանը, Կոստան Զարյանը և մի շարք այլ հեղինակներ։ Գրեթե բացակայում է Սփյուռքահայ շուրջ մեկդարյա գրականությունը։ Սփյուռքը հիշվում է միայն 11-րդ դասարանում ուսուցանվող Զահրատով: Տարանջատել «Հայոց լեզու» և «Հայ գրականություն» առարկաները։ Դրանք ունեն թե´ առարկայակազմիչ, թե´ մեթոդական առանձին գործիքներ, և գործիքակազմի նույնացումը ստեղծում է միայն անկազմակերպ և խառնաշփոթ վիճակ, միջառարկայական այնպիսի սահմաններ, որոնք բնորոշ չեն առարկաներից յուրաքանչյուրին առանձին –առանձին։ Անկախ նրանից, թե ժամանակակից հայ գրականությունն ինչ հարաբերակցությամբ կներկայացվի ընդհանուր ծրագրում, բացառել այնպիսի ստեղծագործությունների ընդգրկումը, որոնք դուրս կլինեն տարիքային դաստիարակության ու հոգեբանության շրջածիրից և իրենց բացասական կնիքը կարող են թողնել երեխաների մտածողության վրա: Ներկայացվող չափորոշիչները մեթոդական և թեմատիկ առումով թերի և անընդունելի են։ Առաջարկում ենք նախ թեմատիկ ծրագիր մշակել, որում հստակ կներկայացվի հայ գրականության պատմության ընթացքը, հեղինակներից յուրաքանչյուրի կյանքը և ստեղծագործությունները, այնուհետև դրանք դնել համապատասխան մեթոդական և դասավանդման ձևերի մեջ: Անվստահություն հայտնելով գործող հանձնախմբին՝ ԳԱԱ Գրականության ինստիտուտն առաջարկում է «Հայ գրականության» և «Հայոց լեզվի» առարկայական չափորոշիչների ձևավորման համար ստեղծել նոր հանձնաժողովներ՝ ներկայացուցիչներ ընդգրկելով Երևանի պետական և մանկավարժական համալսարանների համապատասխան ամբիոններից, ՀՀ ԳԱԱ գրականության և լեզվի ինստիտուտներից»։
12:01 - 06 օգոստոսի, 2020
Տարկետում կտրվի մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին |tert.am|

Տարկետում կտրվի մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին |tert.am|

tert.am: Այսօր կառավարությունը չզեկուցվող հարցերի շրջանակներում որոշում կկայացվի շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից մինչև 2022 թվականի ամառային զորակոչը տարկետում տալ մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող որոշ քաղաքացիների: Նրանք են՝ Նավասարդ Կամոյի Հակոբյանը, Լևոն Խաչատուրի Գևորգյանը, Միքայել Գևորգի Հարությունյանը, Խաչիկ Արմենակի Անդրեասյանը, Մարտին Խորենի Շահբազյանը, Դավիթ Արսենի Աբրահամյանը, Էդուարդ Մհերի Հրմուշյանը, Սևան Ավետիսի Ղարիբյանը: Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ որոշ քաղաքացիների տարկետում կտրվի շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից մինչև ուսումնառության ավարտը: Այսպիսով, Հովհաննես Գևորգի Կոշեցյանը, Արտյոմ Արթուրի Ղազարյանը, Համլետ Արթուրի Սարգսյանը, Հայկազ Արթուրի Եսայանը, Ռուբեն Մանվելի Մովսիսյանը ուսումնառությունը ավարտելու են 2021 թվականի  հունիսի 30-ին, Վահագն Վաչագանի Խաչատրյանը և Արտուր Սամվելի Դավթյանը ուսումնառությությունը ավարտելու են 2021 թվականի  փետրվարի 26-ին, Կարեն Ռուդիկի Հովհաննիսյանը ուսումնառությունը ավարտելու է 2021 թվականի փետրվարի 28-ին, Սահակ Անդրանիկի Ավագյանը ուսումնառությունը ավարտելու է 2022 թվականի հունիսի 30-ին:
11:28 - 06 օգոստոսի, 2020
Քննարկվել են հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական չափորոշիչների նախագծերով առաջարկվող հիմնական փոփոխությունները

Քննարկվել են հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական չափորոշիչների նախագծերով առաջարկվող հիմնական փոփոխությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական չափորոշիչների նախագծերով առաջարկվող հիմնական փոփոխությունները: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ առաջարկվող արմատական փոփոխություններն ուղղված են նրան, թե ապագայում ինչ քաղաքացի ենք ցանկանում ունենալ: Նրա խոսքով, փոփոխությունները միտված են հանրակրթության ոլորտում կարողությունների զարգացմանը, իսկ նոր չափորոշիչներով դպրոցներում մեծ ուշադրություն է դարձվելու բովանդակությանը: Զեկուցվել է, որ նախագծերով նախատեսվում է իրականացնել ավագ դպրոցի արմատական բարեփոխում, ներդնել մոդուլային ուսուցում, կրեդիտային համակարգ, գյուղական համայնքներում ապահովել կրթության նույն հնարավորությունները, կիրառել ցանցային դպրոցի մոդել, պետական դպրոցների ֆինանսավորումն իրականացնել առավելագույն ժամաքանակով: Նախատեսվում է նաև կազմակերպել հետազոտական աշխատանքներ, ուսուցողական այցեր, ընդլայնել ուսուցիչների գործիքակազմը: Ներդրվելու է նախագծային պարտադիր ուսուցում 7-րդ դասարանից, իսկ մինչև 5-րդ դասարանի 2-րդ կիսամյակը միավորային գնահատում չի իրականացվելու, անբավարար գնահատման շեմը չեղարկվելու է: Փոփոխությունների շրջանակում գնահատվել են նաև այն 8 կարողությունները, որոնք կարող են նկարագրել քաղաքացու տեսլականը դպրոցի ավարտին: Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են հիմնական առարկայական փոփոխությունները, որոնցով պարտադիր առարկաներ են սահմանվել «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն», «Մաթեմատիկա» և «Օտար լեզու» առարկաները: Մշակվել է վերը նշված փոփոխությունների իրականացման ճանապարհային քարտեզը: Նշվել է, որ փոփոխությունները քննարկվել են նաև հանրապետության 1500-ից ավելի ուսուցիչների հետ, որոնք իրենց հերթին ևս հանդես են եկել առաջարկություններով: Միաժամանակ, զեկուցվել է, որ դասագրքերի փոփոխությունների իրականացման ուղղությամբ քննարկումները կմեկնարկեն 2021 թվականին և 2022-ից կներդրվի ամբողջական համակարգ: Վարչապետը կարևորել է հանրակրության որակի բարձրացման ուղղությամբ հետևողական բարեփոխումները և ընդգծել դպրոցներում դասավանդվող օտար լեզուների ընդլայնմանը, աշակերտների կարողությունների զարգացմանը միտված քայլերի իրականացման անհրաժեշտությունը: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է նախագծերը լրամշակել հանրային քննարկման արդյունքում ներկայացված առաջարկությունների հիման վրա:  «Հանրակրթության որակի բարձրացումն այն ամբողջությունն է, ինչը համապատասխանում է մեր տնտեսական, քաղաքական և ռազմավարական պատկերացումներին»,- նշել է վարչապետը՝ կարևորելով նաև հանրակրթության ոլորտում փոփոխությունների իրականացումը մինչ այժմ կառավարության կողմից ընդունված ռազմավարություններին համահունչ: Գործադիրի ղեկավարը հանձնարարել է նաև նախագծերի հետ կապված տանել հանրային իրազեկման լայն աշխատանք:
18:25 - 05 օգոստոսի, 2020
Լիլիթ Մկրտչյանը հերքում է Թուրքիայի կողմից կազմակերպված ծրագրի մասնակցելու լուրերը |armenpress.am|

Լիլիթ Մկրտչյանը հերքում է Թուրքիայի կողմից կազմակերպված ծրագրի մասնակցելու լուրերը |armenpress.am|

armenpress.am: «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն» առարկաների չափորոշիչները կազմող աշխատանքային թիմի ղեկավար, պ.գ.թ., դոցենտ, դասախոս, ուսուցիչ, դասավանդման 18 տարվա աշխատանքային փորձ ունեցող Լիլիթ Մկրտչյանն առցանց ասուլիսի շրջանակում շեշտեց, որ ինքը չի մասնակցել Թուրքիայի կողմից կազմակերպված ծրագրի: Մկրտչյանը մասնակցել է ծրագրի, որին նաև թուրք մասնագետներ են ներգրավված եղել: Այս մասին Մկրտչյանն ասաց օգոստոսի 4-ին կայացած առցանց ասուլիսի շրջանակում՝ անդրադառնալով մի շարք պատմաբանների՝ իրեն ուղղված քննադատությանը: Ըստ մասնագետների՝ Լիլիթ Մկրտչյանը համագործակցում է թուրք պատմաբանների հետ: Ավելի վաղ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը նշել էր, որ Մկրտչյանն իր անուն-ազգանունը, ստորագրությունն է թողել «Պատմության ուսուցումը Թուրքիայի, Հայաստանի դպրոցներում. քննադատություն, այլընտրանքներ» աշխատության տակ, որում Հայկական լեռնաշխարհն Արևելյան Անատոլիա կամ Կովկաս է ներկայացված: Նա մտահոգություն էր հայտնել, որ Լիլիթ Մկրտչյանը, որը այդ աշխատության հեղինակներից մեկն է, այժմ չորս դպրոցական առարկաների փորձագիտական թիմի ղեկավար է: «Եթե ժամանակին գործընկերներս արձագանքեին և նույն ջանասիրությամբ բացթողումները մատնանշեին, գուցե մենք այսօր ավելի օգտակար աշխատություն ունենայինք, և ես դրա համար շնորհակալ կլինեի նրանց»,- առցանց ասուլիսում նշեց Մկրտչյանը:
14:41 - 04 օգոստոսի, 2020
ՀԲԸՄ-ն առաջարկություններ է ներկայացրել հանրակրթության չափորոշիչների մասին

ՀԲԸՄ-ն առաջարկություններ է ներկայացրել հանրակրթության չափորոշիչների մասին

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը հայտարարություն է տարածել` նշելով, որ ուշադրությամբ հետևում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից նախաձեռնված Հայաստանի հանրակրթության համակարգում որակական փոփոխություններ իրականացնելու գործընթացին։  «Մեր ազգային ինքնության, հոգևոր և մշակութային արժեքների ու պատմական ժառանգության վերաբերյալ այս ծրագրային փոփոխություններն իրենց լրջագույն հետևանքները կարող են ունենալ ինչպես հայրենի, նույնպես սփյուռքի հայության համար»,- գրված է հայտարարությունում։ «Չափորոշիչների և ուսումնառության վերջնարդյունքների վերաբերյալ առաջադրված ծրագրային փոփոխությունների շրջանակում նախատեսվում են առարկաների կրճատում ու վերադասավորումներ, որոնք հանրային քննարկումների առարկա են դարձել, արծարծելով նաև տարբեր մտահոգություններ այդ փոփոխությունների համար հիմք ծառայող տրամաբանության, կրթական մոտեցումների ու համաշխարհայնացման դրսևորումներ շուրջ: Այս երևույթն առավել ևս շեշտում է մեր այն համոզումը, որ անհրաժեշտ է առարկաների ընտրության, համապատասխան տարիքային փուլերի ու դասաժամերի բաշխման և ուսուցման միջոցառումների որդեգրման ու  վերապատրաստման աշխատանքները կատարվեն մասնագետների լայն ներգրավվածությամբ և համագործակցությամբ` ավելի երկար ժամանակ հատկացնելով ուսումնասիրության ու քննարկումների համար»:   ՀԲԸՄ-ի ներկայացրած ամբողջական առաջարկությունները՝ այստեղ։ 
12:49 - 04 օգոստոսի, 2020
Կառավարության՝ «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ հանրային քննարկումներ չեն իրականացվել․ ՄԻՊ

Կառավարության՝ «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ հանրային քննարկումներ չեն իրականացվել․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանը հուլիսի 21-ից մինչև հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելությանն առնչվող հարցերով ստացել է թվով 55 անձից կոլեկտիվ և 49 անհատական դիմում-բողոք: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ գրասենյակը։ Պաշտպանի աշխատակազմն իրականացրել է նաև դիմորդների և նրանց ծնողների բողոքների ակցիաների մշտադիտարկում: Պաշտպանը հանդիպում է ունեցել  մի խումբ դիմորդների և նրանց ծնողների հետ, քննարկել նրանց մտահոգությունները: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում տեղի են ունեցել նաև մասնագիտական քննարկումներ, որոնց արդյունքում մի շարք գրություններ են հասցեագրվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: Ուսումնասիրելով բողոքների բովանդակությունը և ՀՀ վերաբերելի օրենսդրությունը, ինչպես նաև առաջնորդվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով՝ Մարդու իրավունքների պաշտպանը ձեռնպահ է մնում այնպիսի հարցերի մասին գնահատական տալուց, որոնք չեն առնչվում Պաշտպանի իրավասությանը կամ արդեն իսկ դիմողների կողմից ներկայացված են դատարանի քննարկմանը: Կրթական համակարգի կազմակերպման և իրագործման, այդ ուղղությամբ անհրաժեշտ միջոցների ընտրության հարցում միջազգային պահանջները պետություններին վերապահում են հայեցողության լայն շրջանակ: Մարդու իրավունքների պաշտպանը քննարկման առարկա է դարձրել այն, թե արդյոք գործադրված նոր կարգի պայմաններում պետությունը հաշվի է առել բոլոր այն գործոնները, որոնք կարող էին բացասական ազդեցություն ունենալ դիմորդների կրթության իրավունքի վրա և արդյոք պետությունը ձեռնարկել է բավարար միջոցներ, որոնք կարող էին չեզոքացնել այդ գործոնների բացասական ազդեցությունը: Այսպես, դիմորդների և նրանց ծնողների՝ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած բողոքները և հրապարակային մտահոգությունները, ինչպես նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն պաշտոնական պարզաբանումները հնարավորություն են տվել ձևավորել հետևյալ եզրահանգումները: 1․ Կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի թիվ 826-Ն որոշման նախագծին կից ներկայացված հիմնավորումներից պարզ է դառնում, որ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության կարգը փոխելու անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի կանխարգելման համար հայտարարված արտակարգ դրությամբ։ Նման դեպքերում պետք  է նկատի ունենալ, որ արտակարգ դրության փաստը ավելի է մեծացնում պետության պոզիտիվ պարտավորությունների աստիճանը և իրավական բեռը, քանի որ յուրաքանչյուր սահմանափակում պետք է լինի անհրաժեշտ, իրավաչափ և համաչափ կոնկրետ իրավիճակին և ծառայի կորոնավիրուսի կանխարգելմանը։ 2․ Նախարարությունը Մարդու իրավունքների պաշտպանին հայտնել է, որ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության կարգի վերաբերյալ իրականացվել են իրազեկման աշխատանքներ: Սակայն Պաշտպանի աշխատակազմի դիտարկումները վկայում են, որ նախ՝ կարգին վերաբերող Կառավարության որոշման դրույթները մեծածավալ լինելու պատճառով ներկայացված չեն եղել դիմորդների համար նախատեսված մատչելի տարբերակով, և երկրորդ՝ ժամանակային սղությամբ պայմանավորված դիմորդները չեն ունեցել ընդունելության նոր կարգին լիարժեք ծանոթանալու հնարավորություն: Այս եզրահանգման հիմքում ընկած հիմնական գաղափարն այն է, որ ընդունելության նոր կարգի վերաբերյալ իրազեկման աշխատանքների համար պետք է սահմանվեր առնվազն ընդհանրական բնույթի ռազմավարություն կամ ժամանակացույց, որի շրջանակում իրավասու մարմինները կապահովեին տեղեկատվության իրական ու թիրախային հասանելիություն հավասարապես բոլոր դիմորդների համար: Այս տեսանկյունից պետք է հատուկ ուշադրության առարկա դառնար հատկապես գյուղական վայրերում բնակվող դիմորդների, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող  մարդկանց իրազեկվածության ապահովմանը վերաբերող հարցերը։ Իրազեկման աշխատանքների  արդյունավետ իրականացման համար կարևոր է նաև դպրոցների ուսուցիչների մասնակցությունն ու ներգրավվածությունը: Ընդ որում, այս աշխատանքները պետք է իրականացվեին նախապես՝ արտակարգ դրություն հայտարարելուց անմիջապես հետո, երբ ընդունելության կարգի փոփոխության համար առկա էր ողջամիտ կանխատեսելիություն: 3․ Հասկանալի է, որ արտակարգ դրության իրավական ռեժիմը կարող է պահանջել նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ հանրային քննարկումների անցկացման սեղմ ժամկետներ։ Սակայն, նախագծերի ընդունման հրատապությունը չի վերացնում այդ փաստաթղթերի մասին հանրային քննարկումներ անելու անհրաժեշտությունը: Արդյունքում, պետք է արձանագրել, որ թե՛ Կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի թիվ 826-Ն որոշման, թե՛ «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերի վերաբերյալ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ հանրային քննարկումներ չեն իրականացվել։ Մարդու իրավունքների պաշտպանին նախագծերը կարծիքի ևս չեն ներկայացվել:  4․ Պատշաճ քննարկումներ չանցկացնելն առաջացրել է բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունելության կարգին առնչվող փաստաթղթերի գործնական կիրառելիության խնդիրներ: Ավելին, առաջարկվող լուծումների վերաբերյալ հանրային ոչ բավարար իրազեկվածությունը հանգեցրել է շահագրգիռ կողմերի՝ խնդրո առարկա կարգավորմամբ հետապնդվող նպատակի վերաբերյալ անորոշության ու նույնիսկ կրթության իրավունքի պատշաճ իրացման պայմանների տեսանկյունից անբարենպաստ հետևանքների: 5. Կառավարության որոշման և օրենքի նախագծերին կից ներկայացված հիմնավորումների ուսումնասիրությունը վկայում է, որ դրանցում առկա չէ այդ փաստաթղթերի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորող բավարար տեղեկատվություն: Մասնավորապես, Կառավարության որոշման նախագծի մշակման գործընթացում անհրաժեշտ էր դիտարկել, թե առաջարկվող կարգավորումը գործնականում ինչ հնարավոր ռիսկեր կարող է պարունակել և ինչ ազդեցություն կունենա կրթության իրավունքի իրացման տեսանկյունից՝ հաշվի առնելով նաև այն, որ 2020-2021 ուսումնական տարվա համար բուհերում ընդունելությունն իրականացվել է մեկ քննության արդյունքների հիման վրա ու այն էլ նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի պայմաններում: 6. 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության կարգի մշակման փուլում հաշվի չի առնվել արտակարգ դրության իրավական ռեժիմի սահմանափակումների պատճառով խնդիրների առաջ կանգնած դիմորդների բուհ ընդունելության հարցը: Օրինակ, դիմորդը չի կարողացել մասնակցել ընդունելության միասնական քննությանը, քանի որ նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակակիր լինելու հիմքով գտնվել է ինքնամեկուսացման մեջ: Ավելին, դիմորդն ավարտել է միջնակարգ դպրոցը գերազանց առաջադիմությամբ: Արդյունքում, ինքնամեկուսացված և մեկուսացված անձինք չեն կարողացել մասնակցել ընդունելության քննություններին իրենցից անկախ պատճառներով: Պաշտպանի աշխատակազմում շարունակվում է բողոքների քննարկումը։ Կից ներկայացնում ենք Մարդու իրավունքների պաշտպանի իրավական ամբողջական դիրքորոշումները թեմայի վերաբերյալ:
11:14 - 04 օգոստոսի, 2020