ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

Սուրեն Պապիկյանը չի կարծում, որ ԳՇ-ում կադրային փոփոխությունները որևիցե խնդիր կամ վտանգ կառաջացնեն |armenpress.am|

Սուրեն Պապիկյանը չի կարծում, որ ԳՇ-ում կադրային փոփոխությունները որևիցե խնդիր կամ վտանգ կառաջացնեն |armenpress.am|

armenpress.am: Զինված ուժերը թևակոխել են շատ կարևոր բարեփոխումների ժամանակաշրջան, և վաղուց ժամանակն է պատերազմի բովով անցած բազմաթիվ ունակ և երիտասարդ կադրերի բարձր պաշտոններ վստահել։  Կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով Զինված ուժերի Գլխավոր շտաբում կադրային փոփոխություններին։ Հաշվի առնելով տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները՝ Պաշտպանության նախարարը նշեց, որ զինված ուժերում բարեփոխումները անհրաժեշտ են և անթույլատրելի է հապաղելը։ Պապիկյանի խոսքով՝ ներկայումս ԶՈՒ գլխավոր շտաբում բոլոր կադրերը իրենց տեղում են և Գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատարի ինստիտուտը իրավական բոլոր հիմքերը ունի ընդունել որոշումներ, կատարել ցուցումներ և հրամաններ։ «Կարծում եմ, որևէ խնդիր կամ վտանգ սրանով չենք բերել ու չենք պատրաստվում բերել։ Ավելին, ամեն ինչ միտված է նրան, որ մենք ունենանք օր առաջ ավելի մոտիվացված հրամկազմ, և սա ազդակ է պաշտպանական գերատեսչության ենթակայության տակ գտնվող բոլոր սպաներին։ Բոլոր արժանավոր սպաները հնարավորություն են ունենալու զբաղեցնել բարձր պաշտոններ՝ անկախ նրանց բարեկամ, ծանոթ և այլ կապերից»,- եզրափակեց Պապիկյանը։
17:35 - 02 մարտի, 2022
Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նիստ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նիստ

Փետրվարի 28-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանությսն նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը: Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ից, ի թիվս այլ հարցերի, նիստում քննարկվել են 2021թվականի ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի աշխատանքի արդյունքները: Նշվել է, որ հանձնաժողովի ստացած 126 դիմում-բողոքից 122-ը վերաբերել են զորակոչիկների առողջական վիճակի հետազոտման և գնահատման, 4-ը` ընտանեկան պայմաններից ելնելով տարկետում տալու խնդիրներին: Հանձնաժողովն ընթացք է տվել 70 դիմում-բողոքի: Իրավասու մարմիններին ներկայացվել են դրանց լուծմանն ուղղված որոշակի առաջարկություններ և նկատառումներ, հիմնավորվել է բժշկական հետազոտությունների տվյալների ստուգման, լրացման և վերագնահատման անհրաժեշտությունը: Արդյունքում` 33 զորակոչիկ ուղեգրվել է լրահետազոտման, 7 զորակոչիկ ճանաչվել ոչ պիտանի, 2-ը՝ ժամանակավորապես ոչ պիտանի զինվորական ծառայության համար: 12 զորակոչիկի տրվել է տարկետում բուժման նպատակով, 1 զորակոչիկի` ընտանեկան պայմաններից ելնելով: Բացի այդ, կասեցվել է 20 զորակոչիկի զորակոչը` նրանց լրահետազոտման և վերափորձաքննման նկատառումով: Այդ գործընթացը կավարտվի հաջորդ զորակոչի ընթացքում: Ընդգծվել է նաև քաղաքացիների՝ մասնավոր կարգով կատարած բժշկական հետազոտությունների արդյունքների զգալի ազդեցությունը հանձնաժողովի հիմնավորված որոշումների կայացման վրա: Այդ կապակցությամբ առաջարկվել է օրենսդրորեն ամրագրել քաղաքացիների կատարած ֆինանսական ծախսերի փոխհատուցումը պետության կողմից, եթե տվյալ բժշկական հետազոտությունը կամ խորհրդատվությունը հիմք են հանդիսացել զորակոչիկին զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչելու կամ բուժման նպատակով տարկետում տալու համար: Նիստի ընթացքում լսվել են նաև հասարակական խորհրդի անդամների հաղորդումները Զինված ուժերին առնչվող աշխատանքների և ծրագրերի իրականացման վերաբերյալ, քննարկվել խորհրդի կողմից այդ աշխատանքների համակարգման և օժանդակման հարցեր:
17:34 - 01 մարտի, 2022
ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները հանդիպել են

ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները հանդիպել են

Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 25-ին հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։ Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ։ Քննարկվել են հայ-ռուսական երկկողմ և բազմակողմ ձևաչափով ռազմական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Կողմերը բարձր են գնահատել հայ-ռուսական դաշնակցային համագործակցության և քաղաքական երկխոսության դինամիկան, Ռուսաստանի Դաշնության դերն ու ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանը, ինչպես նաև Արցախում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության արդյունավետությունը: Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ զինված ուժերի արդիականացմանն ու բարեփոխումների ընթացքին: Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուին հրավիրել է պաշտոնական այցով ժամանել Հայաստան: Նույն օրը, Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի հուշահամալիրին:    
19:28 - 25 փետրվարի, 2022
Պատգամավորն առաջարկում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատել պատերազմի ժամանակ զոհվածի ընտանիքի մյուս անդամներին |armenpress.am|

Պատգամավորն առաջարկում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատել պատերազմի ժամանակ զոհվածի ընտանիքի մյուս անդամներին |armenpress.am|

armenpress.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատել պատերազմի հետևանքով զոհված ընտանիքի մյուս անդամներին: Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ Սարգսյանը նշեց, որ կան դեպքեր, երբ  պատերազմի հետեւանքով զոհված զինծառայողների կրտսեր եղբայրները, ովքեր ենթակա են պարտադիր զինվորական ծառայության, քանի որ ընտանիքի միակ արու զավակը չեն, սակայն այդ ընտանիքը ունի լուրջ հոգեբանական խնդիրներ և չեն ցանկանում, օրինակ` իրենց կրտսեր որդուն ուղարկել զինվորական ծառայության: «Այս խնդրի մասին  տեղեկացրել եմ վարչապետին, քննարկում ենք ունեցել: Վարչապետը հանձնարարել է Պաշտպանության նախարարությանը, որպեսզի քննարկենք և միասին լուծում գտնենք: Ու արդեն մեկ տարի անց գաղափար է ծնվել նման օրենսդրական նախաձեռնության հանդես գանք, որի միջոցով պատերազմում զոհված մեր հայրենակիցների ընտանիքի մյուս անդամները, այն է`պատերազմի ժամանակ զոհվածի որդին կամ եղբայրը կազատվի զինվորական ծառայությունից»,- ասաց Սարգսյանը: Նա նշեց, որ հիմնական մտահոգությունը եղել է այն, որ այս նախագիծը լուրջ հարված կլինի զինված ուժերին և պաշտպանունակությանը: «Սա որևէ անվտանգային խնդիր իրենից չի ներկայացնելու: 2022 թվականի ամառային զորակոչին նախատեսվում է, որ այս օրենքի շահառու կլինի ընդամենը 10 քաղաքացի, իսկ ձմռան զորակոչին կլինի 17 քաղաքացի, 2023 թվականի ամառային զորակոչին 11 քաղաքացի, իսկ ձմեռային զորակոչին 14 քաղաքացի»,- ասաց Սարգսյանը: Պատգամավորը նշեց, որ զինակոչիկը կարող է հրաժարվել այդ արտոնությունից և անցնել զինվորական ծառայություն: Ներկայացված նախագծի ընդունումը, պատգամավորի կարծիքով, կարող է ունենալ սոցիալական եւ հոգեբանական առումով դրական ազդեցություն, արդյունքում զոհված զինծառայողների ընտանիքները ավելի հեշտ կհաղթահարեն հոգեբանական եւ իրենց առջեւ ծառացած սոցիալական խնդիրները: Ներկայացված Նախագծով առաջարկվում է  փոփոխություն կատարել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում: Մասնավորապես առաջարկվում է որպես պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմք սահմանել քաղաքացու` Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ զինված ուժերում կամ այլ զորքերում կամ  Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր ունենալը` անկախ ընտանիքի միակ արու զավակը լինելու հանգամանքից:
15:47 - 23 փետրվարի, 2022
Գործադիրը վավերացրել է ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման համաձայնագիրը |armenpress.am|

Գործադիրը վավերացրել է ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման համաձայնագիրը |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը վավերացրել է «Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման և դրանց հետագա կատարելագործման մասին» համաձայնագիրը։ Նախագիծը ներկայացրել է Պաշտպանության նախարարությունը։ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի ( ԱՊՀ ՊՆԽ) 2013թ. հունիսի 5-ի որոշման համապատասխան Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի կապի գլխավոր վարչությունը մշակել է «1993թ. մարտի 12-ի Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման և դրանց հետագա կատարելագործման մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության նախագիծ։ Արձանագրության նախագծի ընդունումը պայամանավորված էր ռազմական նշանակության կապի ժամանակակից տեսակների օգտագործման ոլորտում համագործակցության հետագա զարգացման անհրաժեշտությունից` 1993թ. մարտի 12-ի Համաձայնագրի առանձին դրույթների հստակեցման հիման վրա: Դիտարկվող Համաձայնագրի նախագիծը մշակվել է ելնելով դրա մասնակից պետությունների զինված ուժերի, այլ զորքերի և զինվորական կազմավորումների կողմից ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման անհրաժեշտությունից: Համաձայնագրի շրջանակներում համագործակցությունը հնարավորություն կընձեռի ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմական նշանակության կապի ժամանակակակից տեսակների, ինչպես նաև արբանյակային կապի համակարգերի ուղեծիրային խմբավորման օգտագործումը: Հաշվի առնելով վերոշարադրյալը, ՀՀ պաշտպանության նախարարությունը նպատակահարմար է համարում միանալ «Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման և դրանց հետագա կատարելագործման մասին» համաձայնագրին:
14:53 - 23 փետրվարի, 2022
ՊՆ-ն օրենքի փոփոխություն է առաջարկում, որով ԳՇ պետը կհամարվի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ

ՊՆ-ն օրենքի փոփոխություն է առաջարկում, որով ԳՇ պետը կհամարվի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ

Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով, ի թիվս այլ կարգավորումների, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը կհամարվի Պաշտպանության  նախարարի առաջին տեղակալ։ Որոշման նախագծի հիմնավորման համաձայն՝ նախատեսվում է նոր խմբագրությամբ շարադրել պաշտպանության ոլորտում Կառավարության լիազորությունները, դրանցում առանձին սահմանել իրավասությունները, ավելացնել ՀՀ անվտանգության խորհրդի կողմից ընդունվող ակտերի շրջանակը, պաշտպանության և ՀՀ զինված ուժերի, այլ զորքերի, տնտեսության գործունեությունը, զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի բնագավառը կարգավորող մի շարք հիմնարար պլաններ և ծրագրեր ներառելով մեկ ընդհանուր՝ ՀՀ պաշտպանության պլանում։ Բացի դրանից՝ խմբագրվում և հստակեցվում են վարչապետի, պաշտպանության նախարարության, Զինված ուժերի գլխավոր շտաբի, պաշտպանության նախարարի ու ԶՈՒ գլխավոր շտաբի պետի լիազորությունների շրջանակը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը նախատեսվում է որպես ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ինչպես նաև հիմքեր են ստեղծվում ՀՀ պաշտպանության նախարարի այլ տեղակալների պաշտոններն ըստ անհրաժեշտության ևս զինվորական պաշտոններ նախատեսելու ուղղությամբ։
11:59 - 23 փետրվարի, 2022
Որևէ մեկը չի կարող հրաժարվել պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով գալուց. Քոչարյան |armenpress.am|

Որևէ մեկը չի կարող հրաժարվել պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով գալուց. Քոչարյան |armenpress.am|

armenpress.am: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վստահեցնում է՝ նիստերին հրավիրվող որևէ անձ չի կարող չներկայանալ: Քոչարյանն այս մասին ասաց քննիչ հանձնաժողովի կողմից կազմակերպված աշխատանքային քննարկման բաց հատվածում: Քոչարյանը հայտնեց, որ մասնակցում են անհետ կորած համարվողների, զոհված զինծառայողների ծնողների կողմից պատվիրակված անդամներ, անկախ խորհրդատուների կարգավիճակով մասնակցում են Արտակ Գասպարյանը, Գարիկ Մխիթարյանը: Ներկա էր նաև Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը՝ որպես անկախ խորհրդատու: Փակ նիստերը տեսանկարահանվում են, որոնք արխիվացվում են, Քոչարյանը վստահեցրեց, որ որևէ դրվագ չի կորելու: Ըստ նրա՝ հանձնաժողովի աշխատանքներին անձանց հրավիրում են ըստ անհրաժեշտության: Քոչարյանի խոսքով՝ եթե կա անհրաժեշտություն, որ որևէ մեկը գա հանձնաժողով, ապա պետք է գա: «Որևէ մեկը չի կարող հրաժարվել այստեղ գալուց: Շատերը փորձում են քաղաքականացնել այս թեման, ասել, թե չեն ուզում գալ, հանձնաժողովը լեգիտիմ չէ: Ոչ, լեգիտիմ է ի սկզբանե, քանի որ սա սահմանադրական պահանջ է: Ավելին՝ շատ ավելի լեգիտիմ է, որովհետև առաջին անգամ մեր հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու են զոհվածների հարազատների պատվիրակած անդամներ»,-ասաց Քոչարյանը: Ինչ-որ պարբերականությամբ հանձնաժողովի նախագահը անդամների թույլտվությամբ լրագրողներին կներկայացնի որոշ տեղեկություններ: Նա միևնույն ժամանակ շեշտեց, որ Պետական գաղտնիքի մասին օրենքն աշխատելու է ամբողջ ծավալով: «Դժվար է ասել, թե եզրակացությանը երբ կհասնենք, բայց այդ եզրակացությունը պետք է լինի հնարավորինս անթերի: Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում ունեցանք եզրակացություն, բայց հիմնական դժգոհությունը, որ եղավ այն էր, որ եզրակացությունը հասարակությանը անհասանելի եղավ, բայց պետական կառույցներին դա եղավ հասանելի: Եվ կարծում եմ, որ որոշ ժամանակ հետո հասանելի կլինի նաև հասարակությանը»,-ասաց Քոչարյանը: Անդրադառնալով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությանը, թե ինքը չի պատրաստվում գնալ հանձնաժողովի նիստերին՝ Քոչարյանը կարծիք հայտնեց, որ Հակոբյանը ժամանակ կունենա իր հայտարարությունը հետ վերցնելու: «Այդ աշխատանքների բարոյական կարևորությունը շատ մեծ է: Պարոն Հակոբյանը, համոզված եմ, անպայման կգա հանձնաժողով: Հակառակ դեպքում նա պետք է հանրայնորեն պատասխանի այն հարցերին, որը պետք է իրեն տրվեր»,-ասաց Քոչարյանը՝ Հակոբյանին և առհասարակ բոլոր պաշտոնյաներին հորդորելով նման հայտարարություն չանել: Աշխատանքային քննարկումը շարունակվեց փակ ֆորմատով:
13:37 - 21 փետրվարի, 2022
Ադրբեջանի ՊՆ-ին կոչ ենք անում ձեռնպահ մնալ սահմանային իրադրության վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելու գործելաոճից․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ-ին կոչ ենք անում ձեռնպահ մնալ սահմանային իրադրության վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելու գործելաոճից․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է պարբերաբար ապատեղեկատվություն տարածել հայ-ադրբեջանական սահմանի այս կամ այն հատվածում ՀՀ ԶՈՒ կողմից ադրբեջանական ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու վերաբերյալ։ Հայտնում են ՀՀ ՊՆ-ից։   Մասնավորապես՝ փետրվարի 18-ի ուշ երեկոյան, Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել, պնդելով, թե նույն օրը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։   ՀՀ պաշտպանության նախարարությունն Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը կոչ է անում ձեռնպահ մնալ սահմանային իրադրության վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելու գործելաոճից, որը ոչ մի կերպ չի նպաստում հայ-ադրբեջանական սահմանին կայունության հաստատմանը։
11:19 - 19 փետրվարի, 2022
Ալեն Սիմոնյանն ազատել է ԶՈՒ թիկունքի պետ-վարչության պետին և նոր նշանակում կատարել

Ալեն Սիմոնյանն ազատել է ԶՈՒ թիկունքի պետ-վարչության պետին և նոր նշանակում կատարել

Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը հրամանագիր է ստորագրել Ռոմիկ Մարգարյանին Հայաստանի Հանրապետության  ԶՈՒ թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից ազատելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի. Ռոմիկ Մարգարյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից»,- ասված է հրամանագրի տեքստում: Մեկ այլ հրամանագրով Արամ Պողոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության  ԶՈՒ թիկունքի պետ-վարչության պետ: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Արամ Պողոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետ»,- նշված է հրամանագրում:
21:36 - 18 փետրվարի, 2022