ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

Ճապոնիայի ԱԳ փոխնախարարը կարևորել է ՄԽ համանախագահության դերը ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման գործում

Ճապոնիայի ԱԳ փոխնախարարը կարևորել է ՄԽ համանախագահության դերը ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման գործում

Պաշտոնական Երևանը կարևորում է հայ-ճապոնական հարաբերությունների հետագա զարգացումն ու ամրապնդումը, ինչպես նաև տնտեսական փոխգործակցության ակտիվացումը՝ արժևորելով Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանում իրականացվող պաշտոնական օգնության ծրագրերը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության եւ հանրային դիվանագիտության վարչությունից։ Մայիսի 3-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը ընդունել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի խորհրդարանական տեղակալ Տարո Հոնդայի գլխավորած պատվիրակությանը, որը երկօրյա այցով ժամանել է Հայաստան: Արտգործնախարարությունում տեղի ունեցած հանդիպման սկզբում կողմերը շնորհավորանքներ են փոխանակել Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ՝ նշելով տարեդարձի կարևորությունը երկկողմ օրակարգն առավել զարգացնելու համար: Մնացական Սաֆարյանը կարևորել է հայ-ճապոնական հարաբերությունների հետագա զարգացումն ու ամրապնդումը, տնտեսական համագործակցության ակտիվացումը՝ արժևորելով Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանում իրականացվող պաշտոնական օգնության ծրագրերը: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նաև ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող բացահայտ ոտնձգությունների հետևանքով ստեղծված իրավիճակը, ինչպես նաև՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ վերջին զարգացումները և վերահաստատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո ԼՂ հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման անհրաժեշտությունը: Իր հերթին փոխնախարար Տարո Հոնդան ասել է, որ իր այցը նպատակ ունի ակտիվացնելու հայ-ճապոնական երկխոսությունը և գոհունակություն է հայտնել «Օսակա 2025» միջազգային ցուցահանդեսին ՀՀ մասնակցության հաստատման վերաբերյալ։ Նա վերահաստատել է Ճապոնիայի դիրքորոշումն առ այն, որ ԼՂ հիմնահարցը պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների միջոցով՝ կարևորելով կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև բազմակողմ հարթակներում հայ-ճապոնական համագործակցությանը, կարևորվել են հետագա մշակութային փոխանակումները, համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում:  
19:52 - 03 մայիսի, 2022
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են լիարժեք կարգավորման հասնելու նպատակը

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են լիարժեք կարգավորման հասնելու նպատակը

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, համապատասխանաբար, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը երրորդ հանդիպումն են անցկացրել Վիեննայում։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից:  Հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են այս գործընթացի միջոցով իրենց երկրների միջև լիարժեք կարգավորման հասնելու նպատակը։ Այս առնչությամբ, նրանք ունեցել են հստակ տեսակետների անկեղծ ու արդյունավետ փոխանակում և քննարկել հնարավոր քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել այս ուղղությամբ շոշափելի առաջընթացի հասնելու համար։ Նրանք վերահաստատել են իրենց համաձայնությունը՝ շարունակելու գործընթացը առանց նախապայմանների։
17:10 - 03 մայիսի, 2022
Արարատ Միրզոյանը Վիկտորիա Նուլանդի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանը, հայ ռազմագերիներին առնչվող հարցեր

Արարատ Միրզոյանը Վիկտորիա Նուլանդի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանը, հայ ռազմագերիներին առնչվող հարցեր

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 2-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ: ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ արձանագրվել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների զարգացման բարձր դինամիկան և նշվել, որ 2019 թվականից համագործակցությունը բարձրացվել է նոր՝ ռազմավարական երկխոսության մակարդակի։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել առավել ամրապնդելու տարբեր ոլորտներում հաստատված արդյունավետ փոխգործակցությունը` հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի ընդհանուր արժեհամակարգի վրա: Արարատ Միրզոյանն ու Վիկտորիա Նուլանդը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ։ Քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Սոչիում և Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։ Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին, ինչպես նաեւ խաղաղության համապարփակ համաձայնագրի շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելու գործընթացին։ Այս համատեքստում Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն առանձնակի ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքների վերսկսման կարևորությունը։ Քննարկվել են 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները, մասնավորապես, հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ ազատ արձակման և հայրենադարձման, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանման հարցերը։ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապված վերջին զարգացումները։
12:58 - 03 մայիսի, 2022
Միացյալ Նահանգներն ու Հայաստանը քաղաքացիական միջուկային համագործակցության հուշագիր ստորագրեցին |azatutyun.am|

Միացյալ Նահանգներն ու Հայաստանը քաղաքացիական միջուկային համագործակցության հուշագիր ստորագրեցին |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում ստորագրել են փոխըմբռման հուշագիր՝ քաղաքացիական միջուկային բնագավառում ռազմավարական համագործակցության վերբերյալ։ Փաստաթուղթը ստորագրելուց առաջ նրանք հանդես եկան կարճ հայտարարություններով, որն ուղիղ հեռարձակվեց Պետդեպարտամենտի կայքով։ Էնթոնի Բլինքենը գոհունակություն հայտնեց հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստերը վերականգնելու կապակցությամբ, որն ընդհատվել էր քովիդի համավարակի պատճառով։ «Սա շատ կարևոր երկխոսություն է, որի միջոցով կարող ենք խորացնել և ամրապնդել մեր հարաբերությունները և փնտրել նոր հարթակներ համագործակցության և փոխգործակցության համար»,- ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարը, մասնավորապես, որպես նոր ուղիներից մեկը նշելով քաղաքացիական միջուկային փոխըմբռման հուշագրի ստորագրումը։ Բլինքենը գովեստով է խոսել ժողովրդավարական բարեփոխումները շարունակելու Հայաստանի վարչապետի, կառավարության ջանքերի մասին և նշել, որ առաջընթացը պետք է շարունակական լինի։ ԱՄՆ-ի պետքարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը․ - «Ցանկանում եմ ողջունել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը և երախտագիտություն հայտնել տեսլականի, խիզախության և ճկունության համար, որը վարչապետը և Հայաստանը ցուցաբերում են տևական խաղաղության հասնելու գործընթացում, ինչը բոլորիս նպատակն է»,- նշել է Բլինքենը։ Արարատ Միրզոյանն ասել է, որ 2018 թվականի թավշյա ժողովրդավարական հեղափոխությունից հետո համախմբված ուժերով ու համատեղ ջանքերով հայ-ամերիկյան համագործակցության աստիճանը բարձրացել է ռազմավարական երկխոսության մակարդակի։ Միրզոյանն անդրադարձել է ԱՄՆ-ի աջակցությանը Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացմանն, իր համար պատիվ է համարել քաղաքացիական միջուկային համագործակցության հուշագարի ստորագրումը։ Հայաստանի արտգործնախարարը բարձր է գնահատել տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանն ուղղված ԱՄՆ-ի ջանքերը, նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի, որը միջազգային հանրության մանդատ ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար։ Միրզոյանը նաև շնարհակալություն է հայտնել Հայաստան-Թուրքիա հարաբերությունները նորմալացնելու ԱՄՆ-ի ջանքերի համար և բարձր գնահատել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու ԱՄՆ-ի ամուր դիրքորոշումը, որը ցուցաբերվեց նաև այս տարի։ Մայիսի 2-6-ը աշխատանքային այցի ընթացքում նախատեսված են նաև Արարատ Միրզոյանի հանդիպումներ վարչակազմի պաշտոնյաների, Կոնգրեսի անդամների և ելույթ Ատլանտյան խորհուրդ կենտրոնում։
09:15 - 03 մայիսի, 2022
ՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ ՄԶԳ կառավարիչը քննարկել են համատեղ նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները

ՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ ՄԶԳ կառավարիչը քննարկել են համատեղ նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները

Աշխատանքային այցով մայիսի 2-ին Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանթա Փաուերի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված հայ-ամերիկյան հարաբերությունների շարունակական զարգացման կապակցությամբ: «Արարատ Միրզոյանը կարևորել է ԱՄՆ ՄԶԳ աջակցությունը մի շարք ոլորտներում, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարում, արդարադատության և պարեկային ոստիկանության ոլորտներում ՀՀ կառավարության բարեփոխումների նախաձեռնություններին։ Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԱՄՆ համագործակցության շրջանակներում USAID-ի կողմից Հայաստանում իրականացվող նորարարական և կայուն զարգացման ծրագրերին՝ նպաստելու երկրում ժողովրդավարական զարգացմանը, տնտեսական աճի և էներգետիկ անվտանգության ամրապնդմանը, սոցիալական ոլորտներում բարեփոխումների իրականացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Կողմերը քննարկել են նաև համագործակցության ընդլայնման և համատեղ նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները: Այս համատեքստում հատկապես ընդգծվել է Ադրբեջանի կողմից պատանդառության մեջ պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձնանց հայերնադարձման անհրաժեշտությունը:
22:14 - 02 մայիսի, 2022
Հայկական կրոնական և պատմամշակութային կոթողներն ավերելու գործողությունները Ադրբեջանի՝ Արցախն առանց հայերի թողնելու քաղաքականության շարունակությունն է. Վահան Հունանյան

Հայկական կրոնական և պատմամշակութային կոթողներն ավերելու գործողությունները Ադրբեջանի՝ Արցախն առանց հայերի թողնելու քաղաքականության շարունակությունն է. Վահան Հունանյան

Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական վերահսկողության տակ անցած Հադրութ քաղաքի Սուրբ Հարություն եկեղեցու նկատմամբ վանդալիզմի և սրբապղծման գործողությունները։ Այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանի տարածած հաղորդագրության մեջ: «Ադրբեջանի իշխանությունների կողմից ծրագրված կերպով իրականացվող այս գործողությունները՝ ուղղված ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում հայկական կրոնական և պատմամշակութային կոթողներն ավերելուն և ինքնությունը կեղծելուն, Ադրբեջանի՝ էթնիկ և կրոնական անհանդուրժողականության հերթական դրսևորումն է և Արցախն առանց հայերի ու հայկական հետքի թողնելու հետևողական քաղաքականության շարունակությունը: Արցախում հայկական եկեղեցիների, մշակութային և կրոնական այլ հուշարձանների դեմ վայրագությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի նորմերը, այդ թվում՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից 2021թ. դեկտեմբերի 7-ին կայացված հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումը: Նշյալ դեպքը ևս մեկ անգամ վերահաստատվում է հայկական կողմի պնդումներն առ այն, որ հրատապորեն անհրաժեշտ է իրականացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատման առաքելության այցը Լեռնային Ղարաբաղ»,- ասված է հաղորդագրության մեջ:
16:00 - 30 ապրիլի, 2022
Արագ փոփոխվող աշխարհաքաղաքական միջավայրում կարևոր է ամրապնդել բարիդրացիական հարաբերությունները Հայաստանի և Վրաստանի միջև. Իլիա Դարչիաշվիլի |armenpress.am|

Արագ փոփոխվող աշխարհաքաղաքական միջավայրում կարևոր է ամրապնդել բարիդրացիական հարաբերությունները Հայաստանի և Վրաստանի միջև. Իլիա Դարչիաշվիլի |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունները քաղաքական եւ տնտեսական զարգացման մեծ ներուժ ունեն: Այդ մասին հայտարարեց առաջին անգամ պաշտոնական այցով Երեւանում գտնվող Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին՝ ներկայացնելով Հայաստանի արտգործնախարարի հետ տեղի ունեցած հանդիպման արդյունքները: «Նշեցինք, որ երկրների միջեւ առկա է քաղաքական եւ տնտեսական համագործակցության մեծ ներուժ: Առեւտուր, տրանսպորտ, էներգետիկա, զբոսաշրջություն, մշակույթ, կրթություն. սրանք այն ոլորտներն են, որոնք կարեւոր դեր են խաղում մեր երկկողմ հարաբերություններում», - շեշտեց Վրաստանի նախարարը: Խոսելով երկկողմ հարաբերությունների պատմության մասին՝ Իլիա Դարչիաշվիլին հիշեցրեց, որ 2022 թվականին Վրաստանն ու Հայաստանը տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչը երկու երկրներում նշվում է համապատասխան միջոցառումներով: ՆԱ մեկտեղ շեշտեց՝ սակայն մեր երկրների պատմական եւ բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունեն: «Վստահ եմ, որ Վրաստանի եւ Հայաստանի միջեւ առկա համագործակցությունը նույն ձեւով կշարունակվի: Արագ փոփոխվող աշխարհաքաղաքական միջավայրում կարեւոր է ամրապնդել բարիդրացիական հարաբերությունները մեր երկրների միջեւ, որպեսզի միասին կարողանանք հաղթահարել նոր մարտահրավերները եւ օգտվել հնարավորություններից», - նշեց Դարչիաշվիլին: Վրաստանի արտգործնախարարի խոսքով՝ իր հայ գործընկերոջ հետ մանրամասն քննարկել են տարածաշրջանում ընթացող գործընթացներն ու մարտահրավերները եւ երկու երկրների համատեղ ջանքերն ուղղված այդ մարտահրավերներին: «Վրաստանը միշտ աջակցել է Հարավային Կովկասում խաղաղ համագործակցությանն ու համակեցությանը: Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի անվերապահ աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ինչը խոսում է երկու երկրների գործընկերային հարաբերությունների մասին», - հայտարարեց նա: Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը իր հերթին շեշտեց, որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ առկա է քաղաքական երկխոսություն, իսկ փոխգործակցությունը երկրների միջեւ, երկկողմ եւ բազմակողմ հարթակներում, բարձր մակարդակի վրա է: Հանդիպման ընթացքում նախարարներն առանձնահատուկ ուշադրություն են հատկացրել հարավկովկասյան տարածաշրջանի տարանցիկ ներուժին: Դարչիաշվիլիի խոսքով՝ դա «կրիտիկական» նշանակություն ունի ոչ միայն Վրաստանի, այլեւ՝ Հայաստանի համար: «Ընդգծվել է, որ կողմերը կաջակցեն տարանցիկ նոր նախագծերին՝ հաշվի առնելով երկու երկրների ռազմավարական նպատակներն ու խնդիրները: Տնտեսական համագործակցության առումով կարեւոր ենք համարում առկա ներուժի լիարժեք իրացումը: Ուրախ եմ, որ երկկողմ տնտեսական հանձնաժողովի նիստերը պարբերաբար անցկացվում են: Մենք ապագայում արդյունավետ համագործակցության պատրաստակամություն ենք հայտնել: Ես խորապես վստահ եմ, որ մեր հետագա հարաբերությունները կշարունակվեն լավագույն ավանդույթներին համապատասխան», - հավելեց Վրաստանի արտգործնախարարը: Իլիա Դարչիաշվիլին շնորհակալություն հայտնեց Արարատ Միրզոյանին հյուրընկալության համար ու նաեւ իր պատրաստակամությունը հայտնել Միրզոյանին հարմար ժամանակահատվածում հյուրընկալելու նրան Թբիլիսիում:
14:53 - 30 ապրիլի, 2022
Պղծվել է Հադրութի Սուրբ Հարություն եկեղեցին. վանդալիզմի այս կրկնվող դեպքերը կանխարգելելու համար հրատապ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության այցը տարածաշրջան. Արարատ Միրզոյան

Պղծվել է Հադրութի Սուրբ Հարություն եկեղեցին. վանդալիզմի այս կրկնվող դեպքերը կանխարգելելու համար հրատապ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության այցը տարածաշրջան. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի` մամուլի համար հայտարարությունը Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ հանդիպման արդյունքներով, որը ներկայացնում ենք ստորև. «Հարգելի՛ պարոն Դարչիաշվիլի, Հարգելի՛ գործընկերներ, Ցանկանում եմ ողջունել իմ գործընկերոջը՝ Իլիա Դարչիաշվիլիին, Վրաստանի արտաքին գործերի նախարարին, ով առաջին պաշտոնական այցով գտնվում է Երևանում, ու ևս մեկ անգամ շնորհավորել և հաջողություն մաղթել նրան Վրաստանի ԱԳ նախարարի պատասխանատու պաշտոնը ստանձնելու առթիվ: Այս տարի մենք նշում ենք մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Հայաստանի և Վրաստանի բարեկամությունը հիմնված է դարերի խորքից եկող ընդհանուր արժեքների և պատմական ամուր կապերի վրա, և ուզում եմ փաստել, որ անկախացումից ի վեր Վրաստանի հետ սերտ համագործակցություն ենք ձևավորել գրեթե բոլոր ոլորտներում: Մեր երկրների միջև առանձնահատուկ բարիդրացիական հարաբերությունների զարգացումն ու բազմոլորտ համագործակցության հետագա խորացումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններից մեկն է, ինչն ամրագրված է նաև ՀՀ կառավարության ծրագրում: Ուզում եմ գոհունակությամբ արձանագրել, որ Հայաստանի և Վրաստանի միջև առկա է քաղաքական երկխոսության, երկկողմ և բազմակողմ հարթակներում փոխգործակցության բարձր մակարդակ։ Այս մասին են վկայում ամենաբարձր մակարդակներով պարբերական փոխադարձ այցելությունները, քաղաքական, տնտեսական, կոմունիկացիոն, անվտանգության և հումանիտար ոլորտներում, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում արդյունավետ համագործակցությունը, որի հետագա ընդլայնման և նոր ուղղությունների ուրվագծման շուրջ գործընկերոջս հետ հանգամանալից քննարկումներ ենք ունեցել։ Հայաստանը մեծապես կարևորում է տարածշրջանի ընդհանուր զարգացման և առաջմղման ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրումը, ինչի հերթական դրսևորումներից է «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի» ստեղծման ուղղությամբ մեր երկրների միջև համագործակցությունը: Հարգելի՛ գործընկերներ, Այսօր մենք անդրադարձել ենք նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը ու կայունությանը նվիրված հարցերի։  Գործընկերոջս հանգամանալից ներկայացրել եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը և Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների, Ադրբեջանի հետ խաղաղության համապարփակ պայմանագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ։ Այս համատեքստում ընդգծել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ գործընթացի առաջմղման գործում:  Պետք է նշեմ, որ ցավոք շարունակում են չլուծված մնալ հումանիտար խնդիրները: Ադրբեջանը՝ խախտելով միջազգային հումանիտար իրավունքը և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները՝ շարունակում է պատանդառության մեջ պահել  հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց: Առանձնահատուկ կարևորության  խնդիր է 44-օրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ու կրոնական ժառանգության ինքնության խեղաթյուրումը և ոչնչացումը: Վերջին նման ցավալի օրինակն է Հադրութի Սուրբ Հարություն եկեղեցու պղծումը: Վանդալիզմի այս կրկնվող դեպքերը կանխարգելելու համար, ինչպես և նախկինում, այժմ ևս հրատապ  է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատողական առաքելության այցը տարածաշրջան։ Հարգելի՛ պարոն նախարար, Եվս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ Երևանում։ Համոզված եմ, որ մեր երկու երկրների միջև ձևավորված բարիդրացիական հարաբերությունները, ինչպես նաև հայ և վրացի ժողովուրդների միջև եղբայրական կապերը ամուր հիմք են ապահովում  համագործակցության առկա ձեռքբերումներն ամրապնդելու և  զարգացնելու համար: Շնորհակալություն»։
12:46 - 30 ապրիլի, 2022
Մենք սերտ համագործակցություն ենք ձեւավորել Վրաստանի հետ գրեթե բոլոր ոլորտներում. Արարատ Միրզոյան |news.am|

Մենք սերտ համագործակցություն ենք ձեւավորել Վրաստանի հետ գրեթե բոլոր ոլորտներում. Արարատ Միրզոյան |news.am|

news.am: Ուզում եմ արձանագրել, որ անկախությունից ի վեր մենք Վրաստանի հետ սերտ համագործակցություն ենք ձեւավորել գրեթե բոլոր ոլորտներում։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Երեւանում իր վրացի գործընկեր Իլյա Դարչիաշվիլիի հետ հանդիպմանը։Նա ողջունել է իր առաջին պաշտոնական այցով Երեւանում գտնվող Վրաստանի արտգործնախարարին եւ նշել, որ այս տարի լրանում է երկու երկրների միջեւ դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ «Հայաստանի եւ Վրաստանի միջև բարեկամությունը հիմնված է դարերի խորքից եկող ընդհանուր արժեքների եւ ամուր պատմական կապերի վրա։ Եվ ուզում եմ արձանագրել, որ անկախությունից ի վեր մենք Վրաստանի հետ սերտ համագործակցություն ենք հաստատել գրեթե բոլոր ոլորտներում։ Հատուկ բարեկամական հարաբերությունների զարգացումը եւ բազմաթիվ ոլորտներում համագործակցության հետագա խորացումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւորագույն առաջնահերթություններից է, որն ամրագրված է նաեւ մեր կառավարության ծրագրում։ Ուզում եմ գոհունակությամբ արձանագրել, որ երկկողմ եւ բազմակողմ հարթակներում Հայաստանի եւ Վրաստանի միջեւ կա  քաղաքական երկխոսության եւ փոխադարձ համագործակցության բարձր մակարդակ։ Դրա մասին են վկայում ամենաբարձր մակարդակներով պարբերական փոխայցելությունները, արդյունավետ համագործակցությունը քաղաքական, տնտեսական, հաղորդակցությունների եւ անվտանգության, հումանիտար, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում, որոնց հետագա ընդլայնման եւ նոր ուղղությունների վերաբերյալ մենք հանգամանալից քննարկումներ են անցկացրել»,- ասաց Արարատ Միրզոյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մեծապես կարեւորում է տարածաշրջանի ընդհանուր զարգացմանն եւ առաջմղմանն ուղղված համատեղ ջանքերը, որոնց հերթական դրսեւորումներից է երկու երկրների համագործակցությունը Պարսից ծոց-Սեւ ծով միջազգային տարանցիկ միջանցքի ստեղծման ուղղությամբ։
12:13 - 30 ապրիլի, 2022
Հայաստանը տարբեր ժամանակաշրջանների քարտեզներում ինքն իրեն չգտնելու մտավախություն չունի․ ՀՀ ԱԳ նախարարի պատասխանն Ալիևին

Հայաստանը տարբեր ժամանակաշրջանների քարտեզներում ինքն իրեն չգտնելու մտավախություն չունի․ ՀՀ ԱԳ նախարարի պատասխանն Ալիևին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, թե Հայաստանի հետ սահմանների ճշգրտման գործընթացում հիմք կընդունեն 1918 թվականի և մինչև 1991թ. Խորհրդային Միության փլուզումը եղած բոլոր քարտեզները, և որ 1918-20 թվականների որոշ քարտեզներով Երևանը, Սյունիքը իբր Ադրբեջանի կազմում են։ Հարց - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ հայտարարել է, որ Հայաստանի հետ սահմանների ճշգրտման գործընթացում հիմք կընդունեն 1918 թվականի և մինչև 1991թ. Խորհրդային Միության փլուզումը եղած բոլոր քարտեզները, և որ 1918-20 թվականների որոշ քարտեզներով Երևանը, Սյունիքը իբր Ադրբեջանի կազմում են: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունները: Պատասխան – Մենք քարտեզների ուսումնասիրություններին դեմ չենք: Բայց ինչու՞ սահմանափակվել 20-րդ դարով: Կարելի է սկսել Քրիստոսից առաջ 6-րդ դարում Բաբելոնում ստեղծված, կամ Հերոդոտոսի կողմից Քրիստոսից առաջ 5-րդ դարում ստեղծված, կամ Ստրաբոնի կողմից Քրիստոսից առաջ 1-ին դարում ստեղծված, կամ Կլավդիոս Պտղոմեոսի կողմից արդեն Քրիստոսից հետո 2-րդ դարում ստեղծված, կամ նույն ժամանակահատվածում Պլինիոս Ավագի կողմից ստեղծված քարտեզներից և շարունակել հետագա ժամանակաշրջանների բազմաթիվ լատինական, բյուզանդական, արաբական և այլ աշխարհագրական նկարագրություններով և քարտեզներով: Հայաստանն ինքն իրեն այդ քարտեզներում չգտնելու մտավախություն չունի: Այնուամենայնիվ, շահագրգռված լինելով ապագա սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի արդյունավետ աշխատանքով՝ Հայաստանի Հանրապետությունը կարծում է, որ այդ աշխատանքը պիտի հիմնվի երկու կողմից ընդունված, իրավական ուժ ունեցող քարտեզների վրա։
10:19 - 30 ապրիլի, 2022