69 մլն դրամ՝ Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների օգտագործումը կրճատելու նպատակով 
 |hetq.am|
11:28 - 21 ապրիլի, 2023

69 մլն դրամ՝ Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների օգտագործումը կրճատելու նպատակով |hetq.am|

hetq.am: Կառավարության պահուստային ֆոնդից Շրջակա միջավայրի նախարարությանը 68 մլն 928 հազ․ դրամ կհատկացվի՝ 15 խորքային հորի կոնսերվացման և 14 խորքային հորի լուծարման աշխատանքների համար։ Որոշումն ընդունվեց Կառավարության ապրիլի 21-ի նիստում։

Նախագծի ընդունումը պայմանավորված է Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների քանակի կտրուկ նվազման խնդրի կարգավորման անհրաժեշտությամբ։

Ըստ որոշման նախագծի՝ Արարատյան դաշտի ջրային ռեսուրսները հիմնականում օգտագործվում էին խմելու և ոռոգման նպատակներով: 2006թ.-ից այնտեղ սկսեցին գործել մեծ քանակությամբ ձկնաբուծարաններ, և ձկնաբուծությունը դարձավ Արարատյան դաշտի ամենառեսուրսատար ջրօգտագործումը:

«2013թ.-ին ձկնաբուծարանների կողմից օգտագործվող ջրի քանակը գերազանցեց կայունության շեմը (տարեկան կտրվածքով սպառվում էր մոտ 1,6 անգամ ավել ջուր, քան հասցնում էր ձևավորվել), ինչն էլ պատճառ հանդիսացավ արտեզյան ստորերկրյա ջրերի ճնշման կտրուկ անկմանը: Դա բերեց ստորերկրյա ջրերի քանակի կտրուկ նվազմանն ու հյուծմանը՝ որպես հետևանք կտրուկ նվազեցնելով հորերի ջրատվությունը, իսկ որոշ աղբյուրների ընդհանրապես ցամաքեցմանը:

Ստեղծված իրավիճակը կարգավորելու նպատակով, անհրաժեշտություն է առաջացել կրճատել, կանոնակարգել և նորմավորել Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների օգտագործումը, որի համար նախատեսվում է իրականացնել խորքային հորերի լուծարման և կոնսերվացման աշխատանքներ»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ։

Շրջակա միջավայրի նախարարի 2020թ․ հունիսի 9-ի հրամանով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբը 2021թ․ մայիսի 31-ից մինչև հուլիսի 28-ը և օգոստոսի 31-ից մինչև հոկտեմբերի 6-ը իրականացրել է Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների փաստացի վիճակի, ինչպես նաև ջրօգտագործման թույլտվություններով տրված պայմանների կատարման ուսումնասիրություն։

Ուսումնասիրվել են Արարատի մարզի՝ 65 և Արմավիրի մարզի 81 համայնքներում առկա 1873 խորքային հորեր, որից 780-ը Արարատի, իսկ 1093-ը Արմավիրի մարզերում, ինչի արդյունքում գույքագրվել է լուծարման կամ կոնսերվացման ենթակա 44 հոր։ 2022-ին առաջնահերթ կոնսերվացվող կամ լուծարվող խորքային հորերի քանակը հստակեցվել է՝ կազմելով 29 խորքային հոր։

Արարատյան դաշտի խորքային հորերի լուծարման և կոնսերվացման արդյունքում, ըստ նախագծի հիմնավորման, նախատեսվում է խնայել շուրջ 235.0 լ/վրկ. ջրաքանակ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել