«Կոչ ենք անում Ռուսաստանին կատարելու իր պարտավորությունը»․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելու վերաբերյալ |armenpress.am|
10:06 - 24 ապրիլի, 2023

«Կոչ ենք անում Ռուսաստանին կատարելու իր պարտավորությունը»․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելու վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը բացարձակ անընդունելի է համարում Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը։ Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։

«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում՝ խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում, անցակետի տեղադրումը բացարձակապես անընդունելի է, քանի որ կոպտորեն խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը։

Կոչ ենք անում Ռուսաստանին կատարելու իր պարտավորությունը՝ ապահովելով Լաչինի միջանցքի ողջ անվտանգային գոտուց զինված ուժերի դուրսբերումը, ինչպես նաև հորդորում ենք ՄԱԿ-ի անդամ երկրներին, ովքեր ունեն միջազգային անվտանգությունը պահպանելու մանդատ, արդյունավետ քայլեր ձեռնարկել՝ կյանքի կոչելու Արդարադատության միջազգային դատարանի որոշում»,- գրել է Սիմոնյանը՝ կրկին կոչ անելով դադարեցնելու Արցախի արգելափակումը։

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում է՝ «Լաչինի միջանցք»-ում: Դեպքից հետո ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի հրատապ նիստ։

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 23-ին՝ ժամը 12:00-ին, Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանային ծառայությունը «Հայաստանի հետ սահմանին» տեղադրել է սահմանային անցակետ։ 

Արցախի Անվտանգության խորհուրդը դիմել է եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանի Դաշնությանը՝ անհապաղ քննարկումներ սկսելու Արցախի շրջափակման վերացման, ադրբեջանական անցակետի տեղադրման կանխարգելման և Արցախի ժողովրդի անվտանգության իրական երաշխիքների ապահովման շուրջ։

ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացի նկատմամբ վստահության հաստատման ջանքերը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել