Խաղաղ համագոյակցությունն Ադրբեջանի հետ չեմ պատկերացնում. նրանք հրադադարի պայմաններում բազմաթիվ ներխուժման ու հարձակման փորձեր են արել. Թագուհի Թովմասյան
13:17 - 04 մայիսի, 2023

Խաղաղ համագոյակցությունն Ադրբեջանի հետ չեմ պատկերացնում. նրանք հրադադարի պայմաններում բազմաթիվ ներխուժման ու հարձակման փորձեր են արել. Թագուհի Թովմասյան

ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանն ի պատասխան լրատվամիջոցների հարցադրումների՝ մասնավորապես անդրադարձել է Վաշինգտոնում ընթացող բանակցություններին եւ քննարկման դրված փաստաթղթի հնարավոր կետերին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից։ 

Պատգամավորի համոզմամբ չպիտի ստորագրվի որեւէ փաստաթուղթ, որը կարող է Արցախը որեւէ կարգավիճակով թողնել Ադրբեջանի կազմում, էթնիկ փոքրամասնության կամ այլ կարգավիճակով արցախցիների հարցը քննարկել ադրբեջանցիների հետ խաղաղ համագոյակցության համատեքստում:

«Խաղաղ համագոյակցությունն Ադրբեջանի հետ չեմ պատկերացնում: Նրանք հրադադարի պայմաններում բազմաթիվ ներխուժման ու հարձակման փորձեր են արել, սպանություններ են իրականացրել, այդ թվում՝ խաղաղ բնակիչների շրջանում եւ նրանց հետ խոսել խաղաղության մասին՝ աբսուրդ է: Հետեւաբար, չեմ կարող ասել՝ ինչ փաստաթուղթ պիտի լինի, բայց այդ փաստաթուղթը չպիտի պարունակի Արցախն Ադրբեջանի կազմում թեկուզ տեսական ձեւակերպում»,- ասել է նա:

ԱՄՆ-ն այդ բանակցությունների առաջընթացի մասին է խոսել, սա ի՞նչ կարող է նշանակել. լրագրողի այս հարցին ի պատասխան՝ Թագուհի Թովմասյանը կարծիք է հայտնել, որ առաջընթացը վերաբերում է բանակցությունների կայացմանը: «Մեզ համար առաջընթաց կարող էր լինել, եթե կարողանայինք Արցախի ինքնորոշման հարցը ներառել այդ փաստաթղթում: Եթե մենք կարողանանք մեր միջազգային գործընկերների քաղաքական խոսույթը վերածել իրավական ձեւակերպումների, մենք կունենանք առաջընթաց: Ուրիշ առաջընթացի մասին ես չեմ կարող արձանագրել»,- նշել է պատգամավորը:

«Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչն անդրադարձել է նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերին, խոսել 44-օրյա պատերազմի հետեւանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության մասին, նշել, որ արդյունավետ չէ իշխանության կողմից այդ գործընթացի իրականացումը: Նա ՀՀ դատախազության 2022 թվականի գործունեության տարեկան հաղորդման համատեքստում անդրադարձել է մարտի մեկի դեպքերի բացահայտմանը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանի խոստումը չի կատարվել, եւ մինչ օրս այդ գործն ամբողջությամբ բացահայտված չէ:

Պատգամավորը տեղեկացրել է նաեւ իր նախաձեռնած ստորագրահավաքի մասին, որով աջակցություն է հայտնում «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» ստորագրահավաքին: «Մենք պահանջում ենք, որ Բերձորի միջանցքից հեռացվի ապօրինի տեղադրված անցակետը, եւ վերանայվի Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը: Մենք պարտավոր ենք մեր միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել այդ հանգամանքների վրա»,- ընդգծել է Թագուհի Թովմասյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել