Ըստ Էրդողանի՝ իր թեկնածության աջակցության ցույցին մասնակցել է մոտ 1,7 միլիոն մարդ |azatutyun.am|
10:18 - 08 մայիսի, 2023

Ըստ Էրդողանի՝ իր թեկնածության աջակցության ցույցին մասնակցել է մոտ 1,7 միլիոն մարդ |azatutyun.am|

azatutyun.am: Ստամբուլի Ազգային պարկում երեկ առաջիկա նախագահական ընտրություններում Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Էրդողանի թեկնածության աջակցության ցույցին մասնակցել է մոտ 1,7 միլիոն մարդ, միջոցառման ժամանակ հայտարարել է ինքը Էրդողանը։

Թուրքիայի նախագահական ընտրությունները տեղի կունենան մեկ շաբաթից՝ մայիսի 14-ին։

Էրդողանը հանրահավաքից տեսանյութը հրապարակել է իր Telegram ալիքում։ Կադրերը նկարահանվել են անօդաչու թռչող սարքից: Կադրերում մի երգ է հնչում, որի վերնագիրը թարգմանվում է որպես «Ուրիշ Էրդողան չկա»։

Մեկ շաբաթ առաջ Թուրքիայի գործող նախագահը մարդաշատ հանրահավաք է անցկացրել Անկարայում, մինչ այդ՝ Իզմիրում։

Էրդողանի հիմնական մրցակիցը միացյալ ընդդիմության թեկնածու 74-ամյա Քեմալ Քըլըչդարօղլուն է։

Թուրքիայում ընտրությունները կայանալու են ծանր տնտեսական ճգնաժամի ֆոնին: Վերջին մի քանի տարիների ընթացքում բնակչության կենսամակարդակը վատթարացել է սննդամթերքի, դեղերի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների գների բարձրացման պատճառով։ Այժմ 85-միլիոնանոց երկրում գնաճը ամենաբարձրերից է աշխարհում՝ պաշտոնական տվյալներով այն գերազանցում է 51 տոկոսը։

Տնտեսական վիճակը Թուրքիայում է՛լ ավելի վատացավ փետրվարյան ավերիչ երկրաշարժից հետո ։Այն խլեց տասնյակ հազարավոր մարդկանց կյանքեր, ավելի քան մեկ միլիոն քաղաքացիներ մնացել են անօթևան: Աղետի հասցրած նյութական վնասը գերազանցում է 103 միլիարդ դոլարը:

Քըլըչդարօղլուն, ով առաջադրված է «Ժողովրդական դաշինք» կոչվող վեց ընդդիմադիր կուսակցությունների կոալիցիայից, քարոզարշավին հիմնականում խոսում է Էրդողանի վարած տնտեսական քաղաքականության սխալներից և հայտարարում, թե նախատեսում է վերափոխել տնտեսությունը պետական մենաշնորհների դեմ պայքարի միջոցով։

Հարցումների համաձայն՝ առաջին փուլում երկուսն էլ ունեն մոտ 45 տոկոս ձայն հավաքելու հնարավորություն։ Փորձագետներից շատերն են կանխատեսում երկրորդ փուլ ընտրություններին, միաժամանակ նույն այդ փորձագետներն ասում են, թե չեն պատկերացնում, որ Էրդողանը պարտվի և հանգիստ ընդունի իր պարտությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել