Արդյունավետ փուլ էր՝ հնարավոր պայմանագրի շուրջ դիրքորոշումները մոտեցնելու առումով. փոխնախարարը՝ Վաշինգտոնի բանակցությունների մասին |armenpress.am|
13:20 - 12 մայիսի, 2023

Արդյունավետ փուլ էր՝ հնարավոր պայմանագրի շուրջ դիրքորոշումները մոտեցնելու առումով. փոխնախարարը՝ Վաշինգտոնի բանակցությունների մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցություններն արդյունավետ փուլ է համարում՝ հնարավոր խաղաղության պայմանագրի շուրջ դիրքորոշումները մոտեցնելու առումով, դեռ կան մի շարք հարցեր, որոնք պետք է քննարկեն մայիսի 14-ին Բրյուսելում նախատեսվող հանդիպմանը:

Հովհաննիսյանն այս մասին ասաց «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան:

Իսկ թե ի՞նչ առաջընթացի մասին է խոսքը՝ Հովհաննիսյանն ասաց, որ դա վերաբերվում է երկու կողմերի մոտեցումների վերաբերյալ ավելի լավ պատկերացումներ ստանալուն:

«Դա արվեց: Ամերիկյան կողմը հնարավորն արեց, որ ստեղծվի դրական մթնոլորտ: Իսկապես արդյունավետ փուլ էր՝ հնարավոր պայմանագրի նախագծի շուրջ մոտեցնելու դիրքորոշումները: Իհարկե, կան մի շարք կարևորագույն հարցեր, որ դեռ պետք է քննարկվեն, հենց դրա համար է, որ Բրյուսելում կազմակերպվում է արդեն բարձրագույն մակարդակով հանդիպումը, որին կհաջորդի Մոսկվայում ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումը, կլինեն այլ հանդիպումներ ևս»,-ասաց Հովհաննիսյանը:

Անդրադառնալով  Սոթքի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիային՝ Հովհաննիսյանը նշեց, որ դա Ադրբեջանի կողմից նոր գործելաոճ չէ:

«1995 թվականից ԱԳՆ համակարգում եմ և չեմ հիշում մեկ բանակցությունների փուլ, որ չլինեն նման սադրանքներ կամ մինչև հանդիպումը, կամ հանդիպումից հետո: Ցավոք, այսպիսի ավանդույթ է ձևավորվել»,-ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ գնահատականը տրվել է թե ԱԳՆ-ի, թե վարչապետի հայտարարություններով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել