Եթե ​​ժողովուրդը ընտրությունը կատարել է երկրորդ փուլի օգտին, էլի «մեր գլխին տեղ ունի»․ Էրդողան
10:46 - 15 մայիսի, 2023

Եթե ​​ժողովուրդը ընտրությունը կատարել է երկրորդ փուլի օգտին, էլի «մեր գլխին տեղ ունի»․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) շտաբից հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ երեկ՝ մայիսի 14-ին կայացած ընտրություններով Թուրքիան ժողովրդավարության ևս մի էջ է հաջողությամբ ավարտում։ 

Էրդողանը նշել է, որ թեև դեռ վերջնական արդյունքները պարզ չեն, քանի որ Թուրքիայի ներսում ու Թուրքիայից դուրս քվեարկության արդյուքնների վերջնահաշվարկը արված չէ, բայց իր կուսակցությունը առաջատար է։ Նրա խոսքով՝ այս ընտրությունները Թուրքիայի պատմության մեջ մասնակցության ամենաբարձր ցուցանիշ ունեցող ընտրություններից է եղել։ 

Թուրքիայի նախագահը շնորհակալություն է հայտնել, այդ պահի դրությամբ, իրեն քվեարկած 27 միլիոն քաղաքացիներից, ինչպես նաև ընտրություններին մասնակցած 56 միլիոն մարդկանցից՝ անկախ նրանից, թե ում են քվեարկել։ 

«Մենք մեր ամենաբարձր ցուցանիշ գրանցած մրցակցին արդեն գերազանցել ենք 2 միլիոն 600 հազարով։ Ես հավատում եմ, որ վերջնական արդյունքներով այս ցուցանիշն էլ ավելի կբարձրանա»,- ասել է նա։

Էրդողանը նշելով, որ դեռևս հայտնի չէ, թե արդյոք ընտրությունները առաջին փուլով կավարտվեն 50+1 ձայների տոկոսային հարաբերակցությունով, թե չէ, ասել է․ «Եթե առաջին փուլով ընտրություններն ավարտվեն, իհարկե, խնդիր չկա, բայց եթե ​​ժողովուրդը ընտրությունը կատարել է ընտրությունների երկրորդ փուլի օգտին, էլի «մեր գլխին տեղ ունի»»,- նշել է Էրդողանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել