Փաշինյանի կարծիքով՝ ՀԱՊԿ առաքելությունը ՀՀ տարածքում չի գործում, քանի որ չի մատնանշում, թե որն է իր պատկերացրած ՀՀ տարածքը
13:00 - 22 մայիսի, 2023

Փաշինյանի կարծիքով՝ ՀԱՊԿ առաքելությունը ՀՀ տարածքում չի գործում, քանի որ չի մատնանշում, թե որն է իր պատկերացրած ՀՀ տարածքը

Այսօր վարչապետի կողմից հրավիրված մամուլի ասուլիսի լրագրողներից մեկը անդրադարձավ վերջերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարությանը, թե իրենք հստակ տեղեկություններ ունեն, որ արեւմուտքը հայերին ուղերձ է հղում՝ «եկեք մեզ մոտ, քշեք ձեր տարածքից ռուսներին, սահմանապահներին եւ ռազմակայանը, եւ ամերիկացիները կօգնեն ձեզ ապահովել ձեր տարածքային անվտանգությունը»։ Նույն այդ հայտարարության տեքստում Լավրովն ասել էր, թե մինդեռ եթե ՀԱՊԿ առաքելությունը արդեն գործեր Հայաստանի տարածքում, տարածաշրջանում իրավիճակն ավելի շահեկան կլիներ։ Բայց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, թե անգամ քննարկվել է ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը․ Հայաստանն այդպիսի ազդակներ ստացե՞լ է։

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «հիմնվելով Ձեր մեջբերման վրա՝ կասեմ հետեւյալը․ ՀԱՊԿ առաքելությունը ՀՀ տարածքում չի գործում մի պարզ պատճառով, որ ըստ էության չի մատնանշում, թե որն է իր պատկերացրած ՀՀ տարածքը․ ֆունդամենտալ պրոբլեմն էս ա։ Երբ ՀԱՊԿ-ը դա հստակ կընդգծի, պրոբլեմների 90 տոկոսը կվերանա։ Սա ֆունդամենտալ պրոբլեմն է, ամբողջը չէ, բայց պրոբլեմների 90 տոկոսը կամ դա է կամ բխում է դրանից»։ 

Փաշինյանի խոսքով՝ քշելու, դուրս մղելու կամ որեւէ ձեւով հարաբերությունները խզելու որեւէ ազդակ Հայաստանը չի ստանում եւ չի ստացել, եւ Փաշինյանի կարծիքով,  էդպիսի ազդակ դժվար երբեւէ կլինի։ 
«Ազդակները կարող են լինել երկկողմ հարաբերությունների զարգացման կամ ընթացքի մասին, ինչը վերաբերում է այդ թվում ՌԴ-ին։ Այսինքն՝ մենք մեր երկկողմ հարաբերությունները ՌԴ մեր գործընկերների հետ շատ թափանցիկ ենք քննարկում, եւ կարծում եմ, որ որեւէ մութ կետ չկա այդ խոսակցություններում մեր մտահոգությունների մասին, որոնք մենք ունենք տարածաշրջանում ՌԴ-ի եւ մեր հարաբերություններում առկա իրադրության վերաբերյալ։

Եկեք դիտարկենք Լաչինի միջանցքի հետ կապված իրադրությունը․ ի վերջո չմոռանանք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանքցը վերահսկողության տակ պահելը ՌԴ պարտավորությունն է։ Էդ նրբության մասին նախկինում էլ եմ խոսել, բայց էլի ուզում եմ ընդգծել, որ ՀՀ-ն եռակողմ հայտարարությունը ստորագրել է, էդ հայտարարության մեջ արձանագրվել է, որ Լաչինի միջանցքը պետք է մնա ՌԴ խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո։ Եւ Լաչինի միջանցքում անցակետի ապօրինի տեղադրումը հենց այդ պարտավորության խախտում է։ Այսինքն՝ ՌԴ պիտի պահեր, պահի միջանցքը իր վերահսկողության ներքո»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ 

Վարչապետը նշեց՝ նախկինում էլ բազմիցս խոսել են Խծաբերդից մինչեւ Փառուխ տեղի ունեցած իրադարձությունների [մասին]․ 


«Ի վերջո եռակողմ հայտարարությամբ արձանագրվել է շփման գիծ հասկացությունը, եւ արձանագրվել են շփման գծից ներս ՌԴ խաղաղապահ ուժերի պարտավորությունները, եւ մեքն անընդհատ քաջալերել ենք, պրոբլեմ չենք ստեղծել, ինչով կարողացել օգնել ենք, որ այդ պարտավորությունները լիարժեք կատարվեն։ Ես չէի ուզի, որ Արեւմուտքը կամ Արեւմուտքից արված որեւէ ենթադրյալ հայտարարություն դառնար ՌԴ-ի եւ մեր հարաբերություններում կարեւորագույն կամ առանցքային գործոն։ Մեր հարաբերությունների ամենակարեւոր գործոնը մեր հարաբերություններն են, այն փոխադարձ պարտավորությունները, որ ունենք իրար նկատմամբ։ Ինչքանո՞վ ենք կատարում էդ պարտավորությունները։ Ես չեմ կարծում, որ Արեւմուտը որեւէ մեկի ձեռքը բռնել է եւ թույլ չի տալիս՝ էդ պարտավորությունները կատարվեն, ամենատարբեր ոլորտներում, անվտանգային ոլորտում, ռազմատեխնիկական հարաբերությունների ոլորտում, ԼՂ-ում խաղաղապահ ուժերի գործունեության հետ կապված․․․ Եւ 2021-ին նույնիսկ, եթե չեմ սխալվում, էդպիսի դեպք էր տեղի ունեցել, երբ ՌԴ խաղաղապահի ներկայությամբ դիպուկահարից գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորիստ էր սպանվել։ Մենք ասել ենք, գուցե նախկինում բարձրաձայն չենք ասել, բայց կարծում ենք, որ դրան ՌԴ արձագանքը պատշաճ չի եղել։ Ընդ որում, ինչքան ես եմ տեղեկացված, էդ մարդուն հենց խաղաղապահներն էին համոզել, որ խնդիր չկա, բարձրացի, մենք էստեղ ենք, կապահովենք քո անվտանգությունը, քո աշխատանքը իրականացրու, բայց էդ մարդը կես ժամ հետո սպանվել էր։ Ի՞նչ կապ ունի ստեղ Արեւմուտքը․․․ Խծաբերդի իրադարձությունները․․․ Էսօր մեր գերեվարված հայրենակիցների 90 տոկոսը գերեվարվել է ՌԴ խաղաղապահ ուժերի տեղակայումից հետո եւ խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում։ Արեւմուտքն ի՞նչ կապ ունի էստեղ»,- ընդգծեց Փաշինյանը։

Փաշինյանը կրկնեց՝ Հայաստանի եւ ԵՄ, Հայաստանի եւ ԱՄՆ հարաբերությունների օրակարգում ՌԴ-ին դուրս մղելու օրակարգ պարզապես չկա, գոյություն չունի։
«Այլ հարց, որ մենք նաեւ արեւմտյան մեր գործընկերների հետ սկսել ենք քննարկել նաեւ անվտանգային ոլորտին վերաբերող հարցեր։ Նախկինում մենք նման հարցեր (չգիտեմ՝ ճիշտ էինք անում, թե սխալ էինք անում) ընդհանրապես չէինք քննարկում, որովհետեւ համարում էինք, որ տարածաշրջանում կա ան վտանգային ճարտարապետություն, որն առնվազն դե յուրե հատվածով պետք ա լինի հուսալի եւ անխոցելի։ Երբ տեսնում ենք, որ այդ անվտանգային համակարգը չի գործում օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով, կամ չի գործում այնպես, ինչպես ձեւակերված է իրավական պարտադիր ուժ ունեցող փաստաթղթերում, մենք նաեւ արեւմտյան, եւ ոչ միայն արեւմտյան գործընկերների հետ անվտանգային օրակարգի հարցեր նույնպես քննարկում ենք»,- ասաց վարչապետը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել