Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արմեն Դանիելյանը ցանկանում է իր ներդրումն ունենալ կոռուպցիան վերացնելու գործում
 |armenpress.am|
11:50 - 24 մայիսի, 2023

Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արմեն Դանիելյանը ցանկանում է իր ներդրումն ունենալ կոռուպցիան վերացնելու գործում |armenpress.am|

armenpress.am: Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի թեկնածու Արմեն Դանիելյանը վստահեցնում է, որ ցանկանում է, որ կոռուպցիոն դրսևորումները հասարակությունում վերանան, պաշտոնում ընտրվելու դեպքում մտադիր է իր ներդրումն ունենալ այդ գործում:

Դանիելյանն այս մասին ասաց ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուների ընտրության հարցի քննարկմանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է հավակնում նման բարձր պաշտոնի՝ Դանիելյանն ընդգծեց՝ գաղտնիք չէ, որ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ իրականացման, այդ ոլորտում արդարադատության արդյունավետ իրականացման գործում առանցքային և խիստ կարևոր նշանակություն ունի ՀՀ Վճռաբեկ դատարանի համապատասխան պալատը՝ օրենքով իրեն վերապահված գործառույթների իրականացման համատեքստում:

«Հնարավորության դեպքում ցանկանում եմ այդ ոլորտում արդարադատության արդյունավետ իրականացման գործում իմ համեստ մասնակցությունը, ներդրումն ունենալ, իմ գիտելիքները, փորձառությունը, մասնագիտական և անձնական որակներն այդ ոլորտում արդարադատության արդյունավետ իրականացման գործում ծառայեցնելու գործում: Ավելի պարզ ասած՝ ցանկանում եմ, որ այդ երևույթը՝ կոռուպցիոն դրսևորումները, մեր հասարակությունում հնարավորինս վերանա, կանխվի: Կոռուպցիայի դեմ պայքարը ցանկացած ժողովրդավարական հասարակության առանցքային խնդիրներից է»,-ասաց թեկնածուն:

Նա ընդգծեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի  գործիքակազմում առանցքային նշանակություն ունեն հակակոռուպցիոն մարմինները, այդ շարքում էական դեր է տրված մասնագիտացված դատարաններին: Իսկ այդ համակարգում իր առանցքային դերն ունի Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատը:  

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արմեն Դանիելյանի, Ելիզավետա Դանիելյանի և Արսեն Նիկողոսյանի թեկնածությունները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել