Հույս ունենք՝ Թուրքիայում ընտրություններից հետո կկարողանանք մեր հարաբերությունների կարգավորումը շարունակել. Փաշինյան
 |news.am|
12:25 - 29 մայիսի, 2023

Հույս ունենք՝ Թուրքիայում ընտրություններից հետո կկարողանանք մեր հարաբերությունների կարգավորումը շարունակել. Փաշինյան |news.am|

news.am: Միջազգային հանրությունը ճանաչում է Հայաստանի ժողովրդավարական ձեռքբերումները եւ ընդգծում է համոզվածությունը ՀՀ կառավարության նվիրվածությանը ժողովրդավարական բարեփոխումներին: Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ռեյկյավիկում տեղի ունեցավ Եվրոպական խորհրդի երկրների գագաթնաժողովին, որին մասնակցել է նաեւ ինքը:

«Սա շատ կարեւոր է մեր արտաքին քաղաքականության, միջազգային հարբերությունների տրամաբանության մեջ: Բայց նաեւ մեր խնդիրն է, թե ինչպես այս գործոնը տրանսֆորմացնել ՀՀ քաղաքացիների բարեկեցության, անվտանգության ավերլի բարձր աստիճանի»,-ասաց նա:

Փաշինյանն անդրադարձավ նաեւ Թուրքիայում տեղի ունեցած նախագահական ընտրություններին՝ ասելով. «Մենք հույս ունենք, որ Թուրքիայում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո մենք կկարողանանք Թուրքիայի հետ մեր հարաբերությունների կարգավորման գործընթացը բնականոն կերպով շարունակել: Սա նույնպես մեր օրակարգի կարևորագույն հարցերից է», - ասաց Փաշինյանը:

Նա նշեց, թե պետք է հասկանալ, որ համաշխարհային առումով ապրում ենք ոչ սովորական ժամանակներում. ամենակարևոր պրոբլեմն անորոշությունն է:

Ըստ վարչապետի՝ աշխարհում կամ քիչ կան կամ չկան երկրներ, ովքեր անորոշության զգացումով չեն ապրում:

«Անորոշությունն այսօր միջազգային քաղաքականության թիվ 1 ձևակերպիչն է ու բնորոշումը, որովհետև, եթե դուք նույնիսկ աշխարհի ամենահզոր երկրների առաջնորդներին կամ վերնախավերին հարցնեք՝ ինչպիսի՞ն է լինելու աշխարհը մեկ, երկու կամ հինգ ամիս հետո, նրանցից կլսեք անորոշ պատասխաններ: Համենայնդեպս, ես ուզում եմ հավաստիացնել, որ այդ հարցը տալու առիթներ ունեցել եմ մեր գործընկերներին ու համոզվել եմ այս թեզի ճշմարտացիության մեջ: Ցավոք, աշխարհը շատ արագ տեմպերով փոփոխվում է ու աշխարհի փոփոխությունը սկսվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմից: Մեզ հետ տեղի ունեցածն ու ունեցողը չենք կարող ու չպետք է դիտարկենք համաշխարհային գործընթացների կոնտեքստից կտրված, սա չափազանց կարևոր է խորքային պրոցեսները հասկանալու համար», - հայտարարեց վարչապետը:

Նա ընդգծեց՝ սպառնալիքները տեսանելի են ու Հայաստանի մեծագույն խնդիրն է կառավարել այդ սպառնալիքները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել