news.am: Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան։ Այս մասին նա տեղեկացրել է Թվիթերի իր էջում։
Հերցոգը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին հրավերի համար։
vesty.co.il-ի տեղեկության համաձայն՝ Իցհակ Հերցոգը եւ նա տիկին Միխալը Բաքու են թռել մայիսի 30-ի առավոտյան։ Այցի սկսվելուց առաջ, որը տեւելու է երկու օր, նախագահն ասել է, որ «ուղեւորությունը շատ կարեւոր է երկկողմ հարաբերությունների համար, այն հնարավոր է դարձել նախագահ Իլհամ Ալիեւի անձնական հրավերի շնորհիվ»։ «Ադրբեջանը մեզ համար բարեկամական երկիր է եւ շատ կարեւոր, կարելի է անգամ ասել՝ առանցքային մեր արտաքին հարաբերությունների համար...»,- ասել է Հերցոգը։
Հերցոգի ուղեւորության ժամանակ նրան ուղեկցում է առողջապահության եւ ներքին գործերի նախարար Մոշե Արբելը։ Օդանավակայանում Իսրայելի նախագահին դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետն ու փոխարտգործնախարարը։
Այցի ընթացքում կստորագրվի երկկողմ համաձայնագիր Իսրայելի եւ Ադրբեջանի միջեւ առողջապահության ոլորտում համագործակցության վերաբերյալ։ Բացի պաշտոնական հանդիպումներից, Հերցոգը տիկնոջ հետ կմասնակցի տոնական միջոցառմանը՝ նվիրված Իսրայել պետության ստեղծման 75-ամյակին, եւ կհանդիպի տեղի հրեական համայնքի ակտիվիստների հետ։
comment.count (0)