«Տրանսպորտային հաղորդակցության մասին միշտ պատրաստ ենք խոսել, միջանցքների մասին՝ ոչ, դա կարմիր գիծ է, չի քննարկվելու»․ Մհեր Գրիգորյան

 |aravot.am|
13:56 - 30 մայիսի, 2023

«Տրանսպորտային հաղորդակցության մասին միշտ պատրաստ ենք խոսել, միջանցքների մասին՝ ոչ, դա կարմիր գիծ է, չի քննարկվելու»․ Մհեր Գրիգորյան |aravot.am|

aravot.am: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Մոսկվայում Ադրբեջանի նախագահի՝ «միջանցքի» վերաբերյալ հնչեցրած հայտարարություններին։

«Եթե դուք զգացիք, միշտ եղել է մի եզր, երբ ընկալումների տեսանկյունից շատ դեպքերում հայտարարվել է «միջանցք»՝ որպես տրանսպորտային միջանցք, ինչը միջազգային պրակտիկայում ընդունված տերմին է։ Բայց նաեւ շատ դեպքերում էլ ընդգծվել է «միջանցք», ես կարծում եմ, այլ վերաբերմունք կամ ցանկություն ունենալու տեսանկյունից։ Եվ մենք մշտապես այդ երկրորդ տարբերակի հետ կապված տվել ենք մեր պաշտոնական դիրքորոշումը, որ դա ուղղակի բացառված է։ Տրանսպորտային հաղորդակցության մասին մենք միշտ պատրաստ ենք խոսել, միջանցքների մասին, եթե ենթադրվում է այդ տերմինի տակ հատուկ ռեժիմ, ոչ, չենք քննարկելու նման հարց»,- ասաց Մհեր Գրիգորյանը։

Հարցին, թե Ադրբեջանը շարունակո՞ւմ է պնդել «միջանցքի» մասին, Մհեր Գրիգորյանը պատասխանեց․ «Ինքներդ գնահատեք, այդ թվում՝ վերջին խոսակցությունն ու հայտարարությունները դրա շուրջ»։ Նա հավելեց․ «Ես հույսով եմ, որ նման քննարկում չի լինի, որովհետեւ մենք անվերջ հայտարարել ենք, որ դա կարմիր գիծ է, չի քննարկվելու նման հարց։ Ես չեմ կարծում, որ տվյալ պարագայում կկազմակերպվի եռակողմ հանդիպում եւ նորից այդ հարցը կբարձրացվի, որովհետեւ առնվազն դա անիմաստ է, մենք չենք քննարկում այդ հարցը»։

Մհեր Գրիգորյանը նշեց, որ ենթակառուցվածքների վրա ամբողջությամբ տարածվելու է Հայաստանի Հանրապետության իրավազորությունը․ «Այդ սկզբունքների շրջանակներում մենք միշտ պատրաստ ենք եղել եւ հիմա էլ պատրաստ ենք քննարկումների, թեմայի զարգացմանը եւ ի վերջո ապաշրջափակմանը, ինչն իմ կարծիքով կարեւոր նշանակություն ունի նաեւ Հայաստանի Հանրապետության համար»։

Հարցին, թե ի՞նչ նկատի ունի հայկական կողմը, երբ հայտարարում են, որ ՀՀ ճանապարհներին մաքսային հսկողությունը կարող է իրականացվել միջազգային կազմակերպության միջոցով, Մհեր Գրիգորյանը պատասխանեց, որ նման քննարկում այս պահին չկա։ «Օրակարգում նման հարց մենք չենք մշակել։ Նման գաղափարներ եղել են, շրջանառվել են, բայց մշակված ձեւաչափ այս պահին չկա»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել