Իրադրությունը շարունակում է մնալ ծայրահեղ լարված, բայց դրական տեղաշարժի որոշակի հույսեր կան․ Փաշինյան
10:12 - 22 սեպտեմբերի, 2023

Իրադրությունը շարունակում է մնալ ծայրահեղ լարված, բայց դրական տեղաշարժի որոշակի հույսեր կան․ Փաշինյան

Պետք է արձանագրել, որ իրադրությունը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։ Հումանիտար ճգնաժամը շարունակվում է։

Այս մասին Կառավարության այսօրվա նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ մշտական կապի մեջ է ԼՂ գործընկերների հետ․

«Եվ այսօր առավոտյան ունեցած քննարկումների արդյունքում կարող ենք արձանագրել, այնուամենայնիվ, որ դրական տեղաշարժի իրադրության որոշակի հույսեր կան, և դա ԼՂ մեր մի շարք գործընկերների գնահատականն է, որը մենք նաև ինչ-որ առումով կիսում ենք։ Ի՞նչ նկատի ունենք, երբ ասւոմ ենք՝ դրական զարգացումների հույսեր կան։ Նկատի է առնվում, որ ԼՂ բնակավայրերի բնակիչները, մեր հայրենակիցները կարող են իրենց տները վերադառնալու իրական հնարավորություն ստանալ։ Բայց նաև ուզում եմ հետեւյալն ասել, որ պետք է արձանագրել, որ մենք արձանագրում ենք, որ իրավիճակը դինամիկ և փոփոխական է, այսինքն՝ տեղեկությունը, որ մենք ունենք, կես ժամից կարող է փոխվել։ Բայց շատ կարևոր է, որ ամեն պահի մենք ունենանքն ճշտված և ճշգրտված տեղեկություն էդ պահի մասին և նաև որոշակի պատկերացումներ՝ դինամիկայի մասին»։

Փաշինյանի խոսքով՝ նաև որոշակի հույսեր կան հումանիտար իրադրության բարելավման վերաբերյալ․ «Չի բացառվում, որ այսօր հումանիտար աջակցության ավելի մեծ խմբաքանակներ մտնեն ԼՂ։ Հիմա ուղղակի ավելի մանրամասն չեմ կարող ասել, որովհետև կան որոշակի պայմանավորվածություններ, որոնց իրագործումն էս պահին պետք է մեկնարկի։ Կմեկնարկի, թե չէ, չեմ կարող ասել, բայց որ կան որոակի պայմանավորվածություններ, դա հստակ է։ Խոսքը դինամիկ գործընթացի մասին է»։

Նշենք, որ Կառավարության՝ ժամը 11։00-ին նախատեսված նիստը այսօր մեկնարկեց ժամը 10։00-ին։ Երեկ ընդդիմությունը հայտարարել էր, որ ժա,ը 10։00-ից պետք է հավաքվեն Կառավարության շենքի մոտ՝ խոչընդոտելու իշխանության մուտքը եւ նիստի կայացումը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել