Երեւանում մի քանի գետնանցումներ կսկսեն վերանորոգել արդեն հաջորդ տարի. Երևանի փոխքաղաքապետ |news.am|
14:01 - 29 հոկտեմբերի, 2019

Երեւանում մի քանի գետնանցումներ կսկսեն վերանորոգել արդեն հաջորդ տարի. Երևանի փոխքաղաքապետ |news.am|

news.am։ Երեւանում մի քանի գետնանցումներ կսկսեն կապիտալ վերանորոգել արդեն հաջորդ տարի: Հոկտեմբերի 29-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ այս մասին ասաց Երեւանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին:

Քաղաքային իշխանություններին պատգամավորը մեղադրեց, որ Երեւանում որոշ գետնանցումներ անբավարար վիճակում են, իսկ որոշ անցումներում անգամ լուսավորություն չկա: Սրան փոխքաղաքապետը պատասխանեց, որ առանձնապես վատ վիճակում է Մաշտոցի պողոտայի սկզբնամասի գետնանցումը, Գրիգոր Լուսավորիչ եւ Պարոնյան փողոցների խաչմերուկում:

«Այստեղ խոնավություն է կուտակվում, այն առաստաղից է կաթում: Ուստի կապիտալ վերանորոգում է անհրաժեշտ: Առանց դրա, ամեն ինչ կրկին կխոնավանա: Այս պատճառով էլ ոչ ոք չի համաձայնվում այստեղ խանութներ բացել»,- պարզաբանեց Սարգսյանը:

Նրա խոսքով՝ դրա հետ մեկտեղ, հիմա քաղաքապետարանը անցումներում ժամանակավոր լուսավորություն է անցկացնում, որ այնտեղ գոնե մութ չլինի: Իսկ կապիտալ վերանորոգման համար հաջորդ տարի կապալառուի մրցույթ կանցկացվի, որն էլ կզբաղվի այդ գետնանցումի վերականգնմամբ, նշեց փոխքաղաքապետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել