ՄԱԿ-ը պետք է չեղարկի Ադրբեջանի՝ որպես COP29 հյուրընկալող երկիր ճանաչելու որոշումը. Լեմկինի ինստիտուտ |news.am|
11:02 - 06 հունիսի, 2024

ՄԱԿ-ը պետք է չեղարկի Ադրբեջանի՝ որպես COP29 հյուրընկալող երկիր ճանաչելու որոշումը. Լեմկինի ինստիտուտ |news.am|

news.am: Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը դեմ է հանդես գալիս ՄԱԿ-ի՝ Ադրբեջանը որպես COP29 ամենամյա գագաթնաժողովը հյուրընկալող երկիր համարելու որոշմանը՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ցեղասպանական ռազմավարությունը, այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի ցեղասպան ու հայատյաց գաղափարախոսությունը, ինչպես նաև երկրում կոռուպցիայի ու մարդու իրավունքների լայնամասշտաբ ոտնահարումները: Այս մասին ասվում է ինստիտուտի հայտարարության մեջ:

«Ադրբեջանին շնորհելով այս կարևոր իրադարձությունը, այն է՝ COP29-ը հյուրընկալելու պատիվը, ՄԱԿ-ը հավանություն է տալիս ցեղասպանական խոսքին, ցեղասպանական քաղաքականությանը և բռնապետությանը, ինչը ձեռնտու չէ ո՛չ կլիմային, ո՛չ էլ համայն աշխարհի մարդկությանը: Ադրբեջանի՝ որպես COP հյուրընկալող երկրի ընտրությունը լեգիտիմացնում, ռացիոնալացնում ու նորմալացնում է ցեղասպանությունը համաշխարհային քաղաքականության մեջ: Ավելին, այն սպառնում է Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայով հաստատված սկզբունքների արժանահավատությանը: Ցեղասպանության կանխարգելման, մարդու իրավունքների և ՄԱԿ-ի՝ որպես աշխարհի ժողովրդներին ներկայացնող մարմնի, հաջողության շահերից ելնելով, ՄԱԿ-ը պետք է չեղարկի Ադրբեջանի ընտրությունը՝ որպես COP29-ի կազմակերպիչ, այնուհետև կամ գտնի մեկ այլ հյուրընկալող երկիր, կամ էլ կոնֆերանսն անցկացնի Գերմանիայի Բոնն քաղաքում, որտեղ էլ այս պահին անցկացվում է COP-ի նախնական հանդիպումը։

Ադրբեջանն ընտրվել է COP29-ը հյուրընկալող երկիր՝ ՄԱԿ-ի հաստատված մեխանիզմի միջոցով 2023 թվականի դեկտեմբերին․ այսինքն, երեք ամիս չանցած այն իրողությունից, երբ այդ երկիրը էթնիկ զտումների միջոցով կազմակերպեց ցեղասպանություն՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի (Արցախի) հայերի նկատմամբ, իսկ դրանից առաջ էլ տասը ամիս շարունակ ցեղասպանական շրջափակման ենթարկելով տարածքի բնակչությանը։ Արցախից գաղթը, որով վերջ դրվեց աշխարհի հնագույն քրիստոնեական համայնքներից մեկի գրեթե 4000-ամյա անդադար ներկայությանը, վերջին ժամանակների ամենաարդյունավետ ցեղասպանություններից էր: Արցախահայության դեմ Ադրբեջանի «հաղթանակը» տոնելու համար այդ երկրի նախագահ Ալիևը նույնիսկ խարույկ վառեց Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում՝ Նովրուզի առթիվ, ինչն էլ անվանեց «վերջնական մաքրում»: Նախագահ Ալիևը՝ Ադրբեջանի ընտրությունը որպես COP29-ը հյուրընկալելու երկիր, դիտարկել է իբրև հայերի նկատմամբ իր ցեղասպան քաղաքականության հավանություն: Լսելով այդ լուրը՝ նա հայտարարել է. «Մենք դա համարում ենք միջազգային հանրության կողմից հարգանքի նշան Ադրբեջանի և այն ամենի նկատմամբ, ինչ մենք անում ենք...»:

Չի կարելի մոռանալ, որ 2020 թվականի Ադրբեջանի և Արցախի միջև պատերազմի ժամանակ ադրբեջանցի զինվորները մեղսավոր են եղել զինաթափված հայ զինվորների, ինչպես նաև հայ խաղաղ բնակիչների, այդ թվում՝ տարեցների և հաշմանդամների նկատմամբ ծայրահեղ ու սարսափելի վայրագությունների համար։ Այս փաստագրված վայրագությունները ներառում են գլխատումներ, անդամահատումներ դեռևս կենդանության ժամանակ, խոշտանգումներ և ծիսական նվաստացումներ՝ բացառապես հայերի ինքնության պատճառով, ինչի մասին վկայում են դրոշների և երգերի օգտագործումը: Երբ 2022 թվականին Ադրբեջանն ագրեսիվ պատերազմ սանձազերծեց Հայաստանի դեմ, այն նմանօրինակ վայրագություններ իրականացրեց, այդ թվում՝ հայ կանանց նկատմամբ սեռական բռնության կիրառումը և զինաթափված հայ զինվորների կոտորածը։ Այս հանցագործությունների համար այդ երկիրը որևէ պատասխանատվության չի ենթարկվել։ Այս դեպքերը հիշեցնում են 1915-1923 թվականների թուրքական և ադրբեջանական զորքերի, ժանդարմների, զինվորների ու քաղաքացիական անձանց կողմից հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանական վայրագությունները, ինչը պարզորոշ կերպով բացատրում է այն, թե ինչու էր Ադրբեջանի համար այդքան հեշտ արցախցի հայերին ահաբեկելը և արցախահայությանը ստիպել երկրից փախչելը, երբ 2023 թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ներխուժեց Արցախ:

Բացի նրանից, որ Ադրեջանը տասը ամիս շարւնակ շրջափակման մեջ պահեց Լեռնային Ղարաբաղի մոտ 120 հազար հայերին, այնուհետև ներխուժեց տարածք և ստիպեց գրեթե ամբողջ բնակչությանը փախուստի դիմել, այդ երկիրը նաև մեթոդաբար ոչնչացնում է Արցախում հայկական մշակութային ժառանգությունը։ Եթե այս ուղղությամբ որևէ միջոց չձեռնարկվի, ապա Արցախը կդառնա երկրորդ Նախիջևանը՝ ադրբեջանական էքսկլավը, որը ժամանակին ունեցել է զգալի թվով հայ բնակչություն, իսկ այժմ այնտեղ չկա գեթ մեկը։ Նախիջևանում Ադրբեջանն արդեն ոչնչացրել է հայկական մշակութային ժառանգության մոտ 98 տոկոսը՝ ներառյալ եկեղեցիները, գերեզմաններն ու վանքերը։

Այս հանցագործություններից բացի՝ Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար կալանքի տակ պահել հայ ռազմագերիներին, քաղաքացիական անձանց և ժողովրդավարական ճանապարհով ընտրված Արցախի կառավարության անդամներին, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանին՝ միջազգային մարդասիրական գործչին, որը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրն է: Առկա են նաև հայ պատանդների նկատմամբ խոշտանգումների կրկնակի կիրառման հիմնավոր ապացույցներ։

 

Ադրբեջանը պարբերաբար խախտում է միջազգային իրավունքը՝ անտեսելով պայմանագրերն ու միջազգային դատարանների որոշումները: 2022 թվականի պատերազմը Հայաստանի դեմ, Արցախի տասնամսյա շրջափակումը և սեպտեմբերի 19-ին Արցախ ներխուժումը․ ահա այս բոլորը 2020 թվականի նոյեմբերին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից համաձայնեցված հրադադարի Եռակողմ հայտարարության դրույթների խախտումներն էին․ հրադադար, որի հաստատմամբ ավարտվեց 2020 թվականի պատերազմը։ Ավելին, Ադրբեջանը անտեսել ու ոտնահարել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից 2021 թվականի դեկտեմբերի 7-ին, 2023 թվականի փետրվարի 22-ին, 2023 թվականի հուլիսի 6-ին և 2023 թվականի նոյեմբերի 17-ին սահմանված ժամանակավոր միջոցները։

Հարկ է նաև նշել, որ Ադրբեջանում մարդու իրավունքներն անմխիթար վիճակում են, ինչը գնալով վատթարանում է: 2023-2024 թվականներին Ադրբեջանի ազատության ցուցանիշը նվազել է 2 կետով՝ 9-ից հասնելով 7-ի (100-միավորից), ինչն այդ երկիրը դարձնում է աշխարհի ամենաավտորիտար պետություններից մեկը։ Ավելին, Ադրբեջանի և Ալիևի վարչակարգի գործողությունները հողօգտագործման և բնական կլիմայի պահպանման հարցերում ուղղակիորեն հակասում են COP29 համաժողովի հիմքում ընկած հիմնարար սկզբունքներին: Ադրբեջանը ոչ միայն նավթային պետություն է, որը հենվում է հանածո վառելիքի արտահանման վրա, այլև այդ երկրի պետական էներգետիկ և բնական պաշարների արդյունաբերությունը թաղված է կոռուպցիայի մեջ, ինչը երկիրն ուղղակիորեն հակադրում է COP29-ի հայտարարված նպատակներից մեկին, այն է՝ Փարիզի համաձայնագրի Ընդլայնված թափանցիկության շրջանակի ամբողջականացում։

Ոմանք COP29-ը ազդարարվում են իբրև «խաղաղության գագաթնաժողով»: Լեմկինի ինստիտուտը նման պնդումները համարում է անհեթեթ, ամոթալի և խորապես ցինիկ՝ հաշվի առնելով այն ամենը, ինչ բոլորս գիտենք Ալիևի ռեժիմի մասին: Այն ժամանակ, երբ աշխարհի բնակչությունը կորցրել է հավատը միջազգային կառույցների նկատմամբ, ՄԱԿ-ը պետք է գլուխը դուրս հանի ավազից և դադարեցնի դիվանագիտական հովանավորությունը Ադրբեջանի ցեղասպան պետությանը՝ սկսած COP29-ից»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել