ԱՄՆ-ն հետ է կանչել Կոբախիձեի հրավերը՝ մասնակցելու ՄԱԿ-ում Բայդենի կազմակերպած ընդունելությանը. ԶԼՄ-ներ |armenpress.am|
19:36 - 25 սեպտեմբերի, 2024

ԱՄՆ-ն հետ է կանչել Կոբախիձեի հրավերը՝ մասնակցելու ՄԱԿ-ում Բայդենի կազմակերպած ընդունելությանը. ԶԼՄ-ներ |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում աշխարհի տարբեր երկրների ղեկավարների համար ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից կազմակերպված ընդունելությանը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հրավերը հետ է կանչվել։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Reuters գործակալությունից։

Նշվում է, որ վրացի պաշտոնյաները տեղական լրատվամիջոցներին հայտնել են, որ Կոբախիձեն, որը պետք է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ ունենա սեպտեմբերի 26-ին, նախապես հրավիրված է եղել ընդունելությանը, սակայն ավելի ուշ ամերիկյան կողմը չեղարկել է նրա հրավերը։ Վրացական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ԱՄՆ-ն մերժել է Կոբախիձեի պատվիրակության հետ բոլոր հանդիպումները։

Ըստ վրացական InterPressNews-ի՝ Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ հրավերը չեղարկվել է Վրաստանի կառավարության «հակաժողովրդավարական գործողությունների, ապատեղեկատվության և ԱՄՆ-ի և Արևմուտքի նկատմամբ բացասական հռետորաբանության պատճառով»:

Լրատվամիջոցը մեջբերել է խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլիի խոսքերն այն մասին, որ հրավերի չեղարկումն «անլուրջ է»: 

Վրաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունները վատթարացել են այն բանից հետո, երբ երկրում ընդունվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, որն, ըստ ԵՄ-ի և ԱՄՆ-ի, ռուսական է։ Օրենքի ընդունման դեմ Վրաստանում բազմահազարանոց ցույցեր են տեղի ունեցել։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել