azatutyun.am: Ադրբեջանի անվտանգության քարտուղար Ռամիլ Ուսուբովը սպառնացել է՝ «Ադրբեջանը, որպես հաղթանակած երկիր և տարածաշրջանի ռազմական ուժերի կենտրոն, կարող է պարտադրել Հայաստանին խաղաղություն՝ խաղաղության պայմանագրի ստորագրմամբ», հաղորդում է ադրբեջանական Report գործակալությունը։
Իր հոդվածում, որը հրապարակվել է երկուշաբթի, «Ադրբեջան» թերթում, ադրբեջանցի պաշտոնյան հայտարարել է, որ իր երկիրը «հաջողությամբ ձևավորել է պաշտպանության և հակազդեցության համակարգ, որը կարճ ժամանակում կարող է պատասխան տալ ցանկացած արտաքին սպառնալիքի»։
Բաքուն, սակայն, պարբերաբար դժգոհում է Հայաստանի «ռազմականացումից», հայտարարում «խաղաղության ուղղությամբ ջանքերի գործադրման մասին»։ Մինչդեռ ԱԽ քարտուղարն ընդգծել է «Հայաստանի համար անհրաժեշտությունը՝ ազատվել արտաքին ազդեցություններից, որոնք վնասում են երկրի շահերին»:
Հայկական կողմը, մինչդեռ, երեկ հայտնեց, որ Երևանն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները։ Սա չգաղտնազերծվող փաստաթղթի 11-րդ խմբագրությունն է։ Իսկ անցած շաբաթ արտգործնախարար Արարատ Միրզոյանը տեղեկացրել էր, որ ադրբեջանական կողմի հետ աշխատում են փաստաթղթի «մեկ-երկու ձևակերպման» շուրջ, որից հետո, ըստ նրա, այն պատրաստ կլինի ստորագրման։
comment.count (0)