ԱՄՆ-ի հետ հանածոների գործարքում անվտանգության երաշխիքները դեռ համաձայնեցված չեն. Զելենսկի
 |factor.am|
22:08 - 26 փետրվարի, 2025

ԱՄՆ-ի հետ հանածոների գործարքում անվտանգության երաշխիքները դեռ համաձայնեցված չեն. Զելենսկի |factor.am|

factor.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսում հաստատել է, որ ԱՄՆ-ի կողմից անվտանգության երաշխիքները դեռևս համաձայնեցված չեն հանածոների մասին գործարքում։ Նրա խոսքով՝ բնական ռեսուրսների վերաբերյալ համաձայնագրի քննարկման ժամանակ իր թիմը պնդել է, որ ամերիկացիները համապատասխան տող ներառեն փաստաթղթում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ես ցանկանում էի, որ Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների առաջարկը լինի, կարևոր է, որ այն այնտեղ լինի»,-ասել է նա։

Զելենսկիի խոսքով՝ Վաշինգտոն այցի ընթացքում ինքը մտադիր է ուղղակիորեն հարցնել՝ արդյո՞ք Ամերիկան կշարունակի աջակցել Կիևին։

Նա նաև հայտարարել է, որ պաշտոնյաները դրական են գնահատում համաձայնագրի վերջնական տարբերակը, և որ ինքն անձամբ է տեսել փաստաթուղթը և նախատեսում է աշխատել դրա հետ։ Ուկրանայի նախագահը նշել է, որ իր կողմից բարձրացրած հիմնական հարցերը պատշաճ կերպով արտացոլված են համաձայնագրի տեքստում։

«Ինձ համար գլխավորն այն էր, որ մենք պարտք չենք, համաձայնագիրը չի ներառում ո՛չ 500 միլիարդ պարտք, ո՛չ 350, ո՛չ էլ 100: Դա անարդար կլինի մեր նկատմամբ»,- ընդգծել է Զելենսկին։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուրբաթ կայցելի Վաշինգտոն՝ ստորագրելու գործարքը։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել