civilnet.am: Կառավարությունը փետրվարի 27-ին հաստատեց Հայաստանի կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ 2024 թվականին Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է ՀՆԱ-ի՝ 5,9% իրական աճ կամ տնտեսական աճ։ Նա կարևորեց աշխատատեղերի ավելացման հանգամանքը։ Փաշինյանը հայտնեց, որ 2020-ից սկսած՝ եղել են ճգնաժամային տարիներ, սակայն կառավարությանը հաջողվել է բարձր տնտեսական կայունություն ապահովել երկրի համար։
Կառավարության զեկույցում անդրադարձ կա մի շարք ոլորտների՝ Ադրբեջանի հետ հարաբերություններից մինչև սոցիալական հարցեր։
«Ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանի Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանի Բերքաբեր-Ղըզըլ Հաջիլի, Կիրանց-Խեյրեմլի, Ոսկեպար-Ասկիպարա, Բաղանիս-Բաղանիս Այրում հատվածներում իրականացվեցին պետական սահմանի շուրջ 12,7 կմ հատվածի սահմանազատում և սահմանագծում»,- հիշեցվում է զեկույցում։
Բացի այդ, նշվում է, որ Հայաստանը և Ադրբեջանը շարունակել են աշխատանքը երկու երկրների միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի վրա։ Նախագծի 17 հոդվածներից համաձայնեցված է 15-ը։
Ըստ զեկույցի՝ չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ Հայաստանի կառավարությունը հանդես է եկել լուծման առաջարկներով և սպասում է Ադրբեջանի արձագանքին։
Իրանի հետ նախորդ տարի, զեկույցի համաձայն, խորացել են երկկողմ հարաբերությունները․ 2024-ի արդյունքներով Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 737,4 մլն դոլարին համարժեք գումար՝ 2023-ի համեմատ աճելով 6,5%-ով։
Իսկ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 12,4 մլրդ դոլարին համարժեք գումար՝ 2023 թվականի համեմատ աճելով 56,5%-ով։ Միաժամանակ, 2024 թվականին Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 410,6 մլն դոլարին համարժեք գումար՝ 2023 թվականի համեմատ նվազելով 38,7%-ով։
Անդրադարձ է կատարվում նաև մյուս երկրների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերություններին։
Ծրագրի համաձայն՝ ՀՀ զինված ուժերում արմատական համակարգային բարեփոխումների իրականացման հիմնական ուղենիշների սահմանման նպատակով 2024 թվականի ընթացքում մշակվել, հավանության է արժանացել և հրապարակվել է «Բանակի կերպափոխման հայեցակարգը»։ Կառավարությունը հաստատել է ՀՀ զինված ուժերի նոր կառուցվածքը։
Նշվում է նաև, որ զինծառայողների ատեստավորմանը մասնակցել է շուրջ 13,500 զինծառայող։ Ատեստավորմանը մասնակցած զինծառայողների 57 տոկոսը ստացել է դրական գնահատական։ Ատեստավորման արդյունքներով զինծառայողների ընդհանուր դրամական բավարարումն ավելացվել է 205,470 հազար դրամով։
Շարունակվել է «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, որի շահառուները 5 տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայության ընթացքում կստանան բարձր դրամական բավարարում, իսկ ծառայության ավարտին՝ 5 մլն ՀՀ դրամ պարգևավճար։ 2024 թվականին ծրագրի շահառու դառնալու համար հրամանագրվել է շուրջ 1,600 զինծառայող։
Զինված ուժերում կանանց ներգրավվածության մակարդակի բարձրացման նպատակով կատարված բարեփոխումների արդյունքում որպես առանձին ստորաբաժանում կազմավորված կանանց գումարտակում ներկայումս համալրված է սպայական կազմի հաստիքների 77 տոկոսը, ենթասպայական՝ 13 տոկոսը, պայմանագրային շարքային՝ 20 տոկոսը և պարտադիր ժամկետային կազմի հաստիքների 40 տոկոսը։
Արձանագրվել է նաև, որ զինված ուժերում բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքում 2023 թվականի համեմատ 2024 թվականին շուրջ 31 տոկոսով նվազել են մահվան ելքով դեպքերը և շուրջ 17 տոկոսով նվազել են ոչ կանոնագրքային փոխհարաբերությունները։
Ըստ զեկույցի՝ 2024 թվականին Հայաստանում իրականացված հակակոռուպցիոն ոլորտի բարեփոխումներն արժանացել են միջազգային բարձր գնահատականի։
Նշվում է, որ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը 2024 թվականին նախաձեռնել է 163 ուսումնասիրություն։
2024 թվականին Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը դատարան է ներկայացրել 44 հայցադիմում, որոնցով պահանջում է հօգուտ ՀՀ-ի բռնագանձել ապօրինի ծագում ունեցող 346 անշարժ գույք, 71 շարժական գույք և 85 իրավաբանական անձում մասնակցություն։
Բռնագանձման ենթակա գումարի չափը կազմում է շուրջ 96 մլրդ դրամ։ 2024 թվականին ներկայացված հայցադիմումների ընդհանուր հայցագինը շուրջ 100 մլրդ դրամ է։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը 2024 թվականին կնքել է հաշտության 4 համաձայնություն։
Իր ձևավորման օրվանից ի վեր Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունն ընդհանուր առմամբ նախաձեռնել է 614 ուսումնասիրություն, դատարան է ներկայացրել 136 հայցադիմում, որոնցով պահանջում է բռնագանձել 270 շարժական, 1,381 անշարժ գույք, 359 իրավաբանական անձում մասնակցություն։ Դրամական պահանջը կազմում է ավելի քան 527 մլրդ դրամ, իսկ ընդհանուր հայցագինը՝ շուրջ 600 մլրդ դրամ։
Ձևավորման օրվանից առ այսօր Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունն ընդհանուր առմամբ կնքել է 8 հաշտության համաձայնություն։
comment.count (0)