news.am: Մենք ուղղակի չենք կարող մեր տեղը նստել, ուղղակի հնարավոր չէ այս ամենի հետ համակերպել, մենք Ռուբենի հետ շատ սերտ շփումով, շատ մեծ սիրով կիսել ենք իր գաղափարները ու միշտ երազել ենք շատ մեծ հայկական ապագայի շատ լավ բաների մասին ու հիմա տեսնելով այն վիճակը, որում ինքն է, մեր հայրենակիցներն են, մենք ուղղակի չենք կարող լռել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Գայանե Հովսեփյանը, ով եկել էր մասնակցելու հաջակցությունը Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի հավաքին:
Գայանեն 2014 թվականից 7 տարի աշխատել է Ռուբեն Վարդանյանի հիմնադրած Հայաստանի զարգացման նախաձեռնություններ IDEA հիմնադրամում:
«Մենք փորձում ենք մեր ձայնը տեղ հասցնել։ Ես ուղղակի Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացի եմ, մեր նախկին գործընկերների նման ԱԳ նախարար չեմ, Արարատ Միրզոյանի հետ աշխատել ենք, Ազգային ժողովի պատգամավոր, անվտանգության խորհրդի անդամ Սարգիս Խանդանյան չեմ, Նիկոլ Փաշինյանի հետ անձնական կապ ունեցող նախկին մամուլի խոսնակ Մանե Գրիգորյան չեմ: Ես ուղղակի շարքային քաղաքացի եմ, սովորական հայկական կապույտ անձնագրով, ու ես հիմա ինձ պաշտպանված չեմ զգում:
Եթե այդ անձնագիրը կրող նույն Ռուբենը պաշտպանված չի, մենք ոչնչով իրենից տարբեր չենք ու փորձում ենք պահանջել մեր կառավարությունից՝ տեր կանգնել Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, ով որ ունի մեր հետ նույն անձնագիրը»,-ասաց նա:
Գայանեն նկատեց, որ կառավարության ջանքերն այն ժամանակ բավարար կգնահատի, երբ Ռուբեն Վարդանյանն ու մյուս հայ գերիները մեզ հետ լինեն նույն հայրենիքում:
«Մենք տարբեր միջազգային դեպքեր գիտենք, երբ բանտարկում են նույն ամերիկյան լրագրողներին, ուրիշ երկրների լրագրողներին, իրենց պետությունները տեր են կանգնում ու հաջողության հասնում են: Նույն բանն էլ մեր մոտ պետք է լինի։ Ես մտածում եմ, որ հնարավոր է անել շատ ավելին, քան հիմա արվում է և ամեն ինչ հնարավոր է: Իհարկե, դա հրաշք կլինի, բայց ես հրաշքներին հավատում եմ, ուզում եմ, որ իրենք էլ հավատան ու ինչքան լծակ ունեն, գործադրեն»,-ասաց Գայանե Հովսեփյանը:
comment.count (0)