1lurer.am: ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի կնքումն անմիջական դրական ազդեցություն կունենա Մերձավոր Արևելքի տարածաշրջանում խաղաղության գործընթացի վրա։ Այդ կարծիքն է հայտնել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։
«Ես շարունակելու եմ աջակցել և կոչ անել Միացյալ Նահանգներին և Իրանին ջանք չխնայել, ցուցաբերել իմաստություն և քաղաքական խիզախություն՝ այս հարցը հաջողությամբ ավարտին հասցնելու համար»,- հայտարարել է գործակալության գլխավոր տնօրենը։
Նա նաև նշել է, որ կան «չլուծված հարցեր» Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր համաձայնագրի երաշխիքների հետ կապված։
«Մենք շարունակում ենք համագործակցել, բայց երաշխիքների մասով դեռևս կան չլուծված հարցեր։ Իրանը պետք է անհապաղ տրամադրի տեխնիկապես հավաստի պատասխաններ՝ չհայտարարագրված միջուկային նյութերի և գործունեության տեսակների պարզաբանումների համար»,- գրել է Գրոսին X-ի իր էջում։
Հունիսի 8-ին Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին հայտարարել էր, որ Թեհրանը կարող է վերանայել ԱԷՄԳ -ի հետ հարաբերությունները, եթե կազմակերպության կառավարիչների խորհուրդը բացասական բանաձև ընդունի իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ:
comment.count (0)