ԱԺ-ն չընդունեց 3-րդ կարգի հաշմանդամություն ստացածներին անվճար սովորելու հնարավորության օրինագիծը |armenpress.am|
07:26 - 12 սեպտեմբերի, 2019

ԱԺ-ն չընդունեց 3-րդ կարգի հաշմանդամություն ստացածներին անվճար սովորելու հնարավորության օրինագիծը |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու ընթացքում դեմ քվեարկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության այն օրենքի նախագծին, որով առաջարկվում է, որ բուհերում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնառության ընթացքում 3-րդ կարգի հաշմանդամության կարգավիճակ ստացած անձինք ուսումն անվճար շարունակելու հնարավորություն ստանան:

Նախագիծը չընդունվեց 41 կողմ, 10 դեմ և 62 ձեռնպահ ձայնով:

 

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ շահառուների հստակ քանակը չի քննարկվել և հաշվի չի առնվել, թե ինչ ազդեցություն է ունենալու այն բյուջեի վրա: Այդ հանգամանքը հաշվի առնելով՝ Մակունցն իր գործընկերներին առաջարկեց այս պահին ձեռնպահ մնալ քվեարկության ժամանակ:

Գործող կարգավորման համաձայն՝ ընդունելության քննություններից դրական գնահատականներ ստացած առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք բուհ են ընդունվում և սովորում անվճար համակարգով: Վճարովի համակարգում սովորող անձինք, ովքեր ուսումնառության ընթացքում ստանում են առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն, դարձյալ անցնում են անվճար համակարգ:

Անվճար համակարգում սովորում են նաև մանկուց հաշմանդամ ճանաչված երեխաները, այստեղ չի նշվում հաշմանդամության կարգը, հետևաբար հաշմանդամություն ունեցող բոլոր անձինք են սովորում պետպատվերի շրջանակում: Մինչդեռ ուսումնառության ընթացքում երրորդ կարգի հաշմանդամություն ստացած ուսանողները դուրս են մնում պետպատվերով սովորելու հնարավորությունից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել