Նախկին քննիչին մեղադրանք է առաջադրվել 6.5 մլն դրամի իրեղեն ապացույցների և ոսկյա զարդերի հափշտակության համար
10:59 - 29 հուլիսի, 2019

Նախկին քննիչին մեղադրանք է առաջադրվել 6.5 մլն դրամի իրեղեն ապացույցների և ոսկյա զարդերի հափշտակության համար

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Գառնիկ Սիմոնյանը, 2014-2017թթ-ին զբաղեցնելով ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի պաշտոնը, իր վարույթում քննված երեք տարբեր քրեական գործերի նախաքննության ընթացքում կատարել է իրեն վստահված շուրջ 6.5մլն ՀՀ դրամ ընդհանուր արժեքով իրեղեն ապացույցների և ոսկյա զարդերի հափշտակություններ, որից հետո հիշյալ հափշտակությունների փաստը քողարկելու նպատակով կատարել է պաշտոնեական կեղծիք:

Ըստ առաջադրված մեղադրանքի` քննիչ Գառնիկ Սիմոնյանը հափշտակություն կատարելու դեպքի առթիվ իր վարույթում քննված քրեական գործով կատարած նախաքննության ընթացքում՝ 17.08.2015թ.-ին, վարկային կազմակերպությունից առգրավել է քաղաքացու կողմից այնտեղ գրավադրված առանձնապես խոշոր չափերով՝ 3.995.005 ՀՀ դրամի ոսկու և արծաթի ձուլակտորներն ու զարդերը և, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, մինչ քրեական գործը դատարան ուղարկելը, յուրացման եղանակով հափշտակել է դրանք։

Այնուհետև, հափշտակության փաստը քողարկելու նպատակով, Գառնիկ Սիմոնյանը 07.02.2017թ.-ին կազմել է վերը նշված ձուլակտորներն ու զարդերը իրեղեն ապացույց ճանաչելու և դրանք ՀՀ կենտրոնական բանկի պահպանությանը հանձնելու մասին կեղծ որոշում, ապա նույնաբովանդակ կեղծ տեղեկություններ է մտցրել նաև նույն օրը կազմած մեղադրական եզրակացության հավելվածում, այն դրել փաստաթղթաշրջանառության մեջ և քրեական գործի հետ ուղարկել դատախազություն:

Բացի այդ, նույն վարկային կազմակերպությունից հափշտակություն կատարելու մեկ այլ դեպքի առթիվ 01.08.2016թ.-ին հարուցած քրեական գործի նախաքննության ընթացքում Գառնիկ Սիմոնյանը նշված կազմակերպությունից առգրավել է հանցագործության առարկա հանդիսացող 1.040.156 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով զարդերը և դարձյալ յուրացման եղանակով հափշտակել դրանք, ապա` հափշտակության փաստը քողարկելու նպատակով կրկին կազմել է կեղծ որոշում և նույնաբովանդակ կեղծ տեղեկությունները ներառել նաև պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող մեղադրական եզրակացության հավելվածում և այն քրեական գործի հետ ուղարկել դատախազություն:

Դրանից բացի, իր վարույթում քննված ևս մեկ քրեական գործի նախաքննության ընթացքում կայացրած որոշմամբ քննիչը վարկային կազմակերպությունից առգրավել է 2016 թվականի ընթացքում այնտեղ գրավադրված խոշոր չափերով՝ 1.424.000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով ոսկյա զարդերը և յուրացման եղանակով հափշտակել դրանք։ Այնուհետև, հափշտակության փաստը քողարկելու նպատակով, հիշյալ ոսկյա զարդերն առգրավելու հիմք հանդիսացած որոշումն ու առգրավման արձանագրությունը չի կցել քրեական գործի նյութերին, իսկ 02.06.2017թ.-ին կայացրած՝ քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշմամբ որևէ կերպ չի անդրադարձել հիշյալ ընկերությունից ոսկյա զարդերը առգրավելու կամ վերադարձնելու հանգամանքին:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Գառնիկ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով /2 դրվագ/, ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով /2 դրվագ/ և ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Քրեական գործի նախաքննության ընթացքում վարկային կազմակերպությանը հասցված նյութական վնասն ամբողջությամբ վերականգնվել է:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել