Ողջի գետի աղտոտման փաստով վարույթ է հարուցվել. Էրիկ Գրիգորյան |news.am|
17:44 - 23 հոկտեմբերի, 2019

Ողջի գետի աղտոտման փաստով վարույթ է հարուցվել. Էրիկ Գրիգորյան |news.am|

news.am: Սյունիքի մարզում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին պատկանող Արծվանիկի պոչամբարի մետաղյա խողովակաշարի վթարի պատճառով Ողջի գետի աղտոտման փաստով վարույթ է հարուցվել: Այս մասին հոկտեմբերի 23-ին ԱԺ-ում հայտարարեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ տեսչական մարմինը ստուգումներ է նախաձեռնել, որոնց ընթացքում համապատասխան նմուշներ են վերցրել, որոնք վկայում են գետի ջրերում մի շարք ծանր մետաղների թույլատրելի խտության բարձրացման մասին: Նախարարը նշեց, որ կան օրենսդրական կարգավորումներ, որոնք նման դեպքում սահմանում են կամ վարչական, կամ քրեական պատասխանատվություն՝ կախված շրջակա միջավայրին հասցված վնասի ծանրությունից: Նա հիշեցրեց, որ նույն վայրում նման վթար էր տեղի ունեցել 2010-ին:

Այդ ժամանակ ընկերությունը փոխհատուցել էր վնասն ու տուգանք վճարել 700-900 հազար դրամի չափով:

«Կարծում ենք, որ գործող օրենսդրության շրջանակում փոխհատուցման չափը չի արտացոլում հասցված վնասի իրական ծավալը»,- հայտարարեց նախարարը՝ հավելելով, որ նախարարությունն այժմ աշխատում է պատժամիջոցների խստացման եւ տուգանքների չափի մեծացման ուղղությամբ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ի վաղ առավոտյան հայտնի է դարձել, որ կոմբինատի թափոնները լցվել են գետը, ինչի հետեւանքով գետը դարնչագույն է դարձել: Մինչ փրկարարների ժամանումը վերականգնման աշխատանքներ են իրականացվել: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել