ՍԴ նախագահը խտրական վերաբերմունք է դրսևորում ԱԺ խմբակցությունների նկատմամբ. Վլադիմիր Վարդանյան |lragir.am|
08:26 - 04 հոկտեմբերի, 2019

ՍԴ նախագահը խտրական վերաբերմունք է դրսևորում ԱԺ խմբակցությունների նկատմամբ. Վլադիմիր Վարդանյան |lragir.am|

lragir.am։ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հարցին, որ իր հանձնաժողովից ՍԴ նախագահին ուղարկված գրության մեջ վրիպակ է եղել:

«Այո, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից հանձնաժողովի նիստին մասնակցության հրավերի մասին գրության մեջ տեղ է գտել վրիպակ: Մենք երկար ժամանակ մտածում էինք՝ արդյոք պե՞տք է հրավիրենք պարոն Թովմասյանին հանձնաժողովի նիստին, թե ոչ, որովհետև օրենսդրական որևէ պարտավորություն չունեինք:

Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք ջատագովն էինք նրա, որպեսզի բոլոր գործընթացները լինեն թափանցիկ և հնարավորություն ընձեռենք, որպեսզի պարոն Թովմասյանը հնարավորություն ունենա արտահայտվելու, մեկ օր առաջ՝ սեպտեմբերի 23-ին, իմ հանձնարարությամբ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետները կազմեցին այդ փաստաթուղթը: Կազմեցին արագ, ես անմիջապես ստորագրեցի:

Չեմ նկատել վրիպակը, ընդունում եմ իմ մեղավորությունը»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը: Նա նշեց, որ այդ գրությունն ավելի ուշ է հասել ՍԴ, քան այն պաշտոնական հեռախոսազանգը, որը արել է հանձնաժողովի գործավարը՝ ՍԴ-ին տեղեկացնելով քննարկման մասին:

«Պարոն Թովմասյանն ու ՍԴ-ն տեղյակ են եղել, որ նիստ է լինելու ու այդ հարցն է քննարկվելու: ՍԴ-ն սենսացիայի տեղ չէ, որ այդ վրիպակն արձանագրեն: Ոչինչ, արձանագրել են, բարձրաձայնել, թող այդ անգրագիտության պիտակը մնա իմ վրա: Ես ուզում եմ ՍԴ-ն գնահատական տա նրան, թե ՍԴ նախագահին ուղղված գրությունը ինչո՞ւ է հրապարակում ՍԴ աշխատակազմի ղեկավարը, այն էլ իր անձնական Ֆեյսբուքի էջում:

Դրանից հետո ես դառնում եմ հարձակման թիրախ այն անձնաց կողմից, ովքեր անձնական շփումներում գալիս են, ինչ պաչում են, ասում են՝ դու մեր ընկերն ես: Ես հրապարակավ դիմում եմ ՍԴ-ին, որպեսզի այս վարքագծին պատշաճ գնահատական տա»,- ասաց Վարդանյանը:

Հիշեցնենք, որ խորհրդարանում իր լիազորությունների դադարեցման մասին նախագծի քննարկմանը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը չմասնակցեց:

Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ ցավում է, որ ՍԴ-ն այս աստիճան քաղաքականացված է: Նրա խոսքով՝ իրավական գորընթացներին փորձ են անում տալ քաղաքական գնահատական:

«ՍԴ նախագահը խտրական վերաբերմունք է դրսևորում ԱԺ խմբակցությունների նկատմամբ: Ի՞նչ է նշանակում՝ ներողություն եմ խնդրում ԲՀԿ խմբակցության պատգամավորներից, որ չեմ կարող պատասխանել նրանց հարցերին: Մենք խոսում ենք այն մասին՝ ունենք Սահմանադրական դատարան, որն անաչառ է բոլոր խմբակցությունների նկատմամբ, թե ոչ: Այս հարցի քաղաքականացումը ՍԴ նախագահն է արել»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը:

Նա ասաց, որ եթե ՍԴ-ում որոշեն Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ ԱԺ որոշման դիմումը չընդունել, ապա ԱԺ-ն խնդիրները շտկելով՝ նորից իրավունք ունի դիմել ՍԴ: «Բայց բոլոր օրենքի պահանջները ապահովվածն են, և ՍԴ-ն ֆորմալ որևէ հիմք չունի մերժելու այս դիմումը»,- հավելեց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել