Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց ԵՄ պատվիրակության գրասենյակի նորանշանակ ղեկավարին
10:46 - 01 հոկտեմբերի, 2019

Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց ԵՄ պատվիրակության գրասենյակի նորանշանակ ղեկավարին

Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց ԵՄ պատվիրակության գրասենյակի նորանշանակ ղեկավար տիկին Անդրեա Վիկտորինին:

Ողջունելով հյուրին՝ նախարար Ցոլակյանը շնորհավորեց Անդրեա Վիկտորինին ԵՄ պատվիրակության գրասենյակի ղեկավար նշանակվելու կապակցությամբ:

Հիշատակելով ԵՄ աջակցությունը, նախարարը նշեց ԱԻՆ ՓԾ-ին տրամադրված 230.000 եվրո արժողությամբ գույքի ծրագիրը: Բացի այդ, ըստ նախարարի, աշխատանքներ են տարվում Հայաստան֊ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) ներքո բնական և մարդածին աղետների ռիսկի նվազեցման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտում համագործակցության խորացման և ընդլայնման ուղղություններով:

Ֆելիքս Ցոլակյանի դիտարկմամբ, ներկայում առաջնահերթ խնդիր Է Հայաստանում առկա քիմիական ռադիոակտիվ թափոնների ոչնչացումը, որի համար չունենք համարժեք հնարավորություններ: Տարածաշրջանային դիրքը լրացուցիչ բարդություններ է ստեղծում:

Նախարարի տեղեկացմամբ՝ Իրանի Սպահան քաղաքում կա թափոնների ոչնչացման գործարան և իրանական կողմը պատրաստ է թափոնները տեղափոխել ոչնչացման, սակայն կա ֆինանսական խնդիր:

Այս հարցում շատ օգտակար կարող է լինել միջազգային համագործակցությունը:
Անդրեա Վիկտորինը շնորհակալություն հայտնեց բարի և դրական ընդունելության համար և հավաստեց Հայաստանի զարգացմանն աջակցելու ԵՄ պատրաստակամությունը:

Ըստ նրա, այդ դիրքորոշումն արտահայտված է ԵՄ-Հայաստան խոր և համապարփակ գործընկերության պայմանագրում, որտեղ քաղաքացիական պաշտպանության բաղադրիչը խիստ կարևորված է:

Անդրեա Վիկտորինը կարծում է, որ անհրաժեշտ է բարձրացնել աղետների ռիսկի տեղեկացվածությունը և մշտապես հիշել ավերիչ հետևանքների մասին:

Ի լրումն դեսպանի նկատառման, նախարարը հավելեց, որ առաջարկվել է հիշատակի օրերի մեջ ներառել դեկտեմբերի 7-ը՝ որպես հիշատակի և դիմակայունության օր:

Հանդիպման վերջում ԱԻ նախարարը ևս մեկ անգամ շնորհավորեց դեսպան Անդրեա Վիկտորինին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ տիկին դեսպանի երկարամյա փորձը ավելի կնպաստի ԱԻՆ ոլորտում ԵՄ հետ համագործակցության հետագա խորացմանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել