Միքայել Մելքումյանն ավտոներկրողների հետ քննարկել է ավտոշուկայի շուրջ ստեղծված իրավիճակը
21:53 - 12 փետրվարի, 2020

Միքայել Մելքումյանն ավտոներկրողների հետ քննարկել է ավտոշուկայի շուրջ ստեղծված իրավիճակը

ՀՀ Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը հանդիպել է ավտոներկրողների հետ: 

Հանդիպման ընթացքում քննարկվել է ավտոներկրման գործընթացի և ավտոշուկայի շուրջ ստեղծված իրավիճակը: Նշվել է, որ 2019 թվականին Հայաստան է ներկրվել 189 հազար ավտոմեքենա, որից 22000-ն արտահանվել է Ղազախստան, 37000-ը՝ Ռուսաստան: Մնացած 130000-ը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում: ՀՀ քաղաքացիներն այդ մեքենաների մեծ մասը հետագայում իրացնելու նպատակով վերցրել են վարկեր, ներգրավվել փոխառու միջոցներ: Արտահանման տեսանկյունից ավտոներկրողները մտահոգություն են հայտնել ղազախական շուկայի հետ առաջացած անհամաձայնությունների վերաբերյալ:

Ըստ Միքայել Մելքումյանի՝ հարցի առնչությամբ Կառավարությունն արդեն պետք է բանակցած լիներ ԵԱՏՄ անդամ որոշ երկրների հետ առկա արգելքները հանելու համար, ինչը կնպաստեր շուկայի ակտիվացմանը: Հանձնաժողովի նախագահը վստահեցրել է, որ հարցը կբարձրաձայնի այսօր Կառավարության հետ տեղի ունենալիք հարցուպատասխանի ընթացքում:

«Առաջարկ կանեմ, որպեսզի այս շփումները եռակողմ լինեն՝ ավտոներկրողներ, ԱԺ հանձնաժողով, Կառավարություն»,- նշել է Միքայել Մելքումյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել