Էրիկ Գրիգորյանը ցանկանում է Հայաստանը տեսնել որպես էլեկտրամոբիլ արտադրող երկիր |armenpress.am|
09:45 - 13 փետրվարի, 2020

Էրիկ Գրիգորյանը ցանկանում է Հայաստանը տեսնել որպես էլեկտրամոբիլ արտադրող երկիր |armenpress.am|

armenpress.am: ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը ցանկանում է ապագայում Հայաստանը տեսնել որպես էլեկտրամոբիլներ արտադրող երկիր: Նա նշում է, որ ՀՀ կառավարությունը վճռական է լիցքավորման կայանների ավելացման հարցում: Իսկ թե երբ Հայաստանի կառավարության ներկայացուցիչներին սպասարկող ավտոմեքենաները կփոխարինվեն էլեկտրամոբիլներով։ Նա անդրադարձել է նաև պոլիէթիլենային տոպրակների արգելման և պլաստիկի արտադրության, սիգի ապօրինի որսի կանխման, բնակավայրերն արևային նոր կայաններով ապահովման և այլ թեմաների:

- Պարոն Գրիգորյան, 2019 թվականին Շրջակա միջավայրի նախարարությունը մի շարք ծրագրեր է սկսել: Կա՞ն արդյոք այնպիսինները, որոնք դեռևս ավարտին չեն հասցվել և պետք է շարունակվեն, որո՞նք են դրանք:

-Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի խնայողության աշխատանքներ ենք սկսել 2019 թվականին: Գործընթացը շարունակական է: Ցանկանում եմ մի քանի կարևոր թիվ նշել. նախորդ տարի Արարատյան դաշտի ինքնաշատրվանող լքված հորերի կոնսերվացման և լուծարման շնորհիվ, ինչպես նաև որոշ գործող հորերի չափաքանակների նվազեցման շնորհիվ, հնարավոր է եղել մոտ 100 մլն խ/մ ծավալով ջրախնայողություն իրականացնել: Այդ խնայողությունն ավելին է, քան Երևանում 1 տարում օգտագործվող ջուրը: Այս տարի, արդեն մեկնարկել են ջրախնայողության աշխատանքները, ունենք որոշակի արդյունքներ: Նպատակ ունենք հնարավորինս նվազեցնել ջրի ոչ արդյունավետ օգտագործումը: Անցյալ տարի կարևոր աշխատանք է տարվել լքված պոչամբարների և թափոնակույտերի գույքագրման առումով, և դրանք ավարտին են հասցվել: Իմ հրամանով ստեղծվել է  առաջնային ռեկուլտիվացման ենթակա 10 տարածքի ցանկ: Այս պահին դիմել ենք Կառավարությանը և, համապատասխան ֆինանսավորման դեպքում, կսկսենք իրականացնել ֆիզիկական ռեկուլտիվացման աշխատանքները: Անտառային ոլորտում նույնպես մի շարք իրականացված աշխատանքներ կան, բայց դրանց մեծ մասը կրում է շարունակական բնույթ:   

- Նախարարությունը մշտապես աշխատում է տարբեր միջազգային կառույցների հետ: Այս տարի ինչպիսի՞ համագործակցություն է ծավալվելու:

- Միջազգային համագործակցության օրինակները բազմաթիվ են: Այս տարի, մի քանի օր առաջ, ՀՀ կառավարության և Եվրոպական Միության միջև համագործակցության արդյունքում բացվեց «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի (ՇՄՄՏԿ) լաբորատորիա, որը հագեցած է նոր սարքավորումներով և ունի վերապատրաստված անձնակազմ: Նախատեսում ենք դրամաշնորհների միջոցով ձեռք բերել նաև շարժական 2 լաբորատորիա, ինչը շատ կարևոր է փորձանմուշներն արագ վերցնելու և հետազոտելու համար: Այդ լաբորատորիաները հագեցած կլինեն օդի և ջրի փորձանմուշներ վերցնելու հնարավորությամբ: Մի լաբորատորիան կլինի ՇՄՄՏԿ-ի, իսկ մյուսը՝ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի զարգացման համար: 2020 թվականին ԵՄ-ն 5 մլն եվրո ֆինանսավորում է տրամադրել, և դրա շրջանակներում նախատեսում ենք Սևանի վերականգնման համար իրականացնել որոշակի միջոցառումներ: Այս պահին մշակվել է ճանապարհային քարտեզ: Կլիմայական  ծրագրերի ներքո իրականացվում են բազմաթիվ գործողություններ, և կա երկու խոշոր ձեռնարկ: Դրանցից մեկն արդեն ընթացքի մեջ է. Ադապտացիոն հիմնադրամից մոտ 1.5 մլն դոլար դրամաշնորհի շրջանակներում Արթիկի լքված քարհանքերի ռեկուլտիվացման ծրագիրն է, ինչի արդյունքում կստեղծվի զբոսայգի և քաղաքում էականորեն կնվազեցվեն փոշու արտանետումները: Երկրորդ ծրագրի համար տրամադրվել է 2.5 մլն դոլար, որի շրջանակներում Խոսրովի անտառ արգելոցի և Դիլիջանի ազգային պարկի հարակից համայնքներում իրականացվելու են մի շարք սոցիալ-տնտեսական ծրագրեր:

Հայաստանի հարավում 2020 թվականին մեծ ծրագրեր ունենք՝ Մեղրիում համաֆինանսավորմամբ գյուղատնտեսական շուկա կկառուցվի, Կապանի 7 բնակավայրի համար դրամաշնորհային միջոցներով կգնվի աղբատար մեքենա, կոնտեյներներ կտեղադրվեն և այլն: Այս ծրագրերի համար դրամաշնորհները տրամադրվելու են Գերմանական զարգացման բանկի կողմից: Մեղրու տարածաշրջանի բարձրլեռնային 2 գյուղում նախատեսվում է արևային ֆոտովոլտային (ՖՎ) կայան տեղադրել, որպեսզի դրանք ապահովվեն հոսանքով և լուծվի ջրի տաքացման խնդիրը: Այժմ մենք փորձում ենք նաև բրիկետների և պելետների արտադրություն կազմակերպել, ինչը նույնպես կարող է գյուղերում լուծել ջեռուցման հարցը: Այս ծրագրի համար կծախսվի մոտ 150-200 հազար եվրո: 2019 թվականին Զանգեզուր կենսոլորտային համալիրի տարածքում՝ Շիկահող արգելոցի հարակից 1 համայնքում, ամբողջովին անվճար տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ: Ընթացիկ տարում նախատեսում ենք ևս 3 գյուղում՝ մոտ 150 տնային տնտեսությունում, կրկին անվճար տեղադրել ջրային տաքացուցիչներ, ինչի արդյունքում կնվազեցվի շրջակա անտառային տարածքների վրա ճնշումը:

Նախորդ տարի դրամաշնորհային միջոցներով Ագարակի դպրոցում տեղադրվել է արևային ՖՎ կայան, ինչը թույլ է տվել խնայել տարեկան մոտ 3 մլն դրամ հոսանք: Առաջիկայում պատրաստվում ենք իրականացնել Կապանի հոգեբուժարանի արևային ֆոտովոլտային կայանով վերազինում, ինչը հետագայում զգալիորեն կնվազեցնի իրենց օպերացիոն ծախսերը:

- Ի՞նչ փուլում է Կառավարության՝ էլեկտրամոբիլների օգտագործմանն անցում կատարելու գործընթացը:

- Մենք նախատեսում էինք Global electric mobility ծրագիրն իրականացնել և ավարտին հասցնել 2019 թվականին: Սա գլոբալ գործընթաց է ու միայն Հայաստանը չէ ներգրավված, և այլ երկրների ընթացակարգային որոշակի ձգձգումների պատճառով ծրագիրը հետաձգվեց: ՀՀ կառավարությունը էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների օգտագործմանն անցում կկատարի մոտ ապագայում: Ծրագիրն իրականացվելու է  բնապահպանական դրամաշնորհային գումարների շնորհիվ, որը տրամադրելու է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը: Էլեկտրական շարժիչով ավտոմեքենաներն ունեն նաև վարքագիծ փոխելու որոշակի գործառույթ: Էլեկտրամոբիլներին առնչվող օրենսդրությունն ուժի մեջ է մտել 2019 թվականի երկրորդ կիսամյակում: Համեմատելով 2018 թվականի նույն ժամանակահատվածում էլեկտրամոբիլների ներմուծման ցուցանիշները, կարող ենք հսկայական տարբերություն տեսնել: 2018-ին Հայաստան է բերվել 1, իսկ 2019-ին՝ մոտ 150 էլեկտրական շարժիչով ավտոմեքենա: Այսօր արդեն կան ավտոդիլերներ, որոնք պաշտոնապես միայն էլեկտրամոբիլներ են ներմուծում: Այս ավտոմեքենաների արտադրությունն իր մեջ ավելի շատ նորարարություն և տեխնոլոգիա է պարունակում, քան մեքենաշինությունը: Մենք հույս ունենք, որ Հայաստանը նույնպես կկարողանա հանդիսանալ էլեկտրամոբիլների հավաքման և որոշ փուլում նաև արտադրության երկիր: Նախատեսում ենք նաև ունենալ ավելի շատ լիցքավորման կայաններ և ոչ միայն Երևանում, այլև այլ քաղաքներում, որպեսզի էլեկտրամոբիլների վարորդները հնարավորինս տեղաշարժման խնդիր չունենան:

Շարունակությունը՝ armenpress.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել