Կառավարությունն առաջարկում է երկարաձգել ներկրվող ցեմենտի վրա 14 հազար դրամ տուրք սահմանող օրենքի գործունեության ժամկետը |armtimes.com|
13:00 - 13 փետրվարի, 2020

Կառավարությունն առաջարկում է երկարաձգել ներկրվող ցեմենտի վրա 14 հազար դրամ տուրք սահմանող օրենքի գործունեության ժամկետը |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Կառավարությունն առաջարկում է երկարաձգել ներկրվող ցեմենտի վրա 14 հազար դրամ տուրք սահմանող օրենքի գործունեության ժամկետը: Այսօրվա նիստում հարցը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը:

«Մենք սահմանել էինք տուրք ցեմենտի ներմուծման համար՝ 14 հազար դրամ, եւ նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տուրքի սահմանման արդյունքում Իրանից ցեմենտի ներմուծման ամսական ծավալները որոշակիորեն նվազել են, սակայն զգալիորեն աճել են կլինկերի ներմուծման ծավալները: Առաջարկում ենք ավելի լավ կարգավորման մեխանիզմ տալու նպատակով երկարաձգել այս միջոցի գործունեության ժամկետը մինչև հուլիսի 1-ը»,- ասաց Ավանեսյանը:

Փոխնախարարն ընդգծեց, որ եթե 2018-ին Իրանից ամսական ներմուծվում էր 19 մլն տոննա ցեմենտ, ապա 2019-ին այդ ցուցանիշը հասել է 16,8 մլն տոննայի, սակայն դրա փոխարեն եռակի աճել է կլինկերի ներմուծումը. «Այսինքն՝ եթե մենք 2018-ին ամսական ներկրել ենք 2.8 հազար տոննա կլինկեր, հիմա դա հասել է 10 հազար տոննայի: Զուգահեռաբար, չնայած հայկական ցեմենտի արտադրության ծավալները որոշակիորեն նվազել են, կազմակերպություններից մեկում տեղի է ունեցել ծավալների որոշակի աճ: Ուստի կարող ենք փաստել, որ այդ մեխանիզմը, որ կիրառել ենք, որոշակի ազդեցություն ունեցել է, սակայն ավելի երկարաժամկետ ազդեցությունը հասկանալու համար պետք է երկարաձգել ժամկետը»:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հիշեցրեց, որ այս կարգավորմամբ տուրք էր նախատեսվել միայն ցեմենտի ներմուծման համար, իսկ կլինկերի համար որեւէ տուրք սահմանված չէր. «Հայաստանում կան ընկերություններ, որոնք ցեմենտ են արտադրում ներմուծված կլինկերի հիման վրա: Ընդամենն այս նախագծով 3 ամսով երկարաձգվում է մեխանիզմի կիրառումը, որի ընթացքում կհասկանանք հետագա կարգավորումների չափը, եւ արդյոք կլինկերի համար նույնպե՞ս պետք է պետտուրք սահմանել, թե՞ ոչ, որպեսզի ՀՀ-ում արտադրողները հնարավորություն ունենան շարունակել իրենց արտադրությունը»:

«Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին եւ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը կքննարկվի Ազգային ժողովում: Նշենք, որ ներկրվող ցեմենտի վրա 14 հազար դրամ տուրք սահմանող օրենքը գործում է մինչեւ 2020 թվականի ապրիլի 1-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել