Տարաձայնություններ չունենք, եթե հաշվի չառնենք աշխատանքային քննարկումները, որ հաճախ որպես հակասություն են ներկայացնում․ Արտակ Դավթյանը՝ Տոնոյանի հետ տարաձայնությունների մասին |shantnews.am|
15:04 - 18 փետրվարի, 2020

Տարաձայնություններ չունենք, եթե հաշվի չառնենք աշխատանքային քննարկումները, որ հաճախ որպես հակասություն են ներկայացնում․ Արտակ Դավթյանը՝ Տոնոյանի հետ տարաձայնությունների մասին |shantnews.am|

shantnews.am: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ կա՞ն տարաձայնություններ: Լրագրողներն այսօր այս հարցն ուղղեցին ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանին: Նա պատասխանեց.

«Տարաձայնություններ չունենք, եթե հաշվի չառնենք աշխատանքային քննարկումները, որ հաճախ որպես հակասություն են ներկայացնում: Եթե սկզբունքային խնդիրներ առաջ գան, եթե հարկ եղավ՝ հրաժարական կտամ, խնդիր չեմ տեսնում: Այս բազմազան ոլորտը որ կա, նախարարը մինչև որոշում ընդունելը խորհրդակցում է, ԳՇ պետն էլ ներկայացնում է մոտեցումները, որ հաճախ կարող են չհամընկնել: Քաղաքական առումով պատասխանատուն նախարարն է, այդ լուրերն ավելի շատ ուռճացված են, քան իրողություն»:

Դավթյանը կրկին անդրադարձավ բանակում ինքնասպանության փորձերին, նշեց՝ տվյալներ ունեն, աշխատում են, առանց դրանց և վերլուծական նյութերի իրենց աշխատանքը զրոյի կհավասարվեր: Նա հայտնեց, որ ունեն ինքնասպանությունը չավարտած դեպքեր, երբ փորձեր արվել են, սակայն ավարտին չեն հասցվել: Ասաց՝ ծնողներն ու իրավապահները հասկանում են իրական պատճառը, թե դեպքերից որոնք են կապված բանակի հետ: Դավթյանը նշեց՝ դեպքերի մի մասով նեղ անձնական բնույթի տվյալներ են, որ չէր ցանկանա հրապարակել:

ԳՇ պետին դիմեցին նաև մտահոգությամբ, որ մարդիկ մահանում են բանակում, սակայն իրական մեղավորները չեն պատժվում: Հարցին՝ կա՞ն տաբուներ, նա արձագանքեց.

«Նախկինում էլ չի եղել, հիմա էլ, եթե անգամ ցանկանանք: Եթե հանցագործություն է կատարել որևէ սպա կամ պաշտոնատար անձ, դրանք կոծկելը ձեռնտու չէ առաջին հերթին բանակին, ամեն զոհի կամ մահվան դեպքի հետ կապված է ընտանիքը, զորակցությունս եմ հայտնում իրենց, բայց դրա հետևում սպայական կազմն է կանգնած, իսկ կոծկել… ես չգիտեմ, եթե կան փաստեր, թող իրավապահներին տրամադրեն, զբաղվենք: Քննչականի գործունեության հետ կապված չեմ կարող պատասխանել, եթե անգամ ապացուցվել է, բայց ծնողը կարող է չընդունել, դա ես չեմ կարող մեկնաբանել: Դա քրգործի շրջանակներում իրականացված արդյունքներն են, մենք աջակցում ենք, համապատասխան սպաները, պաշտոնատար անձինք ընդգրկվում են վկայի կամ այլ կարգավիճակով, տաբուներ չկան»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել