Այս նախագիծը նպաստում է, որ ունենանք կոնկրետ անձանցից վախեցած դատավոր. սա մտահոգիչ է. Տարոն Սիմոնյանը` Դատական օրենսգրքում փոփոխությունների մասին |tert.am|
17:46 - 25 փետրվարի, 2020

Այս նախագիծը նպաստում է, որ ունենանք կոնկրետ անձանցից վախեցած դատավոր. սա մտահոգիչ է. Տարոն Սիմոնյանը` Դատական օրենսգրքում փոփոխությունների մասին |tert.am|

tert.am: Նախկինում քաղաքական իշխանության գործընկերները հայտարարում էին, որ ամբողջ դատական իշխանությունը կոռումպացված է, այսօր նույն քաղաքական իշխանության ներկայացուցիչների կողմից լսում եմ, որ մեր դատական իշխանությունը մեծամասնությամբ լավն է, և կան որոշ դատավորներ, որոնք պղտորում են ջուրը: Այս մասին այսօր Դատական օրենսգրքում փոփոխությունների թեմայով ԱԺ լսումների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

«Ես այստեղից երկու հետևություն ունեմ. կա՛մ մեր քաղաքական գործընկերները նախկինում անպատասխանատու հայտարարություններ էին անում և սևացնում էին բարեխիղճ դատավորներին, կա՛մ մեր քաղաքական իշխանության գործընկերներն արդեն ունեն հավատարմության երդում դատական իշխանության դատավորների մեծամասնությունից, երկու դեպքում էլ անընդունելի է և սա արդեն անպատասխանատու վերաբերմունք է»,- ասաց նա:

«Այն նախագիծը, որը դուք ներկայացրել եք, ոչ թե նպաստում է, որ մենք ունենանք անկախ դատավոր, այլ նպաստում է նրան, որ մենք ունենանք վախեցած դատավոր, բայց ոչ թե օրենքի խստությունից, այլ կոնկրետ անձանցից վախեցած, կաշկանդված դատավոր: Սա որևէ ձևով չի նպաստելու անկախ դատական իշխանություն ունենալու մեր ցանկությանը, քանի որ երբ դուք կարգապահական պատասխանատվության համար հիմքեր եք սահմանում և այդ հիմքերը հարուստ են իրավական անորոշությամբ, դա նշանակում է, որ դուք չեք բացառում կամայական որոշումների հնարավորությունը: Սա մտահոգիչ է, քանի որ այս տարբերակում մենք անկախ դատավոր չենք ունենալու, մենք ունենալու ենք էլի հրահանգ կատարող դատավոր, սա անկախ դատավորի ինստիտուտ չէ»,-ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել