Կասպրշիկը պատրաստ է առավելագույն ջանքեր գործադրել ՀՀ-Ադրբեջան սահմանին լարվածության թուլացման համար
21:17 - 12 մարտի, 2020

Կասպրշիկը պատրաստ է առավելագույն ջանքեր գործադրել ՀՀ-Ադրբեջան սահմանին լարվածության թուլացման համար

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մարտի 12-ի երեկոյան ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը դեսպանին է ներկայացնել հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը, հրադադարի ռեժիմի խախտման հաճախականությունն ու բնույթը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը, մասնավորապես, մտահոգություն է հայտնել վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանի որոշակի հատվածներում հակառակորդի գործողությունների աշխուժացման փորձերի կապակցությամբ: Դավիթ Տոնոյանը նշել է, որ տարածաշրջանային ռազմաքաղաքական զարգացումները, միջազգային տնտեսական, համաճարակային վիճակը, եղանակային պայմանները և մի շարք այլ գործոններ մեծացնում են իրավիճակի ապակայունացման հավանականությունը: Այս առումով պաշտպանության նախարարը կարևորել է լարվածության թուլացման միջոցառումների շուտափույթ իրականացումը՝ նոր սադրանքները բացառելու առումով:

Դեսպան Կասպրշիկը պատրաստակամություն է հայտնել առավելագույն ջանքեր գործադրել լարվածության թուլացման ուղղությամբ իր միջնորդական առաքելության մեջ:

Զրուցակիցները քննարկել են նաև գերության և անազատության մեջ պահվող քաղաքացիների հետ կապված հումանիտար հարցեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել