Ամենաճշգրիտ թեստերի բավարար քանակ ունենք, այս պահին՝ 3000, եւս 2000-ը շուտով կստանանք․ Արսեն Թորոսյան
00:24 - 19 մարտի, 2020

Ամենաճշգրիտ թեստերի բավարար քանակ ունենք, այս պահին՝ 3000, եւս 2000-ը շուտով կստանանք․ Արսեն Թորոսյան

Համաճարակաբանական տեսանկյունից կարեւր է հասկանալ՝ մենք նոր, դրսից բերովի, Էջմիածնի եւ արտադրամասի օջախների հետ չկապված դեպք ունենո՞ւմ ենք, թե՞ ոչ․ բարեբախտաբար, պրակտիկորեն չենք ունենում, բայց դա չի նշանակում, որ վաղը չենք ունենա։ Հանրային հեռուստաընկերության եթերում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ իրենք հայտնում են անխտիր բոլոր վարակվածների մասին։

Թորոսյանը հայտնեց, որ իրենք գնալով հայտանբերում են արտադրամասից բոլոր վարակված անձանց, որոնց շատ դեպքերում հիվանդ, կամ պացիենտ անվանելն էլ է ուռճացված, որովեհետեւ նրանք, ունենալով մի փոքր բարձր ջերմություն, այլ օբյեկտիվ ախտանիշ չունեն․ «Մենք համաճարակաբանական հետաքննություն ենք անում ամեն կոնկրետ դեպքի վերաբերյալ՝ ում հետ է շփվել, ինչպես, ուր է գնացել, եւ շրջանակը մեկուսացնելով՝ փորձում ենք կտրել վիրուսի տարածման կապերը»։

Թորոսյանը նկատեց, որ իրենք հաճախ են ստանում մեղադրանքներ, որ չի կարելի հենվել քաղաքացիների պատասխանատվության վրա, պետք են կոշտ մեթոդներ եւ այլն․

«Ես դեմ չեմ, որ երբեմն պետք են կոշտ մեթոդներ, բայց հնարավոր չէ կոշտ մեթոդ կիրառել ամբողջ ազգաբնակչության վրա եւ նման ռեժիմում պահել միայն վախի շնորհիվ։ Դա հնարավոր է իրականացնել բարձրացված գիտակցությամբ, որը մենք տեսնում ենք։ Եթե մեկ ամիս առաջ մեր կոչերին ավելի քիչ էին հետեւում, հիմա ավելի շատ են հետեւում»։

Թորոսյանն ասաց, որ կորոնավիրուսի հետ կապված կան տեսական կանխատեսումներ, բայց դրանք ամեն օր կարող են փոխվել․

«Մենք այդ տեսական կանխատեսումները պետք է փորձենք վերածել պրակտիկ կանխատեսման եւ իրականության, այսինքն՝ երբ կտեսնենք այդ կանխատեսումն իրականացավ, թե ոչ։ Երբ ունեինք մեկ պացիենտ, եւ շատ փոքր շփման շրջանակ, ըստ այդմ էինք կանխատեսումներ անում եւ պատրաստվում՝ մտքում ունենալով վատագույն սցենարներ։ Այս պահի իրավիճակն ունենալով՝ գիտենք, որ թվերը կարող են աճել այս կամ այն ուղղությամբ։ Եթե տեսնենք, որ թվերն անկառավարելի աճում են, այստեղ ուրիշ սցենար է գործելու։ Օրինակ, որ թեթեւ դեպքերն ընդհանրապես չեն հոսպիտալացվում։ Հիմա մենք բոլորին ենք հոսպիտալացնում, նույնիսկ ոչ շատ բարձր ջերմությամբ մարդկանց, բայց եթե գա մի սցենար, որ նման քաղաքացիների թիվը հազարներով լինի, ապա մենք նրանց չենք հոսպիտալացնի, որովհետեւ նրանց խնդիրը ծերերին, հիվանդություն ունեցող մարդկանց վարակելու հարցն է։ Նույն կերպ խորհուրդ ենք տալիս գրիպով հիվանդին չվարակել սիրտ-թոքային ծանր անբավարարությամբ տատիկին, հորը, ասում ենք՝ լավացիր, նոր գնա նրա հետ շփվելու»։

Իսկ առողջապահական համակարգի պատրաստավծության հիմնական խնդիրը, նախարարի խոսքով, այն է, որ բարձաձայնվում է, թոքերի արհեստական օդափոխության սարքերի առկայությունն ու քանակն է, եւ հարցը՝ արդյոք կկարողնա՞ն այսքան քանակի պացիենտի բուժել․

«Ո՞րն է մեր խնդիրը այս հարցը լուծելու շրջանակներում․ դժվար է ապահովել մի քանի 100 ազատ սարք, բայց հեշտ է այդ մի քանի հարյուր պոտենցիալ դեպքերը տարածել ժամանակի մեջ։ Բոլոր այն երկրները, որոնք կարողացել են հիվանդության դեպքերը տարածել ժամանակի մեջ, հիմնականում հաջողել են։ Երբ ունենում ես պիկ, եւ հատկապես ծեր մարդկանցով պիկ, առողջապահական որեւէ համակարգ դրան պարզապես չի կարող դիմանալ, որովհետեւ այդ ժամանակ գործում են պատերազմական օրենքները՝ այն պացիենտներին, որոնց հավանական չէ փրկել, ռեսուրսները կենտրոնացնում են նրանց կողմը, որոնց հնարավոր է փրկել։ Իտալիան մահերի թվով 3000-ին է մոտենում, եւ եթե Իտալիան պիկը հարթեցներ, խնդիր չէր ունենա։ Հիմա մենք ամեն ինչ անում ենք, որ այդ պիկերը հարթեցնենք եւ չունենանք ծանր դեպքեր։ Մեր կոչերը հենց դրա համար են, որ մենք պետք է պաշտպանենք խոցելի մեր ընկերներին, հարազատներին, որոնք հնարավոր է՝ չդիմանան հիվանդությանը»։

Նախարարը մանրամասնեց նաեւ, որ հետազոտություն անցնելու համար պետք է լինի բժշկական ցուցում եւ էպիդեմիոլոգիական ցուցում։ Էպիդեմիոլոգիական ցուցումը դեռեւս հետեւյալն է․ ռիսկի երկրներից ժամանելու փաստ եւ Հայաստանում արդեն եղած դեպքերի հետ որեւէ շփում։ Թորոսյանն ասաց, որ օրական մոտ 100-ից ավելի թեստ են դնում, ճնշող մեծամասնությունը բացասական է լինում․

«Բայց աստիճանաբար զարգացման դեպքում հնարավոր է, որ նույնիսկ քաղաքացու մոտ լինի կորոնավիրուսային վարակ, բայց մենք ասենք պարզաբես մնա տանը, դուրս մի արի, լավացի, հետո գնա առօրյա կյանքով ապրելու։ Այս պահին մենք նման իրավիճակ չունենք։ Մենք կարող ենք բոլոր նման դեպքերում հետազոտել, հոսպիտալացնել, սպասել 14 օր, նորից հետազոտել, վստահ լինել, որ նրա մոտ չկա վիրուս, այս դեպքում նոր ասել, որ կարող են վերադառնալ առօրյա կյանքի։ Մենք ամեն օր որոշում ենք՝ որ սցենարով գնանք առաջ։ Մենք փոփոխություններին զուգընթաց ենք որոշում՝ ինչպես շարժվել»։

Նախարարը հայտնեց, որ ամենաճշգրիտ թեստերի բավարար քանակ ունենք, այս պահին՝ 3000, եւս 1000-ը վաղը կամ մյուս օրը կստանանք, եւս 1000-ը՝ մյուս շաբաթ․

«Բայց հաճախ խոսվում է արագ թեստերի մասին՝ թքային եւ արյունային։ Դրանցից էլ ենք ձեռք բերում, մատակարարողների մասով հստակ ժամկետ չեմ կարող ասել, մենք փորձում ենք ճիշտ լոգիստիկ եղանակով բերել Հայաստան։ Երբ եղան, մի քիչ ավելի շատ տեղերում կարող են արվել, իսկ հիմա թեստավորումը կարող է արվել միայն մեր լաբորատորիայում, որտեղ կա կենսաանվտանգության բարձր մակարդակ»,- նշեց Թորոսյանը։

Նա հավելեց, որ այս պահին որեւէ սպեցիֆիկ դեղորայքով չեն բուժվում կորոնավիրուսով հիվանդները։ Ցուցված են հիմնականում ՄԻԱՎ-ի, Հեպատիտ Ց-ի դեղերը․

«Մենք ունենք այդ դեղերով հասանելիություն, նոր քանակ էլ ենք պատվիրել, սակայն մինչ օրս դրանք օգտագործելու առիթ չի եղել։ Վստահ չեմ՝ թոքաբորբով երկու պացիենտները նույնիսկ անտիբիոտիկ ստանում են, թե ոչ, բայց իրենց առողջական վիճակը միջին է, կյանքին վտանգ չի սպառնում։ Մենք հաճախ բուժումն ավարտում ենք պարզապես ջերմիջեցնող դեղորայքով։ Ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։ Հիվանդների մեծ մասը պարզապես իրենց օրերն են անցկանում հիվանդանոցում, մի մասը ջերմիջեցնող է խմում, մի մասը նույնիսկ ջերմություն չունի»։

Ինչ վերաբերում է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանի շինարարությանը, Թորոսյանն ասաց, որ երբ ստանում են ահազանգ՝ քաղաքացու մոտ հնարավոր վարակվածության, թեստ են դնում, եւ այդ թեստի ժամանակ քաղաքացին պետք է մնա առանձնացված սենյակում, որեւէ մեկի հետ չշփվի, որպեսզի եթե հանկարծ արդյունքը դրական լինի, այդ ընթացքում ուրիշ մեկին չվարակեն․

«Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում այդ պահին զբաղված պալատների մեծ մասը չհաստատված դեպքերով քաղաքացիներ են, որոնց մեծ մասը թեստի բացասական լինելու դեպքում գնալու է տուն։ Ավելի էֆեկտիվ աշխատելու համար մենք որոշեցին 40 առանձնացված պալատ կառուցել, որպեսզի սպասող քաղաքացիները հիվանդանոցի հիմնական աշխատանքին չխոչընդոտեն»,- ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել