Հաշվի առնելով զարգացումները՝ կունենանք առանձին հիվանդանոց-հիվանդանոցներ, որոնք կսպասարկեն միայն կորոնավիրուսով պացիենտներին․ Արսեն Թորոսյան
14:57 - 19 մարտի, 2020

Հաշվի առնելով զարգացումները՝ կունենանք առանձին հիվանդանոց-հիվանդանոցներ, որոնք կսպասարկեն միայն կորոնավիրուսով պացիենտներին․ Արսեն Թորոսյան

Կորոնավիրուսով վարակվելու նոր 7 դեպքերը կապված են արտադրամասում եղած օջախի հետ, ի սկզբանե մեր տեսադաշտում են եղել։ Կառավարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նա նկատեց, որ սա, իհարկե, վիճակը լավացնում է, բայց ոչ ամբողջությամբ, որովհետեւ սպասում են, որ արտադրամասից ախտորոշված պացիենտների թիվը շատանալու է՝ կապված դրա մեծության եւ աշխատանքների կազմակերպման բնույթի հետ․

«Որեւէ լուրջ խնդիր ունեցող պացիենտ չունենք։ Հիմնականում չեն ջերմում, շատ փոքր մասը՝ մոտ 40 տոկոսը, 37-38-ի միջակայքում է ջերմում, մի քանիսը՝ 38-39-ի միջակայքում, 39-ից բարձր ջերմություն չունենք։ Ռիսկի տարիքային գոտում գտնվող մեր մի քանի պացիենտներին վտանգ չի սպառնում։ Իսկ Իտալիայում, դժբախտաբար, մահվան մեծ թվեր ունի, սպասում ենք, որ նույնիսկ այդ թվերը կանցնեն Չինաստանի թվերին։ Նայելով բաշխվածքին՝ տեսնում ենք, որ հիմնականում մահերի կտրուկ աճը սկսում է 75 տարեկանից, եւ մահերի միջին տարիքը 79,4 տարեկան է, որոնց մեծ մասը տղամարդիկ են՝ 72 տոկոսը։ Դրա պատճառը տղամարդկանց կենսաձեւն է, եւ կողքից եղած հիվանդությունների մեծ թիվը։ Ուզում եմ հատուկ շեշտել վնասակար սովորությունների եւ կողքից եղած հիվանդությունների դերը․ եթե Իտալիայում ունենային այնպիսի հանրություն, որտեղ սրտի իշեմիկ, թոքերի հիվանդությունները քիչ լինեին, ավելի քիչ թվով մահացություններ կլինեին։ Մահերի թիվը կապված է լինելու բնակչության առողջական վիճակի հետ»։

Նախարարը հայտնեց, որ Իտալիայից ժամանաց մեր քաղաքացիներից գրեթե բոլորը իրենց շատ լավ են զգում։ Միայն երեկ մի պացիենտի մոտ ունեցել են ջերմության բարձրացում, տեղափոխել են հիվանդանոց, կթեստավորեն։ Մնացած բոլորին թեստավորելու են միայն կարանտինային ժամկետը լրանալուց հետո, որովհետեւ նրանք փաստացի առողջ մարդիկ են․

«Նույնիսկ եթե նրանց մոտ վիրուսն առկա է, 14-րդ օրվա վերջում այն օրգանիզմից դուրս գալով մեզ հնարավորություն կտա միանգամից բացասական պատասխան ստանալ, հիմա թեստավորելու իմաստ չկա։ Մենք դրանում համոզվեցինք, երբ մյուս օջախի հետ կապված անձանց թեստավորեցինք, առանց որեւէ նախանշանի հայտանբերվեց մոտ 18 դեպք, որոնք գումարվեցին մեր թվերին։ Մեկուսացված անձնաց թեստավեորելու իմաստ չկա, քանի դեռ գանգատ չունեն, եւ կարանտինի ժամկետը չի լրացել»։

Թորոսյանն ընդգծեց, որ կրկնակի վարակվելու հավանականությունը ոչ ոք չի կարող բացառել, հատկապես այս փուլում, երբ վիրուսը գիտական եւ բժշկական հանրության կողմից ուսումնասիրվում է դեռ նույնիսկ ոչ ամբողջական 3 ամիս, գուցե դրա մասին 2 երեք տարի հետո հնարավոր լինի խոսել․

«Եթե նույնիսկ այդպես է, մենք պետք է սովորենք այդ վիրուսի հետ ապրել կողք կողքի, ինչպես այլ վիրուսների դեպքում։ Մենք կորոնավիրուսի այս նոր տեսակի հետ անխուսափելիորեն գնում ենք համակեցության։ Մենք դրան էլ պետք է նայենք որպես հնարավոր տարբերակ, դրա համար պաշտպանման միջոցները մնում են ուժի մեջ։ Կարող ենք ենթադրել, որ ձեւավերվում է իմունիտետ, որովհետեւ եթե այդպես չլիներ,մարդիկ վերուսից չէին ազատվի։ Իմունիտետն է վիրուսին մաքրում օրգանիզմից, բայց թե այդ իմունիտետն ինչքան է տեւում, դեռ չենք կարող ասել։ Հետեւաբար պաշտպանվելու միջոցները պետք է լինեն նույնը՝ ցանկացած դեպքում։ Գալու է մի պահ, որ մենք թվերի հետեւից էլ չենք ընկելու։ Ոչ մեկը չգիտ, թե հիմա H3N2 շտամով քանիսն են վարակվել Հայաստանում»։

Նախարարի պնդմամբ՝ եթե թեստավորում են 14-րդ օրը ու ստանում են բացասական պատասխան, գրեթե 100 տոկոսով կարող են վստահ լինել, որ վիրուսը օրգանիզմում չկա։ Դրա համար նաեւ կրկնակի թեստավորում է արվում պացիենտներին, որոնց մոտ հաստատված եղել վիրուսը՝ 24 ժամ ինտերվալով․

«Այսինքն՝ արվեց, բացասական պատասխան ստացանք, սպասում ենք 24 ժամ, մի հատ էլ արեցինք, մի հատ էլ ստացանք բացասական պատասխան, ասում ենք՝ դուք չունեք էլ վիրուս, բայց չենք ասում՝ վաղը չես կարող վարակվել։ Բայց հավանականությունը, որ ինքն այլոց կվարակի, մոտ է զրոյի»։

Այս պահին էլ որեւէ հիմնավոր կասկած չկա, որ «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի ինքնամեկուսացված աշխատակիցները վարակված են, նրանք հետազոտվել են, եւ արդյունքը բացասական է եղել։ Բայց, ըստ Թորոսյանի, եթե նույնիսկ լինի էլ, այստեղ ուրիշ տակտիկա են որդեգրելու՝ կապված հիվանդության արտահայտման աստիճանից․

«Եթե կլինի թեթեւ ձեւ, հնարավոր է ամենը տեղում կազմակերպվի՝ հաշվի առնելով նրանց աշխատանքի բնույթը, եթե լինի ծանր ձեւ, նրանք կհոսպիտալացվեն։ Վիրուսի տարածմանը զուգընթաց՝ ամբողջ աշխարհում հրաժարվում են հատուկ վայրերում կարանտինից, եւ ավելի շատ կենտրոնանում են ինքնամեկուսացման վրա։ Երկներ կան, որտեղ այդ պայմանը խախտելու դեպքում նույնիսկ պատասխանատվություն է նախատեսվում։ Դա կարվի նաեւ Հայաստանում, մենք կարծում ենք, որ եթե համաճարակաբանական ցուցումներով անձին նշանակված է ինքնամեկուսացում, ապա դրա խախտումը պետք է ունենա հետեւանքներ։ Մենք հիմա աշխատում ենք օրենքների նախագծի վրա։ Որովհետեւ վարակի տարածմանը զուգընթաց՝ մենք պետք է հասկանանք, որ սա մեկ-երկու ամսվա խնդիր չէ, եւ շփումները սահմանափակելու եւ պաշտպանիչ միջոցառումները պետք է տարածենք ժամանակի մեջ՝ նույնիսկ արտակարգ դրության ավարտից հետո»։

Նախարարն ասաց, որ, հաշվի առնելով զարգացումները, ամենայն հավանականությամբ կունենանք առանձին հիվանդանոց-հիվանդանոցներ, որոնք կսպասարկեն միայն կորոնավիրուսով պացիենտներին՝ մի պարզ պատճառով, որպեսզի հիվանդանոցների ներսում տեղի չունենա ներհիվանդանոցային վարակ՝ ինչպես շատ տեղերում։ Թորոսյանն օրինակ բերեց Իտալիայն, որտեղ հազարավոր բժիշկներ են վարակվել եւ իրենք են դարձել վարակի աղբյուր․

«Դժբախատաբար մենք էլ արդեն ունենք բուժքրոջ վարակման դեպք, բայց նրան մեկուսացրել ենք։ Հիմա չեմ ուզւոմ նշել հիվանդանոցների անուններ, բայց մարզային բկ-ներում, ամենայն հավանականությամբ, կորոնավիրուսով պացիենտներ չեն բուժվելու, նրանք բուժվելու են կենտրոնացված կարգով՝ հատուկ դրանց համար նախատեսված հիվանդանոցներում, որոնց ցանկը կհրապարակենք վերջնականացնելուց հետո»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել