Կորոնավիրուսը ՀՀ տնտեսության վրա կունենա կարճաժամկետ էական ազդեցություն․ Տիգրան Խաչատրյան
21:03 - 19 մարտի, 2020

Կորոնավիրուսը ՀՀ տնտեսության վրա կունենա կարճաժամկետ էական ազդեցություն․ Տիգրան Խաչատրյան

Փոփոխություններն այնքան արագ են ընթանում, որ ամեն օր աշխարհի կառավարությունների առաջ նոր մարտահրավերներ են առաջացնում։ Կառավարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ աայս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Նա նշեց, որ ունեն հստակ նպատակ՝ զգալի ֆինանսական աջակցություն ցուցաբերել այն տնտեսվարողներին, որոնք ստեղծված իրավիճակի պատճառով դժվարություններ ունեն, բայց նաեւ ունեն ծրագրեր ու պատկերացնումներ՝ այդ դժվարությունները հաղթահարելու համար։

Կառավարության առաջարկելիք երկրորդ բաղադրիչը, Խաչատրյանի ներկայացմամբ, վերաբերում է այն գործողություններին, որոնք ուղղված կլինեն ավելի խոցելի վիճակում հայտնված մարդկանց, որոնք երեկ ունեին աշխատանք, բայց հնարավոր է վաղը աշխատանքը ժամանակավորապես կորցնելու պատճառով դժվարություններ ունեն։ Եւ երրորդը, երբ մենք այս դժվար շրջանը անցած կլինենք եւ քիչ թե շատ կայուն միջավայրում կկարողանանք մտածել մեր զարգացման պլանների մասին, կառավարությունը նախատեսում է հատուկ դրամագլուխ հատկացնել այն կազմակերպություններին, որոնք կձեւակերպեն իրենց տեսակետները՝ իրենց զարգացման ծրագրերի առնչությամբ։

Ի պատասխան հարցի, որ պղնձի միջազգային գների շարունակական անկման պարագայում որն է Հայաստանի համար պղնձի գնի ստորին շեմը, եւ արդյոք կա՞ համագործակցություն կառավարության եւ պղնձաձուլական ընկերությունների միջեւ, Տիգրան Խաչատրյանը պատասխանեց, որ տնտեսության երեք հիմնական ոլորտներ կան, որոնք այս նոր տնտեսական իրողության պայմաններում առաջին հարվածը վերցրին իրենց վրա․

«Մեկը զբոսաշրջությունն էր եւ դրան առնչվող ծառայությունները, երկրորդը՝ մեր արտահանող որոշ կազմակերպությունները, որոնց հիմնական շուկան ՌԴ-ն է, եւ գիտեք, որ նավթի գները կորոնավիրուսի տարածման ժամանակահատվածում անկում ապրեցին եւ այդպիսով ՌԴ փոխարժեքի զգալի փոփոխություն է տեղի ունեցել, որն ազդում է նաեւ մեր արտահանողների առեւտրային պայմանների վրա, եւ երրորդը աշխարհում պղնձի գնի նվազումն է, որն այսօր գտնվում է 1 տոննայի դիմաց 4800 դոլարի շրջանակում։ Սա զգալիորեն ցածր գին է։ Մենք ՀՀ-ի արտահանման կառուցվածքում մեծ չափով ունենք պղնձի խտանյութերի արտահանում․ այս տարեսկզբին պղնձի գները մոտ են եղել 6000 դոլարի սահմաններին, հիմա՝ 4800։ Ակնհայտ է, որ այս գինը երկարաժամկետ առումով դժվար պայմաններ է ստեղծում պղինձ արտահանող կազմակերպությունների համար»,- ասաց նախարարը։

Թե համաշխարհային տնտեսության վրա ինչպիսի ազդեցություն կթողնի կորոնավիրուսի տարածման ընթացքը՝ նախարարի խոսքով՝ վերջնական պարզաբանում չունի, որովհետեւ սա արագ փոփոխվող իրավիճակ է առաջացրել ոչ միայն ՀՀ-ում, այլեւ աշխարհի բոլոր տնտեսություններում․

«Կարեւորն այն է, որ կառավարությունները քննարկում են իրենց բոլոր հնարավոր միջոցները համախմբելու եւ այդ ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ։ Մասնավոր հատվածի կազմակերպությունները նույնպես պետք է առաջին հերթին միջոցներ ձեռնարկեն, որպեսզի իրենց աշխատանքային պայմանները լինեն ավելի քիչ ռիսկի ենթարկված, եւ շատ ժամանակ հատկացնեն իրենց առաջիկա զարգացման պլանների մասին մտածելու համար։ Մենք էլ այս փուլում երկխոսում ենք միջազգային կազմակերպությունների հետ, ուղիղ ռեժիմով խոսում ենք այն կազմակերպությունների հետ, որոնք Հայաստանում տարբեր ոլորտներում զարգացում ապահովելու համար աշխատում են»։

Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ կորոնավիրուսը ՀՀ տնտեսության վրա կունենա կարճաժամկետ էական ազդեցություն, արդեն տեսնում ենք հետեւանքները, բայց ինքը վստահ է, որ ուժեղացած ենք դուրս գալու այս իրավիճակից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել