Չկա նաև որևէ սահմանափակում, թե հիմնարկությունը, որը պետք է զբաղվի սրանով ի՞նչ տեխնիկական և տեղեկատվական անվտանգության մեթոդներ պետք է կիրառի․ Գևորգ Գորգիսյան
13:20 - 30 մարտի, 2020

Չկա նաև որևէ սահմանափակում, թե հիմնարկությունը, որը պետք է զբաղվի սրանով ի՞նչ տեխնիկական և տեղեկատվական անվտանգության մեթոդներ պետք է կիրառի․ Գևորգ Գորգիսյան

Այսօր ԱԺ-ում քննարկվում է կառավարության կողմից ներկայացված նախագիծ, որով առաջարկվում է մինչև արտակարգ դրության ավարտը պետական մարմիններին եւ պետության կողմից հիմնադրված իրավաբանական անձանց  տրամադրել կապի օպերատորների հաճախորդ հանդիսացող անձանց տեղորոշումը, ինչպես  նաև  այդ հաճախորդների ուղիղ կամ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունը սկսելու ամսաթիվը, սկիզբը եւ ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ, իսկ հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում. այն հեռախոսահամարի վերաբերյալ տվյալներ, որին փոխանցվել է զանգը: Խոսակցությունների բովանդակությունները հասանելի չեն լինելու։

Ելույթների փուլում վերոնշյալ նախագծի վերաբերյալ իր կարծիքը հնչեցրեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։

Նա նշեց, որ թեև նախագծի նպատակը հասկանալի է, սակայն կիրառվող միջոցները խնդրահարույց են և շատ ու շատ հարցեր առաջացնող։

«Ինչու՞ է պետք պահպանել քաղաքացիների հեռախոսազանգերը, թե ով ում հետ է խոսել և երբ։ Եթե մենք ուզում ենք նրա ֆիզիկական շփման շրջանակը պարզել, դրա համար պետք է նրա դիրքը և այդ դիրքը համեմատել այլ մարդկանց դիրքերի հետ։ Եթե մենք պատրաստվում ենք բոլորի դիրքերը ունենալ։ Որևէ կերպ մարդկանց զանգերը չեն նպաստելու, որովհետև զանգը դեռ չի նշանակում ֆիզիկական շփում և հակառակը՝ ֆիզիկական շփումը դեռ չի նշանակում, որ ինչ-որ մեկը զանգել է ինչ-որ մեկին»,-ասաց Գևորգ Գորգիսյանը

Պատգամավորը նշեց, որ ցանկացած դեպքում այս տվյալները պահպանվելու են ապանձնավորված։

«Այսինքն՝ սիմ քարտն այսինչ ID-ով եղել է այսինչ դիրքերում, զանգել է այսինչ քարտերին՝ այսինչ ID-ներով։ Այդ ID-ներով միանշանակ հնարավոր է վերականգնել, թե ովքեր են եղել այդ անձինք։ Այսինքն՝ ցանկացած պարագայում, եթե մենք այս տվյալները պահում ենք, մենք դրանք կարող ենք վերականգնել միշտ՝ թե ովքեր են եղել այդ մարդիկ, ուր են գնացել, ում մոտ են, ում հետ են խոսել, երբ են խոսել։ Հետագայում օգտագործելու համար՝ որևէ կերպ չենք նշում, թե ինչի համար։ Չկա նաև որևէ սահմանափակում, թե հիմնարկությունը, որը պետք է զբաղվի սրանով ի՞նչ տեխնիկական և տեղեկատվական անվտանգության մեթոդներ պետք է կիրառի։ Մենք գործ ունենք շատ լուրջ՝ մարդկանց տվյալների մոտավորապես տոտալ վերահսկողության գործիքների հետ՝ տվյալ պարագայում, բայց չունենք որևէ հսկողության մեխանիզմներ, թե այն մարդիկ ովքեր պահելու են այս տվյալները, ի՞նչ ստանդարտների պետք է համապատասխանեն, ի՞նչ ստանդարտներ պետք է ունենան, որպեսզի մենք նրանց թույլ տանք պահպանել այս տվյալները, և չկա մարմին, որը վերահսկելու է այս ողջ գործընթացը։ Շատ մտահոգիչ է նախագիծը և պետք է մտածենք այս ամեն ինչը շտկելու ուղղությամբ»,- մասնավորապես ասաց Գևորգ Գորգիսյանը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել