Անտրամաբանական և հակամրցակցային գնաճ տեղի չի ունենա․ Նիկոլ Փաշինյան
19:40 - 06 ապրիլի, 2020

Անտրամաբանական և հակամրցակցային գնաճ տեղի չի ունենա․ Նիկոլ Փաշինյան

Ես հանձնարարել եմ արդեն, որ ուսումնասիրեն, թե Դուք Վանաձորի ի՞նչ դեպքի մասին եք խոսում։ Բայց, օրինակ, այսօր առավոտյան վերցրել եմ առևտրային խոշոր ցանցերի իրավիճակը, և իմ ձեռքի տակ եղած այդ տվյալներով՝ հացի թանկացում տեղի չի ունեցել։ Որոշ ապրանքների որոշ թանկացումներ, այո՛, տեղի են ունեցել, և դրանք մեզ անհանգստացնում են, մենք էլ հակաթանկացումային քայլեր ենք ձեռնարկել։

Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերով պատասխանելով քաղաքացիներից մեկի այն դիտարկմանը, թե հասկացանք, որ կարանտին է, բայց բոլոր ապրանքները թանկացել են, անգամ՝ հացը։  «Հա՛մ գիտեն ժողովրդի վիճակը հիմա, հա՛մ ուզում են էս ամեն ինչից մի բան պոկած լինեն։  Վանաձորում գները սարսափելի են»,- գրել էր քաղաքացին՝ խնդրելով ասել, թե ինչով է պայմանավորված գների աճը հատկապես հիմա։


«Կխնդրեի՝ էսպես ապոկալիպտիկ պնդումներ չանենք, որվեհետև դա միշտ լավ չէ։ Ես ուզում եմ արձանագրենք այն մարտահրավերները, որոնց դիմակայել ենք արդեն այս ճգնաժամի ընթացքում, որովհետև ի սկզբանե ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը, այլև աշխարհի շատ երկրներ ունեին ուղղակի խնդիր՝ ապահովելու պարենի գոյությունը խանութներում, որովհետև կային երկրներ, և ոմանք մեր երկրում ևս կանխատեսում էին ապրանքային նույնպիսի ապոկալիպսիս, որ հեսա բոլոր խանութների ցուցափեղկերը դատարկվելու են և այդպես շարունակ, բայց մենք տեսանք, որ դա տեղի չունեցավ, և փառք Աստծո, դա չի սպառնում ՀՀ-ին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն արձանագրեց, որ 2018-2019թթ․ և  2020 թվականի առաջին երկու ամիսների ընթացքում ՀՀ-ում եղել է գնաճային շատ ցածր ֆոն, և հիշեցրեց, որ ՄԱԿ-ի՝ Սննդամթերքի համաշխարհային կազմակերպության զեկույցների համաձայն՝ 2019թ․ հոկտեմբերին նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ սննդամթերքի համաշխարհային գներն աճել էին 6%-ով, մինչդեռ Հայաստանում 2019-ի դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սննդամթերքի ապրանքախմբում արձանագրվել էր 0.3% գնանկում։

«Այսինքն՝ ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանում նախաճգնաժամային շրջանում ցածր գնաճային ֆոն է եղել, և փետրվարին մենք նույնիսկ 0.2%-ով գնանկում ենք ունեցել»,- նշեց վարչապետը։


Ինչ վերաբերում է գնաճային երևույթներին, Փաշինյանը նշեց, որ հանձնարարել է արդեն, որ ուսումնասիրեն, թե քաղաքացին ի՞նչ դեպքի մասին է խոսում։

«Բայց, օրինակ, այսօր առավոտյան ես վերցրել եմ խոշոր առևտրային ցանցերի իրավիճակը, և այստեղ իմ ձեռքի տակ եղած տվյալներով՝ հացի թանկացում տեղի չի ունեցել։ Որոշ ապրանքների որոշ թանկացումներ, այո՛, տեղի են ունեցել, և այդ թանկացումները մեզ անհանգստացնում են, և հիմա կասեմ, թե մենք ինչ հակաթանկացումային քայլեր ենք ձեռնարկել»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ այդ թանկացումների մի մասը կարող է կապված լինել, օրինակ, արտարժույթային տատանումների հետ։

«Այս ռիսկը կառավարելու համար Կառավարության հակաճգնաժամային առաջին միջոցառման շրջանակներում ներկրողներին տալիս ենք արտոնյալ վարկեր, որտեղ որոշակիորեն աջակցում ենք նրանց արտարժույթային ռիսկերից։ Եվ այս գործիքի կիրառմամբ, որն արդեն սկսել է գործել, մենք պիտի աջակցենք, օգնենք, նաև վերահսկենք, որ գների անվերահսկելի, անտրամաբանական աճ տեղի չունենա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։


Ապա վարչապետը հիշեցրեց, որ ավելի քան 600 ապրանքների մաքսատուրքերը 2020 թվականի հունվարի 1-ից բարձրացել էին ԵԱՏՄ կանոնների համաձայն, բայց նշեց, որ իրենք բանակցել են, և Հայաստանի համար դա վերադարձրել նախկին մակարդակի։

«Շուտով այդ որոշումն ուժի մեջ կմտնի, և մաքսատուրքերն առաջիկա վեց ամսիսների համար կիջնեն, մասնավորապես, մսի, կարագի, բրնձի, արևածաղկի ձեթի, մարգարինի, հնդկաձավարի, տարեկանի, բժշկական պարագաների։ Եվ մենք համոզված ենք, որ սա որոշակիորեն կմեղմի գնաճը, և ամեն ինչ կանենք, որ անտրամաբանական գնաճներ տեղի չունենան»,- ասաց նա։

Փաշինյանը խնդրեց, որ չվախեցնենք ինքներս մեզ, թե սով կլինի՝ նշելով, որ Հայաստանը բերրի, բերքառատ երկիր է, մեր ժողվուրդն էլ՝ աշխատող ժողովուրդ, և մենք իրար հետ բոլոր դժվարությունները կհաղթահարենք։

«Հայաստանն ունի բավարար պաշարներ։
ՏՄՊՊՀ նախագան ամենօրյա ռեժիմով ինձ զեկուցում է առավոտյան՝ ինչ է տեղի ունենում շուկայում, և մենք որոշակի հսկողության տակ ենք պահում։ Անտրամաբանական և հակամրցակցային գնաճ տեղի չի ունենա»,- վստահեցրեց վարչապետը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել