Բնակիչները կումունալ ծառայության պայմանագրի հիման վրա կարող են դիմել մատակարարին՝ անհատական ֆորս մաժոր ճանաչելու համար
12:50 - 30 ապրիլի, 2020

Բնակիչները կումունալ ծառայության պայմանագրի հիման վրա կարող են դիմել մատակարարին՝ անհատական ֆորս մաժոր ճանաչելու համար

Սույն թվականի ապրիլի 22-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ)  հայտնեց, որ կոմունալ ծառայությունների դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը համարվում է վերացած։ Հանձնաժողովն իր այս որոշումը պայմանավորեց նույն օրը՝ ապրիլի 22-ին կայացված պարետի որոշմամբ, որով թույլատրվում էր իրականացնել տնտեսական գործունեության որոշ տեսակներ։  

Վերոնշյալ հայտարարության մեջ ասվում է, որ նշվածը  չի սահմանափակում յուրաքանչյուր կոնկրետ դեպքում՝ համապատասխան հիմնավորումների պարագայում մատակարարին դիմելու սպառողի իրավունքը՝ կոմունալ ծառայությունների դիմաց չվճարումը պայմանագրի համաձայն ֆորս մաժորի հետևանք համարելու և մատուցվող ծառայությունը չդադարեցնելու համար։ Հայտարարությամբ նշվում էր նաև, որ նշված գործընթացը կգտնվի հանձնաժողովի վերահսկողության ներքո։

ՀԾԿՀ-ի այս հայտարարությունից հետո հանրության շրջանում դժգոհություն առաջացավ։ Ապրիլի 28-ին ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր էջում գրառում կատարեց, ըստ որի՝ արդեն 4300 բաժանորդ հոսանքազրկվել է, 736 ընտանիք էլ զրկվել է գազից։ Նույն օրը ֆեյսբուքյան ուղիղ եթերով կոմունալ ճգնաժամի մասին խոսեց  Նիկոլ Փաշինյանը։ Նա մասնավորապես նշեց, որ  առաջանում է հետևյալ խնդիրը․ բաժանորդները համատարած չեն վճարում ցանցերին, ցանցերը համատարած չեն վճարում արտադրողներին, արտադրողները չեն կարողանում վճարել իրենց աշխատողներին և մատակարարներին, չեն կարողանում վճարել հարկեր, և դրա արդյունքում առաջանում է ռիսկ, որ մենք չենք կարողանա վճարել թոշակները և նպաստները, սակայն ամենակարևոր ռիսկը՝ այս համակարգը կարող է քանդվել։

Այս իրավիճակում բաժանորդների իրավունքներն ու պարտականությունները կարգավորվում են կոմունալ ծառայություններից օգտվող յուրաքանչյուր բաժանորդի և մատակարարի կողմից կնքված անհատական պայմանագրով։ Պայմանագիրն ունի ֆորսմաժորային իրավիճակ նկարագրող բաժին, որտեղ նշվում է, որ կողմերը սահմանված պարտավորությունների խախտման համար պատասխանատվություն չեն կրում, եթե այն հետեւանք է ֆորս մաժորի։ ֆորս մաժոր կարող է առաջանալ պետական իրավասու մարմինների ընդունած իրավական ակտերի, գործողությունների հետևանքով։ Ըստ պայմանագրի՝ կողմերը նաեւ արտակարգ, անկանխատեսելի դեպքերի եւ հանգամանքների ի հայտ գալու դեպքում կարող են դիմել Հանձնաժողով՝ դրանք ֆորս մաժոր ճանաչելու համար։ Պայմանագրերի օրինակելի ձևերը ներկայացնում ենք ստորև․

Ստացվում է, որ բաժանորդները որոնք չեն զբաղվում այն գործունեությամբ, որը թույլատրված է պարետի որոշումներով, չունեն եկամուտ, ունեն սոցիալական խնդիրներ, որոնց հետևանքով առաջանում է ֆորս մաժոր և նշվածները կարող են պատշաճ, փաստաթղթավորված հիմնավորել, կարող են, իրենց իսկ անհատական պայմանագրի ֆորս մաժոր բաժինը հիմք ընդունելով, դիմել մատակարարին և իրենց անհատական դիմումը կքննարկվի։

Վերոնշյալի մասին  խոսեցինք նաև ՀԾԿՀ մամուլի խոսնակ Լիանա Ազիզյանի հետ, որը նշված պայմանագրերի իրավական կողմի մեկնաբանության համար խնդրեց հարցում ուղարկել, սակայն նշեց, որ իրենց ապրիլի 22-ի հայտարարության վերջին պարբերությունում նշել էին, որ յուրաքանչյուր բաժանորդ իրավունք ունի դիմել մատակարարին և հիմնավոր պատճառաբանությունների դեպքում կարող է համարվել անհատական ֆորս մաժոր։ Այնուամենայնիվ, ՀԾԿՀ-ի կողմից պայմանագրի իրավական մեկնաբանությունը ստանալուց հետո այն ևս կներկայացնենք։

Թեև ՀԾԿՀ-ի հայտարարությունից հետո Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը հայտնեց, որ բաժանորդներն արդեն պետք է վճարեն փետրվար և մարտ ամսիներին  սպառված էլեկտրաէներգիայի դիմաց, իսկ չվճարելու դեպքում մինչև այս տարվա ապրիլի 27-ը կհոսանքազրկվեն, սակայն 2 օր անց՝ ապրիլի 24-ին հայտարարություն տարածեց, ըստ որի ընկերության սեփականատիրոջ որոշմամբ այն բաժանորդները, որոնք փետրվար և մարտ ամիսների ընթացքում ունեցել են յուրաքանչյուր ամիս մինչև 10.000 դրամի էլեկտրաէներգիայի սպառում (խոսքը սոցիալապես անապահով խավի մասին է), չեն հոսանքազրկվի։ Միաժամանակ նշվում էր, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն այսուհետ ևս պատրաստ է քննարկել յուրաքանչյուր առանձին դեպք և համապատասխան հիմնավորումներ ստանալու դեպքում (չվճարումը համարելով ֆորս մաժորի հետևանք) չդադարեցնել բաժանորդի էլեկտրամատակարարումը։ 

ՀԷՑ մամուլի խոսնակ տիկին Նատալյան երեկ մեզ հետ զրույցում վերահաստատեց իրենց հայտարարությունը և նշեց, որ իրենք ևս  անհատական մոտեցում են ցուցաբերում։

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունն էլ ՀԾԿՀ հայտարարությունից հետո հորդորեց բնակիչ-բաժանորդներն կատարել 2020 թվականի փետրվար և մարտ ամիսներին մատակարարված գազի դիմաց վճարումները, ինչպես նաև ներտնային համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունների դիմաց վճարումները՝ 3-օրյա ժամկետում։ Հայտարարության մեջ նշվում է, որ ապրիլի 22-ից հետո 3 օրվա ընթացքում վճարում չկատարած բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը սահմանված կարգով կդադարեցվի:

Ապրիլի 24-ին, ի լրումն բնակիչ-բաժանորդներին մատակարարված բնական գազի դիմաց 3-օրյա ժամկետում վճարումների կատարման վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հայտարարության, ընկերությունը տեղեկացրեց, որ նշված ժամկետում վճարում չկատարելու դեպքում առաջին հերթին կդադարեցվի 30 հազար դրամից ավելի սպառում ունեցած բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը:

Անհատական ֆորս մաժորի և մատակարարի կողմից անհատական մոտեցման վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար չհաջողվեց կապ հաստատել ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի հետ։

Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ բնակիչ-բաժանորդների և մատակարարի միջեւ կնքված պայմանագրի համաձայն հնարավոր է անհատապես դիմել կոմունալ ծառայության ընկերությանը և ստանալ անհատական մոտեցում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել