Մեր աշխարհը շարունակում է տառապել հակամարտությունների հետևանքներից․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել հիշել 1945 թվականի դասերը |tert.am|
10:24 - 09 մայիսի, 2020

Մեր աշխարհը շարունակում է տառապել հակամարտությունների հետևանքներից․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել հիշել 1945 թվականի դասերը |tert.am|

tert.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել հիշել 1945 թվականի դասերը: Գուտերեշի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված ուղերձը հրապարակվել է un.org-ում։

«Հիշատակի և հաշտեցման օրերին մենք հարգանքի տուրք ենք մատուցում Երկրորդ աշխարհամարտի միլիոնավոր զոհերի հիշատակին և հիշում նրանց տառապանքները: Մենք երբեք չպետք է մոռանանք Հոլոքոստի և նացիստների կողմից իրականացված ծանր ու սարսափելի հանցագործությունների մասին»,- ասել է Գուտերեշը:

Նրա խոսքով՝ միջազգային համերաշխության և համամարդկային արժեքների առանձնահատուկ կարևորության գիտակցումը հանգեցրել է ՄԱԿ-ի ստեղծմանը, որի գլխավոր խնդիրը ապագա սերունդներին պատերազմի արհավիրքներից փրկելն է:

«Մեր աշխարհը շարունակում է տառապել հակամարտությունների հետևանքներից։ Նույնիսկ COVID-19-ի ներկայիս ճգնաժամի ժամանակ մենք ականատես ենք լինում մարդկանց միջև թշնամանք սերմանելու և ատելություն տարածելու նոր փորձերի»,- նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

«Նշելով Երկրորդ աշխարհամարտի 75-րդ տարեդարձը՝ եկեք հիշենք 1945 թվականի դասերը և միավորենք ջանքերը համավարակի վերացման և աշխարհի, անվտանգության ու արժանապատվության ապագայի կառուցման համար», - հայտարարել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել