2217 ակտիվ դեպքերից միայն 600-ն ունեն բժշկական օգնության կարիք, մյուսները ասիմպտոմ են․ Նիկոլ Փաշինյան
11:47 - 14 մայիսի, 2020

2217 ակտիվ դեպքերից միայն 600-ն ունեն բժշկական օգնության կարիք, մյուսները ասիմպտոմ են․ Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ մայիսի 14-ի կառավարության հերթական նիստում քննարկվում է արտակարգ իրավիճակի երկարաձգման հարցը։ Նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց դրա անհրաժեշտության մի քանի պայմանները։ Վերջինս մասնավորապես ասաց․

«Վերջին շրջանում մենք ունենք 100-ը գերազանցող ամենօրյա դեպքեր։ Ես արձանագրել եմ մի այսպիսի սոցիալ- հոգեբանական խնդիր, հասարակության մեջ տարածվում է, որ կորոնավիրուս հիվանդությունը բլեֆ է, սարքած գործ է, գոյություն չունի և այլն։ Պետք է հասկանալ, թե ինչն է այսպիսի ընկալման պատճառը։ Խնդիրն այն է, որ մենք ունենք մի վիճակ, որ մեր դրական ախտորոշված քաղաքացիների մոտավորապես 75 տոկոսի մոտ հիվանդությունն անցնում է ասիպտոմ։ Սա նշանակում է, որ մի կարճ ընթացք ջերմություն է ունեցել, ինքն էլ չի զգացել և ախտորոշվել է դրական։ Այս դեպքերում, այս մարդկանց համար հիվանդությունը ուղղակի թղթի վրա գրած է։ Մեր պոզիտիվ ախտորոշված դեպքերի 75 տոկոսը չունի որևէ բողոք։ Ես գիտեմ նույնիսկ դեպքեր, որ մարդիկ դրական են ախտորոշվել և մնացել են հիվանդանոցում կամ հյուրանոցում բուժվել են, դուրս են գրվել, բայց չեն հավատում, որ ունեցել են որևէ հիվանդություն, որովհետև որևէ բողոք, ցավ, ջերմություն չեն ունեցել։ Մարդուն դժվար է համոզել, որ ինքը եղել է վարակված, միայն այն դեպքում են հավատացել, երբ տան տարեցն է վարակվել և շատ ծանր են տարել, կամ, ցավոք, մահացել են։ 
Մեր ռազմավարությունը հետևյալն է, որ մենք ոչ թե պետք է գնանք սահմանափակումներ իրականացնելու ճանապարհով, այլ մարդկանց համոզենք, որոշ դեպքերում նաեւ ստիպենք, որ պահեն անվտանգության կանոնները։ Մեր ռազմավարությունը հետևյալն է, որ հետ չգնանք փակման ռեժիմին։ 

Հարց կարող է առաջանալ, թե մենք այն ժամանակ ինչու գնացինք փակման ռեժիմի, պատասխանը հետևյալն է․ այն ժամանակ մեր հիվանդոանոցային կարողությունները ընդլայնելու անհրաժեշտություն կար և մենք ինֆեկցիոն ոլորտում այդ սահմանափակումների շրջանում այդ տեղերը հնգապատկել ենք և դարձրել 1500 տեղ և հիմա էլ այդ պրոցեսը շարունակվում է։

Մենք մարտին ունեինք հաշվարկ, որ եթե մեզ մոտ իրավիճակը զարգանա իտալական սցենարով, մենք մեկ ամսում կունենանք 10․000 մահ, մենք համոզված չէինք՝ այդ սցենարով կընթանա, թե չէ, և այս պահին էլ համոզված չենք։  Մենք կարող ենք ստիպված գնալ ավելի խիստ սահամանափակումների։ Դա տեղի կունենա մեկ պայմանով, երբ սիմպտոմներ ունեցող քաղաքացիներին բուժօգնություն ցուցաբերելու կարողությունները սպառենք։ Այսօր ակտիվ դեպքերը 2217 են, բայց մեր 2217-ից մոտավորապես միայն 600-ն են, որոնք որևէ բուժօգնության կարիք ունեն։ Թոքաբորբով 661 հիվանդ ունենք այս պահին։ Ընդ որում, մեր մասնագետներն ասում են, որ այս թոքաբորբով հիվանդների մոտավորապես 20-25 տոկոսին կարող ենք համարել ասիմպտոմ, որովհետև նրանք նույնպես գրեթե ասիմպտոմ են։  Եթե պարզվի, որ մենք ունենք 1500 հիվանդ, ովքեր ունեն բուժման անհրաժեշտություն  և մենք արդեն անխուսափելիորեն մոտենալու ենք այդ թվին, մենք ստիված կլինենք վերադառնալ սահմանափակումների ռեժիմին։ Թոքերի արհեստական օդափոխման սարքերին միացված է 6 պացիենտ։

Երեխաները ունեն բավականին ուժեղ իմունային համակարգ այս հիվանդությունից պաշտպանվելու համար, միջին տարիքի մարդիկ ունեն բավականին ուժեղ իմունային համակարգ, եթե չունեն խրոնիկ հիվանդություններ։ Չնայած մենք ունեցել ենք դեպք, երբ մոտավորապես 30 տարեկան, խրոնիկ հիվանդություններ չունեցող  տղամարդը հասավ ծայրահեղ ծանր, մահամերձ վիճակի, բայց բարեբախտաբար նրան դուրս են բերել այդ վիճակից։ Մենք հստակ չգիտենք, թե որ պարագան է, որ հիվանդին հասցնում է այդ վիճակին։

Մենք չենք կարող երաշխավորել, որ եթե դուք երիտասարդ եք և չունեք խրոնիկ հիվանդություն, չեք հասնի ծայրահեղ ծանր վիճակի»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել