ՀԱՊԿ-ի ԱԳՆ ղեկավարների խորհուրդը կանցկացվի մայիսի 26-ին վիդեոկոնֆերանսի ձեւաչափով |news.am|
15:01 - 15 մայիսի, 2020

ՀԱՊԿ-ի ԱԳՆ ղեկավարների խորհուրդը կանցկացվի մայիսի 26-ին վիդեոկոնֆերանսի ձեւաչափով |news.am|

news.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհուրդը կանցկացվի մայիսի 26-ին վիդեոկոնֆերանսի ձեւաչափով, օրակարգում ներառված է կորոնավիրուսի համավարակի ազդեցությունը բլոկի երկրների վրա, ինչպես նաեւ ՀԱՊԿ գործընկերոջ եւ դիտորդի կարգավիճակի իրականացման հետագա քայլերը եւ պատմության կեղծման դեմ պայքարը, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զաս:

«Այն նոր իրողությունները, որոնք այժմ զարգանում են ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում համավարակի ազդեցության տակ, կքննարկվեն ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի առաջիկա հանդիպման ընթացքում»,- ասել է Զասը:

Ըստ նրա՝ COVID-19-ի համավարակը շատ լուրջ սպառնալիք է ՀԱՊԿ երկրների համար: Նա հիշեցրել է, որ հեռախոսազրույցներ է ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ կորոնավիրուսի տարածման իրավիճակի վերաբերյալ:

«Մենք կարծիքներ փոխանակեցինք կազմակերպության յուրաքանչյուր անդամ պետությունում համավարակի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկված միջոցների վերաբերյալ: Պայմանավորվեցինք նաեւ շարունակել խորհրդակցությունները՝ ՀԱՊԿ-ի պատասխանատվության ոլորտում իրավիճակի կտրուկ վատթարացման դեպքում կոլեկտիվ արձագանքման միջոցառումներ մշակելու համար»,- ասել է գլխավոր քարտուղարը:

«Իհարկե, համավարակը նոր սպառնալիք է, սակայն ՀԱՊԿ-ի իրավական դաշտը թույլ է տալիս արձագանքել այս տեսակի սպառնալիքներին: Գործող կարգավորող իրավական շրջանակներում եւ առկա համակարգում կան հնարավորություններ համավարակին արձագանքելու համար»,- եզրափակել է Զասը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել