2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում Կարբի համայնքում կհիմնադրվի ՏՏ դպրոց
09:20 - 22 մայիսի, 2020

2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում Կարբի համայնքում կհիմնադրվի ՏՏ դպրոց

Կորոնավիրուսային համավարակը չի խոչընդոտում Արագածոտնի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքը: Այս մասին հայտնում է Արագածոտնի մարզպետարանը։

Հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հավանությանն է արժանացել «Կարբի համայնքում ՏՏ դպրոցի և ուսումնական կենտրոնի հիմնադրման համար շինության ձեռքբերում» ծրագիրը:

ՏՏ ոլորտում հաջողություններ նվաճած կարբեցիները հնարավորություն կունենան հենց իրենց համայնքում զարգացնել գիտելիքները՝ վեբ ծրագրավորման, հավելվածների ու կայքերի ստեղծման, ինչպես նաև ոլորտային այլ դասընթացների շնորհիվ: ՏՏ դպրոցը նախատեսված է լինելու շուրջ 100 աշակերտի համար: Ընդունվել կարող են ոչ միայն Կարբի համայնքի, այլև մյուս համայնքների` ինֆորմացիոն տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրություն ունեցողները:

Շինությունը ձեռք բերելուց հետո այն կկահավորվի ժամանակակից չափանիշներին համապատասխան, ուսումնական պլանը ևս կմշակվի ըստ ոլորտում առկա ստանդարտների: Մի հատվածը առանձնացած է լինելու մշակութային գործունեության համար, որտեղ տեղակայվելու է նաև գրադարան:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության (40%) և Կարբի համայնքի (60%) համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ:

Արագածոտնի մարզի համայնքների կողմից ներկայացված և հավանության արժանացած մյուս ծրագրերի մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի:

Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքային նշանակության խնդիրները լուծելու մասին որոշումը կայացվել է տվյալ համայնքի ավագանու կողմից՝ հաշվի առնելով բնակիչների կարծիքը և խնդիրների առաջնահերթությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել