ԿԳՄՍ փոխնախարարը պեղումներ իրականացնելու թույլտվություն է տվել մի ՊՈԱԿ-ի, որը նախկինում ոչ պատշաճ եւ թերություններով է իրականացրել պեղման աշխատանքները
15:20 - 06 հունիսի, 2020

ԿԳՄՍ փոխնախարարը պեղումներ իրականացնելու թույլտվություն է տվել մի ՊՈԱԿ-ի, որը նախկինում ոչ պատշաճ եւ թերություններով է իրականացրել պեղման աշխատանքները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության (այժմ՝ վարչության) պետ Արմեն Աբրոյանը 2019թ. սեպտեմբերի 12-ին դիմել է ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետին` հայտնելով, որ նախարարի տեղակալը՝ Նարինե Խաչատուրյանը, տվել է երկու տասնյակից ավելի հնագիտական հետախուզման եւ պեղման թույլտվություններ՝ ՀՀ օրենսդրության խախտմամբ, հնագիտական հետախուզման եւ պեղման համար տվյալ հուշարձանների օրենքով պահանջվող հետագա պահպանության միջոցառումների չկատարման պայմաններում՝ խաթարելով Գործակալության գործառույթների կատարման ընթացքը, հնարավորությունը եւ վարքը:

Դատախազությունն ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2019 թվականին ՀՀ տարածքում հուշարձանների հետախուզում եւ հնագիտական պեղումներ կատարելու համար տրվել է 45 թույլտվություն, որից միայն 9-ին թույլտվությունն է տվել Գործակալության պետը, իսկ մնացածը` նախարարի տեղակալը, թեեւ ՀՀ կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի թիվ 1357-Ն որոշման համաձայն թույլտվություն տալը, դրանց գրանցումն ու այդ աշխատանքների իրականացման ընթացքի ապահովումը վերապահված է Գործակալությանը։

Մասնավորապես, 2018թ. Գործակալությունը Աղձքի հայ արքաների դամբարանում պեղումներ կատարելու թույլտվություն է տվել «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ին։ Պեղումների իրականացման համար վերջինիս ՀՀ մշակույթի նախարարության բյուջեից հատկացվել է 15 մլն.դրամ, ԿԳՄՍՆ-ից լրացուցիչ հատկացվել է եւս 12 մլն դրամ, մինչդեռ պեղումներն իրականացվել են նախատեսվածից գրեթե 2 անգամ փոքր տարածքում, ինչպես նաեւ ի թիվս բազմաթիվ այլ խախտումների՝ չեն կատարվել հուշարձանի ամրակայման աշխատանքներ, իսկ գիտական ամփոփ հաշվետվությունը ներկայացվել է թերություններով, ինչպիսի պայմաններում հետագայում չպետք է տրվեր թույլտվություն։

Չնայած նշված հանգամանքին՝ 2019 թվականին արդեն ԿԳՄՍ նախարարի տեղակալն Աղձքի հայ արքաների դամբարանում եւ հարակից տարածքում պեղումներ իրականացնելու թույլտվություն է տվել ՊՈԱԿ֊ին, որի համար հատկացվել է 15.000.000 ՀՀ դրամ, սակայն պեղումները չեն իրականացվել:

Ընդ որում, թեեւ 2019թ. հոկտեմբերի 1֊ին նախարարությունը դատախազությանը տրամադրել էր վկայակոչած թույլտվության կրկնօրինակը, սակայն հետագայում դատախազությանը 2020թ. հունվարի 15-ին տրամադրած թիվ 04/14.2/421-20 գրությանը կից տեղեկատվությամբ ներկայացվում էր, որ Աղձքի հայ արքաների դամբարանում պեղումներ կատարելու թույլտվություն 2019թ. առհասարակ չի տրվել: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանձնարարել է պարզել նմանատիպ իրարամերժ պատասխանների պատճառները: 

Դատախազությունը նշել է, որ ուսումնասիրության ընթացքում ՊՈԱԿ-ի կողմից 2020թ. հունվար եւ փետրվար ամիսներին պետական բյուջե է վերադարձվել 2019թ. պեղումների համար հատկացված 15.000.000 ՀՀ դրամը, իսկ 2018թ. իրականացված պեղումների բյուջետային միջոցների ծախսի գործընթացը ներկայումս ուսումնասիրվում է ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը։

Ուսումնասիրության շրջանակներում Նախարարության՝ 2019թ. դեկտեմբերի 26֊ին թիվ 04.1/14.2/30857-19 գրության կից տրված պարզաբանման համաձայն նախարարությունների միաձուլումից հետո ձեռնարկվել են օրենսդրական փոփոխություններ, մասնավորապես նախատեսվել է վերանայել Գործակալության կարգավիճակը, խնդիրներն ու լիազորությունները։

Եւ, ելնելով վերոգրյալից եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռեւս ուժի մեջ են ՀՀ կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի թիվ 1357-Ն որոշումը, ինչպես նաեւ ՀՀ մշակույթի նախարարի 2012 թվականի հուվարի 26-ի թիվ 19-Ա հրամանը, Դատախազությունն առաջարկել է հնարավոր սեղմ ժամկետում գործուն միջոցներ ձեռնարկել՝ վերը նշված օրենսդրական փոփոխությունները կատարելու ուղղությամբ՝ այսուհետ իրականացվելիք հնագիտական հետախուզական աշխատանքների եւ պեղումների թույլտվությունների տրամադրման, դրանց իրականացման ընթացքի եւ արդյունքների նկատմամբ պատշաճ, արդյունավետ հսկողությունը ՀՀ կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի թիվ 438 որոշման պահանջներին համապատասխան ապահովելու եւ այդ գործընթացում պաշտոնատար անձանց լիազորությունները հստակեցնելու նպատակով։

Չնայած դատախազության այս գրությանը, որից հստակ հասկանալի է՝ փոխնախարարը պեղումներ իրականացնելու թույլտվություն է տվել մի ՊՈԱԿ-ի, որը նախկինում ոչ պատշաճ եւ թերություններով է իրականացրել պեղման աշխատանքները, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը մեր զրույցում հերքել էր վերոգրյալի վերաբերյալ գործակալության պետի պնդումները՝ հավելելով, որ եթե վերջինս ինչ-որ կասկածներ ունի նախարարության գործելաոճում օրինախախտումների վերաբերյալ, կարող է դիմել իրավապահներին։ 

Մեր զրույցում Խաչատուրյանը, համաձայնելով, որ պատմական միջավայրի պահպանության ոլորտում առկա են խնդիրներ, այդ թվում՝ օրենսդրական բացեր, ասել էր, թե ինքն անձամբ է Աբրոյանին առաջարկել հանդես գալ օրենսդրական առաջարկներով, սակայն վերջինս միայն լիցենզիաների վերաբերյալ է  ներկայացրել։ 

Ստեղծված իրավիճակը հասկանալու համար մենք դարձյալ զրուցեցինք Արմեն Աբրոյանի հետ։ Վերջինս նկատեց՝ բնագավառի օրենսդրական կարգավորումը հենց նախարարության եւ համակարգող փոխնախարարի պարտականությունն է, եւ, համաձայն Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքի՝ հստակ շարադրվում է, որ հենց Մշակույթի նախարարությունն է մշակում եւ իրականացնում մշակույթի զարգացման, մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության, ուսումնասիրության, օգտագործման, հանրահռչակման, հասարակության կողմից մշակույթի՝ որպես զարգացման միջոցի գիտակցման, նոր արժեքների ու նոր գաղափարների ներդրման, հասարակության ստեղծագործական ներուժի վերարտադրման ու զարգացման համար պայմանների ստեղծման, մշակութային արժեքներին հաղորդակցվելու, մշակույթի ոլորտում ազատ ու մատչելի ծառայությունների մատուցման պայմանների ապահովման ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:

«Նախարարությունն ու բնագավառի պատասխանատու փոխնախարարը պետք է ապահովեն ոլորտում ծառայության մատուցման պայմանները, իսկ ծառայությունների մատուցման գործառույթը եղել է գործակալությանը։ Այսինքն՝ ծառայությունների մատուցման գործառույթ չունենալով՝ փոխնախարարը փորձում է միջամտել գործակալության եզրակացություններին, եւ այլն»,- ասաց Աբրոյանը։

Ինչ վերաբերում է փոխնախարարի՝ մեր զրույցում հնչեցրած այն կարծիքին, որ գործակալության պետն այսպիսով փորձում է իրենց կառույցը տարանջատել նախարարությունից՝ Աբրոյանն արձագանքեց, որ ինքը երբեւէ այդպիսի նպատակ չի ունեցել եւ գործակալությունը նախարարության ստորաբաժանումն է եղել նաեւ այն ժամանակ, երբ եղել է որպես առանձին լիազոր մարմին՝ մինչեւ 2003 թվականը։ Իսկ դրանից հետո լիազորությունները փոխանցվել են նախարարությանը, բայց կառավարության որոշմամբ տվյալ բնագավառում լիազոր մարմնի անունից հանդես գալու իրավասությունը վերապահվել է գործակալությանը, եւ հստակ շարադարվել է, թե ինչեր պիտի անի գործակալությունը, ինչը, Աբրոյանի պնդմամբ, տարիներ շարունակ նախարարի հրամաններով փորձել են խոչընդոտել․

«Դեռ տարիներ առաջ այս թեմայով խնդիրներ ենք ունեցել, մինչեւ իսկ ինձ ուղարկել են ծառայողական քննության՝ մինչեւ քաղծառայության մարմին, որը կարճել է նախարարի նման պահանջը, կարծեմ 2016 թվականին՝ նշելով, որ գործակալությունն ինքնուրույն գործառույթներ ու լիազորություններ ունի։ Իսկ հիմա փոխնխախարը նույնիսկ նման ձեւով է փորձում շահարկել, թե տարանջատում եմ, եւ այլն։ Ես տարանջատում եմ միայն գործառույթները»։

Իսկ երբ Նարինե Խաչատուրյանը որպես խնդիրների լուծում դիտարկում է օրենսդրության կարգավորումը, Աբրոյանի խոսքով, դրա պատասխանատուն եւ կատարողը հենց ինքը՝ փոխնախարարն է։ 

«Այս առումով փոխնախարարը, մեկ տարի լինելով այդ պաշտոնում, մինչեւ իմ մասին կարծիք հայտնելը՝ պետք է գոնե տեղյակ լինի, թե ես ինչ եմ արել բնագավառի խնդիրները կարգավորելու համար։ Սկսած այն բանից, որ բնագավառի օրենսդրությունը՝  «Պատմության ու մշակույթի հուշարձանների եւ դրա պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքը, ամբողջությամբ վերախմբագրվել է, այդ գործընթացի նախաձեռնողը, մասնակիցը դեռ տարիներ առաջ ամբողջությամբ եղել է գործակալությունը, մասնավորապես՝ ես։ Այս շրջանում արդեն ներկայացրել եմ ամբողջ բնագավառի վերլուծությունը, որը նախկինում հիմք է հանդիսացել կառավարության ռազմավարության ծրագրով օրենսդրության եւ ենթաօրենսդրական ակտերի ամբողջական մշակամն, որն ամեն տարի հետաձգվել է»,- ներկայացրեց գործակալության պետը։

Մեր դիտարկմանը, որ փոխնախարարը նշում է, թե ինքն է Աբրոյանին առաջարկել հանդես գալ օրենսդրական առաջարկներով, վերջինս պատասխանեց, որ գործակալությունը նախաձեռնություն անելիս պատրաստակամություն է հայտնում օրենսդրական մշակումները կատարելու համար, բայց նախարարությունում գոյություն ունի տվյալ բնագավառի վարչություն․

«Ես նույնիսկ նախարարին զեկուցագրով եմ գրել, որ չեն կարգավորվում օրենսդրական խնդիրները, իսկ փոխնախարարը պետք է իմանա, որ դա իր համակարգմամբ նախարարության գործառույթն է։ Այսինքն՝ նախարարությունը ցույց է տալիս իմ այն ասածը, որ ինքը ոչ միայն պետք է մշակի ու չի մշակել օրենսդրությունը, այլ պնդում է, թե գործակալությունը պիտի անի դա, ինչը գործակալության պարտականությունը չէ։ Գործակալությունը ծառայություն մատուցողն է, օրենքին համապատասխան գործունեություն իրականացնողն է, իսկ օրենքին համապատասխան ծառայություն մատացողն իր համար չպիտի օրենք գրի, որովհետեւ իրեն ձեռնտու օրենք կգրի, դրա համար էլ առանձնացված են մշակողն ու իրականացնողը»։ Իսկ մշակողը, ըստ Աբրոյանի, չի մշակում, որովհետեւ կամ չի հասկանում, կամ չի կարողանում, կամ այդ կամքը չունի․ 

«Հետն էլ ասվում է, թե ծառայություն մատուցողը լավ չի աշխատե՞լ։ Այս դեպքում պետք է լավ աշխատել հենց փոխնախարարի միջոցով։ Օրինակ բերեմ․ մենք կառավարության 438 կարգում առաջարկեցինք փոփոխել մի հատված, որը կարգավորում էր հուշարձանների տարածքների կադաստրային համակարգին համապատասխանեցնելը։ Շատ դժվարությամբ արվեց դա։ Մի քանի անգամ, նույնիսկ տասնյակին հասնող անգամներ փորձում ենք բացատրել, ներկայացրել խնդիրը, եւ մեկ կետ մի կերպ ուղղեցինք վերջերս։ Մեկ օրինակ էլ․ փոխնախարարի սենյակում պատասխանատուների ներկայությամբ բարձրացրել եմ հարց, որ հուշարձանների տարածքները չեն կարող լինել անձանց սեփականություն։ Շատ մանրամասն, շատ պարզ ներկայացրել եմ փոխնախարարի ներկայությամբ, բայց ընթացք չի ստացել հարցը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ Կադաստրի կոմիտե ուղարկել հարցը, որովհետեւ օրենսդրական բացի պատճառով բազմաթիվ քրգործեր են հարուցվել, բայց ես լուծման երկու առաջարկներ եմ ներկայացրել տեղում։

Ի՞նչ եք կարծում՝ իր հիմնական գործառույթներն ու պարտականություններն իրականացնելու համար անընդհատ պետք է գործակալությո՞ւնը օրենսդրական կարգավորումներ անի։ Ամբողջ օրենքի քննարկված, լրամշակված տարբերակը ներկայացված եւ շրջանառության մեջ է եղել նախարարությունում, հիմա փոփոխություններով, լրացումներով փաթեթը կա, ինչո՞ւ ընթացք չի ստանում, ինչո՞ւ է ուշացվում»,-ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ գործակալությունը շատ-շատ խնդիրներ ունի սահմանված կարգերի բացակայության պատճառով, եւ չգիտի՝ սա չիմացության արդյունք է, թե գործակալությանը մեղադրանքներ ուղղելու փորձ։

Գործակալության պետը թվարկած խնդիրների մասին դեռեւս նախորդ տարի զեկուցագիր է ներկայացրել նախարարին՝ խնդրելով օրենսդրական կարգավորումներ կատարելու հանձնարարական տալ համապատասխան վարչություններին։ Սրան, սակայն, ընթացք չի տրվել։

Արմեն Աբրոյանը ներկայացրեց նաեւ, որ գործակալությունը պետք է աշխատի 30 հաստիքով, բայց դրանցից 7-ը թափուր են, ընդ որում՝ Արագածոտնի տարածքային աշխատակցի պաշտոնը թափուր է 4 տարի․

«Պատկերացնո՞ւմ եք, գործակալությունը մարզում իրավիճակին չի տիրապետում։ Խնդրել եմ օրենքով սահմանված կարգով որեւէ մեկին ընդունեն, կամ գոնե թոշակի գնացողների պայմանագրերը երկարացնեն։ Բնագավառի քայքայման նման բազմաթիվ օրինակներ կան՝ թույլ չտալով լիարժեք իրականացնել մեր գործառույթները։ Տարիներ շարունակ մեր մարզային աշխատակիցներին աշխատաելու համակարգիչ, տեղ, պայման չի տրամադրվում։ Տարածաքային կառավավարման նախարարության միջոցով պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ գոնե մարզպետարաններում տեղ տրամադրել։ Շրջայցեր են կատարվում՝ առանց որեւէ տրանսպորտային միջոցի՝ սեփական աշխատաավրձի հաշվին՝ գնալով տասնյակ կիլոմետրեր, որտեղ նույնիսկ հասարակական տրանսպորտ չի գնում։ Ավելին՝ մարզի տարածում 30կմ ավելի այցերի դեպքում միայն իմ բազամթիվ ջանքերից հետո են որոշ դեպքերում գործուղումներ ձեւակերպվել, այն էլ պարզվում է՝ գործուղման թերթիկն էլ մարզից պիտի բերվի այստեղ, տարվի մարզ․․․ պայմաններ չկան ծառայությունը պատշաճ իրականացնելու համար։ Չնայած այս ամենին՝ մենք մշտապես փորձել ենք առանց թերությունների կատարել այդ աշխատանքը»։

Վերադառնալով փոխնախարարի բերած՝ Փարիզի Աստվածամոր այրված տաճարի վերականգնման ձեւի շուրջ մասնագետների քննարկումների օրինակին, Արմեն Աբրոյանը նկատեց՝ այդ աշտարակի դեպքում հուշարձանի մեթոդական վերականգնում է, ոչ թե պատմական միջավայրի․ (Փոխնախարարը, նշելով, որ պետք է օրենսդրական այնպիսի փաթեթներ ստեղծվեն, որ քաղաքաշինությունն ու հուշարձանների պահպանությունը ոչ թե թշնամի լինեն, այլ կարողանան համակեցություն ունենալ, մեր զրույցում որպես օրինակ ներկայացրել էր Փարիզի Աստվածամոր տաճարը,- հեղ)

«Սա եւս մեկ օրինակ, որ փոխնախարարը մի բանի վերաբերյալ այլ օրինակ է բերում։ Պատմական միջավայրը այլ է, հուշարաձանի վերկանագնման մեթոդի ընտրությունը՝ այլ»,- ասաց գործակալության պետը։

Շարունակելով պատմական միջավայրի պահպանության բնագավառը ԿԳՄՍՆ-ում վտանգված լինելու մասին իր փաստարկները՝ Արմեն Աբրոյանն ասաց, որ բնագավառի գիտամեթոդական  խորհուրդը նախկինում 20 անդամ ուներ, ինքն էլ խորհրդի նախագահի տեղակալն էր՝ մինչեւ Նարինե Խաչատուրյանի նշանակումը։ Մեր զրուցակիցն ընդգծեց, որ խորհրդի նախագահն ունի երկու ձայնի իրավունք, եւ, համաձայն կառավարության որոշման՝ փոխնախարար Խաչատուրյանը չէր կարող լինել գիտամեթոդական խորհրդի նախագահ, որովհետեւ կարգը հստակ ասում է՝ գիտամեթոդական խորհուրդը բաղկացած է բնագավառի առավել փորձառու մասնագետներից․

«Հերիք չէ՝ ինքը մասնագետ չէ, փորձառու չէ, եւ ավելին՝ առավել փորձառու չէ․ բայց ունի երկու ձայնի իրավունք։ Երկրորդը՝ նախարարի հրամանի փոփոխությամբ՝ ես դուրս եկա տեղակալի պաշտոնից, եւ այսօր խորհրդի նախագահն առանց տեղակալի է վարում նիստերը։ Խորհուրդը դարձրել են յոթ հոգանոց, այսինքն՝ փոխնախարարը, չլինելով բնագավառի մասնագետ, որոշում է կայացնում, որ այս, այս, այս մասնագետները լինեն, եւ երակացություն է տրվում կեսից ավելիի ձայնով։ Ստացվում է՝ 3 հոգով որոշում են կայացնում, որից երկուսի ձայնը կարող է իրենը լինել։ Էլ ո՞նց ասենք՝ ապօրինություն է։ Բացի այս՝ պատմական միջավայրը խախտումով խաթարելու օրինակներ են հենց Տերյան փողոցի բարձրահարկ շենքը, որը հիմա նախարարության թույլըտվությամբ եւ գործակալության անհամաձայնությամբ բարձրանում է, Ռոսիա կ/թ-ի բարձրահարկ հյուրանոցը, եւ այլն»։

Ի դեպ, սույն թվականի մարտի 5-ին Աբրոյանը դարձյալ զեկուցագիր է ներկայացրել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին՝ նշելով, որ ՊՄՀՊ գործակալություն են ներկայացվում պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման, վերականգնման, փոփոխման կամ տեղափոխման համաձայնեցման ենթակա գիտանախագծային եւ նախահաշվային փաստաթղթեր, որոնք մեր կողմից ներկայացվում են նախարարություն՝ գիտամեթոդական խորհրդի եզրակացություն ստանալու համար: Աբրոյանը զեկուցագրում հայտնել է, որ, համաձայն գործող օրենսդրության, գիտամեթոդական խորհուրդը բաղկացած է հուշարձանների հետազոտման, պահպանության, վերականգնման ու օգտագործման բնագավառների առավել փորձառու մասնագետներից, որը սակայն ապահովված չէ: Հաշվի առնելով վերոգրյալը՝ գործակալության պետը խնդրել է նախարարի հանձնարարականը։ Զեկուցագրերում արծարծված խնդիրները, սակայն, ըստ էության ընթացք եւ լուծում չեն ստացել։

«Իսկ ահա ինչ վերաբերում է շահարկումներին, թե աշխատել եմ նաեւ նախկին իշխանության օրոք, փորձ է արվում քաղաքականացնել խնդիրը։ Դա գոնե իմ դեպքում առնվազն կամ չիմացության արդյունք, կամ եթե իմանալով են ասում՝ դատարկաբանություն է։ Նույնիսկ հեղափոխությունից անիմջապես հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը մշակութային գործիչների հետ հավաքի ժամանակ հստակ ասաց՝ ես գիտեմ՝ մշակույթի նախարարությունում գործում է գործակալություն, որտեղ պարկեշտ մարդիկ են։ Դա արդեն բավարար չէ՞։ Փոխնախարարը հնարավորություն ունի տեսնել՝ ինչպես ենք աշխատել, պատմական միջավակրի պահպանության այնպիսի ճանապարհով ենք անցել, որտեղ փոխնախարարը չի եղել, ու չի էլ կարող պատկերացնել՝ դա ինչ է»,- ասաց Արմեն Աբրոյանը՝ վստահեցնելով, որ ինքը երբեք քաղաքական որեւէ կարծիքի կամ գործընթացի զոհ չի եղել, գործակալությունն էլ քաղաքականացված չի եղել ու պատվով է կատարել աշխատանքը․

«Ես բացի իմ ծնողներինը լինելուց՝ որեւէ մեկինը չեմ եղել եւ դա հստակ է, չի կարելի նման կերպ իմ հասցեին որեւէ մեկնաբանություն անել, ես դա թույլ չեմ տվել»։

Փոխնախարարը մեր զրույցում ասել էր նաեւ, թե Աբրոյանը երկու շաբաթից ավելի է՝ իր զանգերին չի պատասխանում։ Իսկ Աբրոյանն էլ ասաց, որ չի պատասանում ընդամենը մի քանի օր, այն էլ այն պատճառով, որ այսքան ժամանակ քննարկումներն անարդյունավետ են եղել ու որ փոխնախարարին այլեւս կոմպետենտ չի համարում թվարկված խնդիրների լուծման հարցում։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել