«Ֆիրդուսի» շուրջ ստեղծված աղմուկը չի դադարում՝ մեղադրանքներ, ուշացած քննարկում եւ բողոքներ. կառուցապատողը մանրամասնում է |armtimes.com|
10:09 - 13 հունիսի, 2020

«Ֆիրդուսի» շուրջ ստեղծված աղմուկը չի դադարում՝ մեղադրանքներ, ուշացած քննարկում եւ բողոքներ. կառուցապատողը մանրամասնում է |armtimes.com|

armtimes.com: Արդեն մի քանի օր է՝ Երեւանի ամենահայտնի եւ հին թաղամասերից մեկի՝ Ֆիրդուսի շուրջ ստեղծված աղմուկն ու բողոքները չեն դադարում: Բանն այն է, որ թաղամասի հին շինությունները, որոնք քաղաքի կոլորիտը արտացոլող հատուկենտ կառույցներից են, աստիճանաբար քանդվում են:

Քաղաքացիների մի ակտիվ խումբ արդեն քանի օր է՝ ահազանգում է՝ քաղաքաշինական եւ կառուցապատման նոր ծրագրերի հետեւանքով մի ամբողջ թաղամաս հայտնվել է անհետացման եզրին։

Երկու օր առաջ քաղաքացիական ակտիվիստները կասեցրին Ֆիրդուսի թաղամասում` Հանրապետության նրբանցքում, գտնվող եւ 19-րդ դարի վերջին կառուցված շենքի քանդման աշխատանքները։ Շինությունն այժմ կիսաքանդ վիճակում է, սակայն ակտիվիստները կարեւորում են՝ կանգուն է աղյուսե ֆասադը: Դրանից մեկ օր առաջ էլ փլատակների էր վերածվել մի քանի մետր այն կողմ գտնվող պատմական եւս մի շենք: Ականատեսների վստահեցմամբ՝  շենքը գիշերով է հողին հավասարեցվել, ինչն էլ շատերի զայրույթի պատճառ է դարձել:

Դեռեւս 2018 թվականի մարտի 22-ին ՀՀ կառավարության N 332-Ն որոշմամբ «Երեւան քաղաքի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի-խմբ.) նկատմամբ ճանաչվել է բացառիկ` գերակա հանրային շահ»: Ըստ այդ որոշման՝ նշված տարածքներում քաղաքաշինական ծրագրի իրականացմամբ Երեւանի կենտրոնից վերանալու է ներկայումս առկա խառը, անկանոն կառուցապատումը` տարերայնորեն տեղակայված հին եւ խարխուլ շինություններով: Համաձայն Երեւան քաղաքի գլխավոր հատակագծի եւ Կենտրոն վարչական շրջանի համաձայնեցված գոտեւորման նախագծի` տարածքները հանդիսանալու են որպես ճարտարապետական մեկ համալիր` պահպանելով ներդաշնակ կառուցապատում, ժամանակակից պահանջներին համապատասխան մայթերով եւ փողոցներով: Որոշման մեջ նաեւ նշված է, որ նախատեսվում է առկա բնակարանային ֆոնդին մի քանի անգամ գերազանցող նոր բնակարանային ֆոնդի կառուցում։

Երեւանի ժառանգության պաշտպանության կոմիտեն օրերս հայտարարություն էր տարածել՝ անդրադառնալով՝ Երեւանի պատմական ժառանգություն հանդիսացող Ֆիրդուսի թաղամասի կառուցապատմանը։ Կոմիտեից հայտնում էին, որ ներկայիս կառավարությունը շարունակում է նախորդ կառավարության գիծը եւ կասեցնելու փոխարեն արտոնել է շարունակել աշխատանքները։ «Դրա վառ ապացույցը վերը նշված ամբողջովին կանգուն, սեւ տուֆե սրբատաշ քարից կառուցված Հանրապետության նրբանցք 9-րդ տան հիմնահատակ քանդումն է եղել՝ 19-րդ դարի վերջ եւ 20-րդի սկիզբ թվագրվող շենքի ճակատի փլուզումը»,- նշվում է կոմիտեի հաղորդագրության մեջ։

Հայտարարությունում նաեւ ասվում է, որ ըստ հավաստի տեղեկությունների, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին է հանձնարարվել նախագծի իրականացումը. «Ինչպես հայտնի է, Նարեկ Սարգսյանը 2000-ական թվականներից սկսած նախագծել եւ համակարգել է վիճահարույց բազմաթիվ նախագծեր, ինչպիսիք են մարդկանց ապօրինի ունեզրկման արդյունքում կառուցված Հյուսիսային պողոտան, Հաղթանակի զբոսայգու կանաչ տարածքի հաշվին կառուցված դղյակները, նախախորհրդային Երեւանի ոչնչացմամբ Գլխավոր պողոտայի կառուցապատումը ու բազում այլ նախագծեր»։

Այս օրերին քննադատության թիրախում է հայտնվել նաեւ ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Թուխիկյանը այն պատճառով, որ չի միջամտել՝ կասեցնելու քանդման աշխատանքները: Փոխնախարարը «Հայկակական ժամանակի» հետ զրույցում հիշեցրեց, որ Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման գործընթացը սկսվել է դեռեւս 2014 թվականին։ «Քանդման թույլտվությունը տալիս է քաղաքապետարանը: Բայց ընդհանրապես նման դեպքերում թույլտվություն տալուց առաջ պետք է դիմել նախարարությանը: Ես չգիտեմ՝ տարիներ առաջ  քաղաքապետարանը դիմել է նախարարությանը, թե ոչ, բայց դա տրվել է եւ փաստ է»,-ասաց նա:

Թուխիկյանը շեշտեց, որ նախարարությունն ունի փորձագիտական խորհուրդ, որը դիտարկում է հարցերը, այսինքն արդյո՞ք շենքն աժեւորվում է այնքան, որ հուշարձանի կարգավիճակ ստանա, թե՝ ոչ: «Ինչ վերաբերում է Հանրապետության փողոցի նրբանցքում գտնվող համար 11 եւ 6 շենքերին, դրանք չեն արժեւորվել ու չեն ներառվել: Դա տեղի է ունեցել 2019 թվականի մայիսի 2-ի նիստում, ես այն ժամանակ դեռ նշանակված չեմ եղել: Հանձնաժողովը գլխավորել է պարոն Արմեն Աբրոյանը»,-ասաց նա:

Թուխիկյանը նկատեց՝ այն, ինչ նախարարության իրավասությունների մեջ է, իրենք կատարում են: Անդադառնալով վերը նշված աղյուսե շենքին, որը հանրությունը ջանում է ամեն գնով փրկել, ասաց, որ կառուցապատողի հետ պայմանվորվել են չափագրել, նկարել եւ նմանատիպ շենք վերականգնել նույն թաղամասի մեկ այլ հատվածում: Շենքի ճակատը կրկնօրինակվելու է մեկ այլ վայրում: Մեր հարցին, թե շենքը քանդել ու մեկ այլ հատվածում նմանը կառուցելու իմաստը ո՞րն է, Թուխիկյանն ասաց, այդ հատվածում ըստ արված նախագծի ճանապարհ պիտի լինի, իսկ շինությունն ընկնում է հենց մեջտեղում:

Այն հարցին, թե ինչու ԿԳՄՍ-ն չի միջամտել, որպեսզի պատմական ժառանգություն հանդիսացող շենքը գոնե չքանդվի, Թուխիկյանն ասաց, ինչպես միջամտենք, եթե նախագիծ չի եկել նախարարություն: «Երբ որ այդ նախագիծը կգա նախարարություն, մենք կքննարկենք»,-ասաց նա:

Թերեւս ավելորդ չէ նշել, որ որեւէ  նախագիծ այլեւս նախարարություն չի գնա, քանի որ քանդման աշխատանքներին արդեն ընթացք է տրված, կա հստակ նախագիծ, ներդրողներ ու պայմանագրեր: Նարինե Թուխիկյանը, սակայն  նկատեց, որ գոնե պիտի հանրությանն իրազեկեին եւ հիմա էլ պետք է քննարկումներ լինեն նման փոփոխություններ իրականացնելիս.«Իրենց պատճառաբանությունը սա է, որ այդ շենքերեը ցուցակում չեն եղել ու իրազեկման խնդիր չի եղել»:

Դիտարկմանը, թե մշակութային գործիչները բարձարձայնում են, որ դա նախկինների տարիներով եկած գործելաոճն է, երբ մի տարածք, կա՛մ շինություն իրենց պետք էր բիզնես նպատակներին ծառայեցնելու համար, նախ, հանում էին ցուցակից ապա քանդում, ինչն էլ «լավ» արդարցման պատճառ էր, ԿԳՄՍ փոխնախարարը համաձայնեց, որ նման նախադեպեր իսկապես շատ կան, բայց վերը նշված եւ արդեն քանդված երկու շենքերը երբեւէ ցուցակում չեն եղել, ընդհակառակը, երբ 2019 թվականին քննարկել են, թե ադյո՞ք պետք է նորահայտերի ցանկ մտցնել, մասագետները դրանք չեն արժեւորել: «Ես կառուցապատողի հետ խոսել եմ, եթե շենքը հուշարձան համարվեր, այն ոչ միայն քանդելու իրավունք չէին ունենա, այլեւ տեղափոխելու»,-ասաց նա:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել