Արցախի նախագահը հանձնարարել է առավել մատչելի դարձնել տոհմային անասունների տրամադրումը
15:24 - 13 հունիսի, 2020

Արցախի նախագահը հանձնարարել է առավել մատչելի դարձնել տոհմային անասունների տրամադրումը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանի և ոլորտի այլ պատասխանատուների ուղեկցությամբ այցելել է Ասկերանի շրջանի Նորագյուղ և Խանապատ համայնքներում գործող տոհմային կայաններ: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանրապետության նախագահը ծանոթացել է մասնավոր ու պետական հիմունքներով գործող անասնապահական տնտեսությունների պայմաններին, ծրագրերին և առկա խնդիրներին: Երկրի ղեկավարին ներկայացվել է, որ, չնայած նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված տեղաշարժի սահմանափակումներին, վերջերս երկու տնտեսությունների հաջողվել է «Ջերսեյ» և «Ֆլեկվի» ցեղատեսակների տոհմային անասունների խոշոր գլխաքանակ ներկրել եվրոպական երկրներից:

Արայիկ Հարությունյանը կարևորել է կատարվող աշխատանքը՝ ընդգծելով, որ պետական քաղաքականության շրջանակում անասնապահությամբ զբաղվող փոքր ու միջին տնտեսությունների համար տոհմային անասունների ձեռքբերումը պետք է ավելի մատչելի դարձնել: Նա տեղում հանձնարարել է գյուղատնտեսության նախարարին՝ այս բնագավառում գործող կարգի և պայմանների վերաբերյալ կատարել համապատասխան ուսումնասիրություն՝ նոր առաջարկներ ներկայացնելու նպատակով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել