Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետը Ֆիրդուսում անօրինական կառուցապատման հարցով ոստիկանություն է դիմել
16:36 - 15 հունիսի, 2020

Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետը Ֆիրդուսում անօրինական կառուցապատման հարցով ոստիկանություն է դիմել

ԿԳՄՍ նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը Ֆիրդուսի՝ 19-րդ դարին թվագրվող աղյուսե շինության քանդման անօրինականության հարցով դիմել է ՀՀ ոստիկանություն։ Այս մասին նա հայտարարեց Երեւան քաղաքի պատմամշակութային ժառանգության պահպանությանը նվիրված ասուլիսի ժամանակ։

Հիշեցնենք, Երեւանի պատմական ժառանգություն հանդիսացող հնագույն թաղամասերից մեկում՝ 33-րդ կամ Ֆիրդուսի թաղամասում օրեր առաջ սկսվել են աղյուսե շինության քանդման աշխատանքները։ Այս գործընթացը հանրային դժգոհության առիթ է դարձել։ ՊՄՀՊ գործակալության պետն էլ պնդում է՝ գործընթացն անօրինական է, քանի որ շինությունը նախարարությունում գնահատվել է որպես պատմամշակութային արժեք ներկայացնող։

Աբրոյանն օրեր առաջ մեր զրույցում հայտարարել էր, որ ԿԳՄՍ փոխնախարար, բնագավառի պատասխանատու Նարինե Խաչատուրյանն ուղղակի պարտավոր է այս հարցով անհապաղ դիմել ոստիկանություն։ Բայց քանի որ նախարարը կարծես չի գնացել այդ քայլին, Աբրոյանն ուրբաթ օրը ինքն է դիմում ներկայացրել իրավապահներին, որտեղ, մասնավորապես, ասված է․

«Իրականացված աշխատանքները կատարվել են՝ խախտելով բնագավառի օրենսդրության մի շարք հոդվածների պահանջներ՝ խաթարելով կենտրոնի հուշարձանների պատմական միջավայրը»։

Պաշտոնյան հույս հայտնեց, որ դիմումը պատշաճ ընթացք կստանա։

Նա շեշտեց, որ տարածքում տեղի ունեցող ցանկացած աշխատանք պետք է տեղի ունենար գործակալության համաձայնությամբ, ինչն ուղղակի չի եղել

«Եթե որեւէ պաշտոնյա չի պահպանում քաղաքաշինության վերաբերյալ կետերը, ապա կամ օրենսդրություն չգիտի, կամ այլ շահ ունի: Օրենքը հուշարձան քանդելն արգելում է, եւ եթե մենք թույլ տայինք, որ հուշարձանները ցուցակից հանեինք, ապա կստացվեր, որ օրենքի առաջ մենք պատասխան պիտի տայինք, որովհետեւ ապօրինությունը օրինականացրել ենք»,- ասուլիսի ժամանակ ասաց Արմեն Աբրոյանը։

Ասուլիսն ամբողջությամբ՝ ստորեւ․

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել