Չի ստացվելու իմ վրա գործ կարելու Ձեր  ջանքերը․ Պարոն դատախազ, Դուք տապալվել եք․ Նաիրա Զոհրաբյան
14:15 - 16 հունիսի, 2020

Չի ստացվելու իմ վրա գործ կարելու Ձեր ջանքերը․ Պարոն դատախազ, Դուք տապալվել եք․ Նաիրա Զոհրաբյան

Պարոն դատախազ, Դուք տապալվեցիք,  եթե ձեզ չզանգեր ինչ-որ փոխվարչապետ, Դուք հետ չվերցնեիք ԱԺ-ից Նիկոլ Փաշինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու  միջնորդությունը, Դուք այդտեղ ևս կտապալվեիք: Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստի ընթացքում իր ելույթում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Վերջինս իր ելույթում մասնավորապես ասաց․

«Դուք տապալվեցիք, որովհետև թե նախորդ անգամ Դուք կատարել եք քաղաքական պատվեր նախորդ իշխանությունների, թե այս անգամ Դուք կատարում եք քաղաքական պատվեր այն մարդու համար, որի համար 2018-ի ապրիլին միջնորդություն էիք ներկայացրել մասսայական անկարգություններ, հավաքներ, երթեր անցկացնելու հիմքով պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար: Դուք այսօր հաստատեցիք, որ Դուք քաղաքական պատվեր կատարող եք: Հաստատեցիք, որ Դուք պատրաստ եք կատարել բոլոր հնարավոր գալիք  իշխանություններ քաղաքական պատվերը:

Դուք տապալվեցիք, որովհետև փաստացի ընդունեցիք, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը կամ ի սկզբանե եղել է ոչ իրավաչափ, կամ էլ ոչ իրավաչափ է հետ կանչվել: Պարոն դատախազ, Դուք տապալվեցիք, որովհետև ընդունեցիք, որ փետրվարից ունենալով գործով ապացույցներ, սպասել եք 5 ամիս ԱԺ մտնելու համար՝ ենթադրաբար այդ ընթացքում տարբեր կողմերի հետ քաղաքական առևտուր անելու ակնկալիքով:

Պարոն դատախազ, Դուք տապալվեցիք, որովհետև գործի հիմքերը ներկայացնելով չկարողացաք կոնկրետ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ որևէ փաստական ապացույց ներկայացնել, իսկ իր ներկայացրած շղթան փաստացի փակվում էր ավելի ցածր օղակների վրա: ուք տապալվեցիք, որովհետև ընդունեցիք, որ 17 հազար մարդ, այն էլ անուններով հայտնի մասնակցել է ընտրակաշառքի գործընթացին, բայց նրանցից որևէ մեկը փաստացի պատիժ չի կրում։ Ես չգիտեմ թե այս ամենը ուր է տանելու, բաց որպես պետական պաշտոնյա, որպես գլխավոր դատախազ Դուք այս դահլիճում վերջացաք։

Ձեր բերած ապացույցները չունեին արժանահավատություն։ Ո՞վ կարող է երաշխավորել, որ լրիվ ուրիշ գործով իբր հայտնաբերված թղթերը Դուք չեք պատրաստել կամ խմբագրել: Ո՞վ կարող է երաշխավորել, որ ձեր մատնանշած անձինք՝ ոմն Կիրակոսյան ու ոմն Մուրադյան, որևէ կերպ չեն ակնարկել Ծառուկյանի անունը գործարքի մեջ, կամ ճնշման տակ չեն տվել ձեր նշած ցուցմունքները:  Ես այս անձանց անունները լսում եմ առաջին անգամ։ Ովքե՞ր են նրանք, ինչ հեղինակություն ունեն, ինչ նախկին քրգործերով են անցնում, արդյոք հարցաքննվել են փաստաբանի մասնակցությամբ: Ինչո՞ւ պետք է հավատանք նրանց: Տվեք  մեզ այս հարցերի պատասխանները  և մի թաքնվեք խրթին իրավական ձևակերպումներ միջոցով։

Պարոն դատախազ չի ստացվելու նաև իմ վրա քրեական գործ կարելու ջանքերը:  Դուք վատ դատախազ եք, վատ իրավաբան եք, որովհետև բարոյականություն չունեցող մարդ եք: Քիչ առաջ ավարտվեց խուզարկությունը ԲՀԿ-ի կենտրոնական գրասենյակի իմ աշխատակազմում: Ինչ-որ լոլո էիք գրել, իհարկե Ձեզ հետ համաձայնեցնելով:

Գրել են՝ «Նաիրա Զոհրաբյանի աշխատասենյակում կարող էին պահվել ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու հանգամանքը հավաստող այլ փաստեր, ընտրացուցակներ, ընտրողներ»:  Գիտեք ինձ շատ բաներում կարող եք մեղադրել, ասենք էմոցիոնալ լինելու մեջ, բայց Նաիրա Զոհրաբյանը հենց էստեղից իր ձեռքը կկտրի, եթե ինչ-որ մեկը կապացուցի, որ Նաիրա Զոհրաբյանը կարող է ինչ-որ մեկին կաշառք տալ: 

Ես հայտարարություն եմ տալու հանցագործության մասին, որ այս նյութում ասում եք, որ հեռախոսազրույցներից մեկում Նաիրա Զոհարբյանն ասել է՝ «դե փաստորեն էս ժողովուրդն առանց ընտրակաշառքի ԲՀԿ-ին ձայն չի տալիս»: Սա ապացուցում է, որ առնվազն 2 տարի Դուք լսել եք իմ հեռախոսները, ինչում ես մի րոպե չեմ կասկածում: Այս ամենը ինչ կատարվում է այստեղ, ուղարկելու եմ եվրոպական բոլոր կառույցներին, իրենք արդեն երեկվանից անհանգստացած են: Դուք ուզում եք իմ վրա գործ սարքել:Գիտեմ, որ Դուք իրավական ֆուտուրիզմի, իրավական սյուրռեալիզմով անցել եք նախկիններին: Նրանք գոնե գործ կարելի գոնե փորձում էին իրավական ինչ-որ տրամաբանություն դնել:

Ես որպես ԲՀԿ-ական պատգամավոր և քաղաքացի հայտարարում եմ՝ որևէ բանի առաջ չեմ ընկրկելու: Ինձ հնարավոր չէ սպառնալ, վերջին շնչի վրա էլ ասելու եմ այն, ինչ մտածում եմ, արեք, ինչ ուզում եք»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել